Գրիգոր Ավագյան. Իրական անկախության ճանապարհն անցնում է դժոխքի միջով - Mediamax.am

Գրիգոր Ավագյան. Իրական անկախության ճանապարհն անցնում է դժոխքի միջով
911 դիտում

Գրիգոր Ավագյան. Իրական անկախության ճանապարհն անցնում է դժոխքի միջով


Օրենքով սահմանված 5 տոկոսի սահմանագիծը հաղթահարել էր 5 կուսակցություն՝ «Հանրապետություն» միավորում` 50 տոկոս (20 պատգամավոր), «Շամիրամ»` 20 տոկոս (8 պատգամավոր), ՀԿԿ` 15 տոկոս (6 պատգամավոր), ԱԺՄ` 7,5 տոկոս (3 պատգամավոր), ԱԻՄ` 7,5 տոկոս (3 պատգամավոր): Ընտրություններից հետո ստեղծվեց «Բարեփոխումներ» պատգամավորական խումբը (31 պատգամավոր): 21 պատգամավոր ընդգրկված չէր որևէ խմբակցության կամ պատգամավորական խմբի կազմում: Թերևս այս գումարման խորհրդարանը ամենաերջանիկն էր՝ աշխատանքները սկսեց 1995-ի հուլիսի 27-ին, ավարտեց 1999-ի հունիսի 9-ին, բայց արդեն կրում էր բոլոր դժբախտությունների դրոշմը: Բուռն ու փոթորկոտ քննարկումները շարունակվեցին, պաշտոնանկությունները ու իշխանափոխությունները սկսվեցին հենց այս գումարման ընթացքում: Եվ հենց այս գումարումն էլ շարունակեց հայոց խորհրդարանների չգրված օրենքը՝ ոչ մի նախագահ գումարման սկզբից մինչև վերջ չի պաշտոնավարում՝ տարբեր պատճառներով:

Առաջին գումարման ԱԺ-ն ընդունեց 302 օրենք՝ 144-ը` մայր, 158-ը` փոփոխություններ ու լրացումներ գործող օրենքներում: Վավերացրեց 154 միջազգային պայմանագիր: Ընդունեց 658 որոշում, 331-ը` նորմատիվային,  327-ը` արձանագրային: Այս չոր հաշվապահությունը, սակայն, ոչինչ չի ասում ժամանակի, իրադարձությունների ու պատգամավորների մասին, որ ընդունում էին այդ օրենքները, վավերացնում պայմանագրերը…

Այդ տարիներին ես լուսաբանում էի խորհրդարանի աշխատանքը և շատ հաճախ էի լինում Բաղրամյան 19-ում: Առաջին գումարման ԱԺ պատգամավոր էր Գրիգոր Ավագյանը՝ անկուսակցական, որ ընտրվել էր մեծամասնական ընտրակարգով, ԳԱԱ թղթակից անդամ, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: Նրա ելույթները միշտ հետաքրքիր էին, մի քիչ վերացական, բայց՝ փաստարկված: Նրա հետ հանդիպեցի 1996-ի սեպտեմբերին, հարցազրույցը տպագրվեց «Հայաստանի Հանրապետութիւն»-ում (17.09.1996)՝ «Մենք սկսել ենք մեր բուրգերի ու մեր պարսպի շինարարությունը» վերնագրով:

***

«Ուրիշներին գնահատելուց առաջ ճշտենք, թե ինչ ենք արել ինքներս»՝ ասաց նա, և մեր ամբողջ խոսակցության մեջ այդ մեկ նախադասությունը ինձ թվաց նշանաբան երկար ու գեղեցիկ կյանքի, որ ապրել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ ԱԺ պատգամավոր Գրիգոր Ավագյանը՝ գիտնական, որ վաղուց կորցրել է գիտական հոդվածների թիվը, ում դասագրքերով աշխարհագրություն ենք ուսանել բոլորս, քաղաքացի, ում կենսադիրքորոշումը այս երկրի անցուդարձի, լավ ու վատի նկատմամբ կարող է դառնալ մտավորականի բարձր կերպարի ցուցիչ:

-Ո՞վ է 20-րդ դարավերջի մտավորականը:

-Բազմազբաղ, մտահոգ մարդիկ են մտավորականները: Հավանաբար աշխարհի բոլոր մտավորականներն էլ 20-րդ դարավերջին շատ մտահոգ են, որովհետև դարը բուռն իրադարձություններով սկսվեց և նույնքան բուռն վերջանում է: Դա ամենից շատ մտահոգում է մտավորականներին:

-Ձեր կարծիքով՝ ի՞նչ հարաբերության մեջ պետք է լինեն մտավորականը և պետությունը, մտավորականը և հասարակությունը:

-Մտավորականները, բնականաբար, պիտի մտահոգվեն իրենց ազգի, ժողովրդի խնդիրներով և ջանան իրենց մասնագիտությամբ անել գերագույն հնարավորը: Դա նրանց պարտականությունն է: Անշուշտ, պիտի նաև մտածեն, ձգտեն ամրացնել պետականությունը, որովհետև առաջին անգամ հայ ժողովուրդը ռեալ քաղաքական անկախություն է ձեռք բերել: Իսկ իրական անկախության ճանապարհն անցնում է դժոխքի միջով: Պատկերացրեք՝ տասնամյակներ շարունակ միասնաբար ապրած ժողովուրդները հանկարծ իրարից բաժանվում են և ուզում են ինքնուրույն ապրել՝ և քաղաքականապես, և տնտեսապես: Խորհրդային պետության փլուզումից հետո խզվեցին տնտեսական կապերը, և նույնիսկ ՌԴ-ի նման հզոր երկիրը ցամաք նետված ձկան վիճակում հայտնվեց բավականին տևական ժամանակ: Առավելևս Հայաստանի նման փոքր երկրների համար անկախությունն անցնում է դժոխքի պարունակներով, բայց և մեր ընտրածն է, մենք պիտի դիմանանք, մաքառելով դուրս գանք ու դուրս ենք գալիս: Հայերս դարեր շարունակ պայքարել ենք անկախության համար և հիմա պիտի ամրապնդենք պետականությունը: Գլխավոր դերակատարը պիտի լինի մտավորականը:

-Վերջին 5 տարիների քաղաքական ու տնտեսական փոփոխությունների հետևանքով որոշակի խզում է առաջացել մտավորականի և հասարակության, մտավորականի և պետության միջև, ի՞նչ եք կարծում՝ ո՞րն է պատճառը և ինչպե՞ս պետք է հաղթահարել:

-Այդ խզումը կա, անշուշտ, բայց և ոչ բոլոր մտավորականներին է վերաբերում, մի մասը իր ակտիվ գործունեությունը շարունակում է՝ ակտիվ փոխհարաբերվելով թե հասարակությանը, թե պետությանը, մի մասը պասիվ դիրք է նախընտրել: Խզումի պատճառը երկկողմանի սպասողական դիրքորոշումն էր, գուցե պետությանը կարելի է մեղադրել մտավորականներին սակավ ուշադրություն դարձնելու, ակտիվ գործունեության մեջ չներգրավելու համար, բայց և մեղավոր են մտավորականները, որ դժվարությամբ են հրաժարվում նախկին պատկերացումներից: Նախկին գաղափարներից: Ըստ իս՝ մտավորականն իրավունք չունի սպասելու, նա պետք է ակտիվ լինի, ինքնաբուխ ակտիվ, ոչ թե վերևից ստացված ցուցումով: Մտավորականը ազգային մտածողություն պիտի ունենա և իր գործունեության հիմքում ունենա ազգի շահը, այդ դեպքում անհնար է պասիվությունը:

-Ի՞նչ բերեցին շուկայական հարաբերությունները մեր կյանքում:

-Ամենից առաջ շփոթ առաջացրին: Եվ դա շատ բնական էր: 70 տարիներ մենք նման հարաբերությունների մասին չէինք էլ մտածել, մեզ համար դա անհասկանալի-անբացատրելի աշխարհ էր: Եվ այդ անհայտ-անսովոր աշխարհը միանգամից ներխուժում էր մեր կյանքը, մեր, որ տասնամյակներով սովորել էինք, որ մեզ կառավարեն, ցուցումներ տան՝ ահա և շփոթվածության պատճառը, որ պիտի դառնար նաև խզումի պատճառ: Բայց քաղաքակրթության ճանապարհը դա է, անկասկած: Աշխարհի բոլոր երկրներն անցել են այդ ճանապարհով: Անցման շրջանը հենց նրանով է անցման շրջան, որ որոշակի խառնաշփոթ է լինում, կառավարման օղակներում երբեմն անհետևողական են ընդունված օրենքները կատարելիս, երբեմն այդ օրենքներն են անկատար: Այս ամենը ժամանակավոր է, հենց սա եմ ես անվանում անկախության ճանապարհի դժոխք: Այնուամենայնիվ, այլ երկրների զարգացման ընթացքը հայտնի է, համարյա բոլորն են այդ ճանապարհը անցել: Մենք փորձում ենք հնարավորինս խուսափել նրանց սխալներից: Իհարկե, առաջին փուլում կան և կլինեն արագ հարստացողներ, բայց և նրանց հարստությունը հարստություն է մեր համեմատությամբ միայն, աշխարհի հարուստների հետ համեմատած չնչին է: Սոցիալիստական ապրելակերպը բոլորիս հավասարության էր սովորեցրել, իսկ շուկայական հարաբերությունները նախևառաջ վերացնում են այդ հավասարությունը և կտրուկ տարաբաժանում է սկսվում՝ հարուստներ և աղքատներ, բայց և բաժանարարը աշխատանքն է, իսկ դա նշանակում է, որ յուրաքանչյուրը հարստանալու հնարավորություն ունի: Բոլոր թերություններով, սխալներով հանդերձ՝ շուկայական հարաբերությունները զարգացած երկրներին՝ քաղաքակիրթ աշխարհին անդամագրվելու միակ հնարավորությունն են: Անշուշտ, սխալներ կան և այդ սխալները նվազագույնի հասցնելը մեր նպատակը պիտի լինի: Լավն էլ կա, վատն էլ կա, առաջին հաջողությունները պիտի ուղենիշ լինեն: Հայ ժողովուրդը գոյատևելու մեծ կենսունակություն ունի, բնազդ, որ պայմանավորում է մեր առաջընթացը: Եթե այս լեռնային երկրում, աշխարհից մեկուսացած, փակված ճանապարհներով, ոչ բոլոր հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններով կարողանում ենք գոյատևել, դա վկայում է մեր ապրելու կենսունակությունը, ապրելու տաղանդը պարզապես: Ես հավատացած եմ՝ կգա ժամանակ, երբ քաղաքակիրթ կդառնա այս աշխարհատարածքը, և մեր հաջողությունները շատ ավելին կլինեն աշխարհի չափանիշներով:

-ՀՀ-ն բոլորում է 5 տարին, ինչպե՞ս կգնահատեք անցած տարիները՝ տնտեսական, քաղաքական, հոգեբանական առումներով:

-Միայն ու միայն դրական, չնայած թերություններին ու սխալներին: Բոլոր դեպքերում մեր ճանապարհը ճիշտ է: Ուրիշների աշխատանքը գնահատելուց առաջ մարդ պիտի մտածի, թե ինքն ի՞նչ է արել: Իսկ ես պիտի ասեմ, որ բավական գործ կարողացել եմ անել՝ գիտական-գործնական աշխատանքները չհաշված, կարևոր եմ համարում ուսանողական համազգային բարեգործական ՙՊարմանի՚ հիմնադրամի ստեղծումը հիմնականում իմ անձնական միջոցների հաշվին: Հիմնադրամի նպատակը սոցիալապես անապահով ուսանողների նյութական աջակցությունն է: Ես կարծում եմ, որ ինձ նման ուրիշներն էլ կան և կարող են նման քայլեր անել, նստել-մտածելու ժամանակներն անցել են, որոշակի գործերի ժամանակներ են՝ կարգադրությամբ արված աշխատանքները երբեք բարձր որակ չեն ունենում և արդյունավետ չեն լինում: Ձեր կարծիքով՝ ինչու՞ և ինչպե՞ս են կառուցվել եգիպտական բուրգերը: Ես չեմ ընդունում ստրուկներին աշխատացնելու պաշտոնական վարկածը: Ստրուկը արվեստ չի ստեղծում, ստրուկի մտածողությամբ և աշխարհազգացողությամբ հնարավոր չէ բուրգ կառուցել: Ոգևորությունն էր պակասելու: Որոնումի և հայտնության կիրքը: Փարավոնները փառք չեն հետապնդել միայն, նրանք զբաղեցրել են մարդկանց, որովհետև հասկացել են՝ պարապությունը դժգոհության հիմքն է և ի վերջո կործանում է, պարապ մարդիկ են աշխարհը քանդում: Կամ՝ ինչու՞ են կառուցել չինական պարիսպը, ըստ պատմության՝ հյուսիսից արշավող ցեղերից պաշտպանվելու համար: Այդ ովքե՞ր էին հյուսիսից հարձակվելու Չինաստանի վրա: Կայսրերը, համոզված եմ, զբաղեցնում էին ժողովրդին: Պաշտպանության համար թող բերդեր կառուցեին, բանակն ուժեղացնեին, ոչ թե պարիսպ կառուցեին, որ նաև առասպել էր, կայսրության հզորագույն խորհրդանիշ և որքան վահան էր պաշտպանական, նույնքան էլ հոգեբանական առումով: Առանց նվիրվածության և հավատքի հնարավոր չէ արվեստ ստեղծել, հնարավոր չէ պետություն պահել, զարգանալ: Ահա և մեր անցած 5 տարիների իմ գնահատականը՝ մենք ունեցել ենք նվիրվածություն և հավատ, ունեցել ենք հաջողություններ, և գուցե հիմա մենք սկսել ենք բուրգերի ու մեր պարսպի շինարարությունը:

-Հայաստանը և Դուք 2000-ին:

-Ամենից առաջ խաղաղություն է մեզ պետք: Խաղաղություն լինի, հայ ժողովուրդը կարող է հրաշքներ գործել: Ուզում եմ, որ լուծված լինի Ղարաբաղի հարցը իրենց ցանկացած ձևով: Իսկ ես ավելի ծերացած կլինեմ: Շատ կցանկանայի ապրել մինչև 2001-ի հունվարի երկրորդ շաբաթը: Ինչու՞: 1978-ին սոցիոլոգիական հետազոտություն ենք կատարել՝ մի ամբողջ կուրսի բոլոր ուսանողները գրել են, թե իրենց կարծիքով ինչպիսի՞ն կլինեն 23 տարի հետո, քանի երեխա կունենան: Ծրարները կնքվել են ու զմռսվել շատ հանդիսավոր և բացվելու են 2001-ի հունվարի երկրորդ շաբաթ օրը, պիտի ներկայանան բոլորը՝ իրենց երեխաներով, ամուսիններով… Այնքան սպասում եմ այդ հանդիպմանը, այնքան ուզում եմ, որ իմ երբեմնի բոլոր ուսանողները կարողանան գալ և շատ եմ ուզում, որ նրանց երազները համապատասխանեն ապրած կյանքին: Դուք էլ հիշեք ու եկեք՝ արդյունքները միասին ստուգենք: Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու 1700-ամյակին նախաձեռնել եմ ստեղծել աշխարհում հայ քրիստոնեական բոլոր հուշարձանների ատլաս-մատյան քարտեզներով, լուսանկարներով, պատմությամբ: 1700-ամյակն այնպիսի հոբելյան է, որ ժամանակն է ամփոփել ու աշխարհին ցույց տալ մեր ունեցածը: Անշուշտ, շատ մեծ ու շատ դժվար գործ է, որ անպայման պիտի կատարվի:

- Հայաստանի խորհրդանիշը Ձեր կյանքում:

- Լեռները: Չքնաղ մի բնաշխարհ, որ հասարակածից ու բևեռներից հեռացած է հավասարապես և բնական բոլոր գոտիներն ունի, բացի հասարակածայինից: Պատկերացնու՞մ եք այդ բազմազանությունը մի ափ հողում, որի վրա այդքան լեռներ կան, չկա ծով, կան գետեր, հրաշալի հուշարձաններ, որ մագնիսի նման իրենց են ձգելու ամենատարբեր ազգության մարդկանց, եթե կարողանանք ներկայացնել: Իսկ ներկայացնել կկարողանանք, ուժեղ երիտասարդներ են մեծանում, նրանք իրենց երկիրը սիրում են և գիտեն, կկարողանան շենացնել ու հզորացնել: Ահա և նրանք են այսօր ինձ համար խորհրդանշում Հայաստանը:

…Իսկ մեզնից քանի՞սն է իր քարը դրել մեր պարսպի ու մեր բուրգի շինարարության մեջ: Եվ որքանո՞վ է այդ քարը եղել ամուր: Չգիտեմ: Համոզված եմ, որ Գրիգոր Ավագյանը հիմնաքար դնողներից մեկն է եղել, հիմնաքարեր՝ գաղափարների ու գործերի տեսքով, որոնք ամբողջացնում են 20-րդ դարավերջի Հայաստանի պատկերը՝ ինչպես կա ու ինչպես պիտի լինի:

***

40 գրքերի հեղինակ Գրիգոր Ավագյանը վախճանվեց 2005-ի դեկտեմբերի 4-ին՝ 77 տարեկանում: Վստահաբար՝ 2001-ի հունվարի երկրորդ շաբաթ օրը նա հանդիպեց իր ուսանողներին: Չգիտեմ՝ որքանո՞վ էր նրա գիտափորձը համապատասխանում իրականությանը: Գիտեմ, որ նա իսկապես փորձում էր Հայաստանի համար կառուցել իր Չինական պարիսպը…

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին