Արցախի ընտրությունների դասերը - Mediamax.am

Արցախի ընտրությունների դասերը
9578 դիտում

Արցախի ընտրությունների դասերը


Ընտրությունները ժողովրդավարության կայացման ամենագլխավոր գործիքներից են: Դրանք ոչ միայն իշխանության հնարավոր խաղաղ փոփոխության միջոց են, այլեւ հանրային կոնսենսուսի ձեւավորման գործիք: Քաղաքական այլ գործընթացներ, ինչպիսիք են ցույցերը կամ ստորագրահավաքները, մեծ հաշվով չեն կարող կոնսենսուսի ձեւավորման գործիք լինել:

Արցախում հուլիսի 19-ին կայացած նախագահական ընտրությունները տեսականորեն հենց այդ նպատակն էլ հետապնդում էին` ձեւավորել կոնսենսուսային իշխանություն:

Իրականում այդ տարբերակը չգործեց: Ընդդիմադիր թեկնածուն` Վիտալի Բալասանյանը, ստացավ 22 967 ձայն: Այսինքն` ընտրողների մոտ 32,5 տոկոսը ընդդիմադիր թեկնածուին է պաշտպանել, սակայն նրանց ձայնը տեղ հասցնելու գործող օղակ կամ ինստիտուտ չկա: Ճիշտ է, Վիտալի Բալասանյանը Ազգային ժողովի պատգամավոր է, սակայն նա միայնակ է եւ 33 պատգամավորի հետ չի կարող մրցակցել: Կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ երկու դաշնակցական պատգամավոր աջակցել են Վիտալի Բալասանյանին եւ հնարավոր է հետագայում եւս նույն ձեւով վարվեն, սակայն դեռ այդ հարցում հստակություն չկա:

2010թ. Ազգային ժողովի ընտրությունները Արցախում վերջ դրեցին ընդդիմություն երեւույթին, ինչից հետո իշխանությունը փորձում էր պատրանք ստեղծել, թե սա հասարակության ցանկությունն է: Իրականում որեւէ հասարակությունում չի կարող անհետանալ կոնֆլիկտը եւ որեւէ ուժ ու նրա առաջարկած քաղաքականությունը չի կարող ընդունելի լինել բոլորի համար: Անգամ եթե նման ուժ ի հայտ է եկել, անհրաժեշտ է ընդդիմադիր ուժ, որը քննադատության ու անհամաձայնության միջոցով բարելավելու է այդ քաղաքականությունը:

Ընդդիմադիր ուժի գործունեություն էլ մրցակցություն է ստեղծում, որն էլ իր հերթին բարձրացնում է իշխանության գործունեության արդյունավետությունը: Սակայն դրա բացակայությունը բերում է միջոցների անարդյունավետ ծախսման, ինչին ականատես եղանք Արցախում վերջին շրջանում:

Վիտալի Բալասանյանը ընտրություններից առաջ հայտարարել էր, որ չընտրվելու դեպքում ընդդիմություն կդառնա: Հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ նա իր շուրջ թիմ էր ստեղծել, ապա ընտրազանգվածի մոտ 1/3-ի աջակցության պայմաններում ընդդիմության ձեւավորումը անհրաժեշտություն է:

Ընդդիմության ի հայտ գալը պետք է խաղի կանոնների փոփոխություն բերի: Նոր խաղի կանոնները պետք է սահմանեն, թե ինչպես են արտահայտվելու անհամաձայնությունները եւ ինչպես են լուծվելու ծագած անհամաձայնությունները:

Իհարկե, իշխանությունների համար սկզբնական շրջանում դժվար է լինելու հաշվի նստել ընդդիմության հետ, սակայն մեծ հաշվով ամեն ինչ կախված է լինելու հենց ընդդիմությունից: Նրանց գործողություններից է կախված լինելու, թե արդյոք իշխանությունը հաշվի է նստում նրանց հետ, թե` ոչ: Եթե նախընտրական պայքարի գործելաոճը շարունակեն, ապա բնակչության 1/3-ի աջակցության ներքո հնարավոր է մեծ հաջողությունների հասնել:

Նախագահական ընտրությունները Արցախում ցույց տվեցին, որ մարդկանց մի փոքր խումբ կարող է մրցակցել մի ամբողջ համակարգի հետ եւ զգալի արդյունքներ գրանցել: Ինչպես 1980-ականներին, այնպես էլ մեր օրերում Արցախին պատմական հնարավորություն է ընձեռված որակական նոր հիմքի վրա դնել հայ ժողովրդի կառավարման մոդելի փնտրտուքների գործընթացը: Արցախը կարող է այդ դժվարին բեռը իր վրա վերցնելով` դրական ազդակներ հաղորդել եւ եւս մի անգամ համախմբող ուժի կենտրոն հանդիսանալ:

Արմեն Գրիգորյանը «Ժողովրդավարություն հանուն զարգացման» ՀԿ-ի նախագահն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին