Աշոտ Ոսկանյան. Կյանքը փոխվում է ֆանտաստիկ արագությամբ - Mediamax.am

Աշոտ Ոսկանյան. Կյանքը փոխվում է ֆանտաստիկ արագությամբ
3120 դիտում

Աշոտ Ոսկանյան. Կյանքը փոխվում է ֆանտաստիկ արագությամբ


Կարդացեք նաեւ. Աշոտ Ոսկանյան. Ո՞վ կարող էր 100 տարի առաջ ասել՝ ի՞նչ կլինի այսօր

Աշոտ Ոսկանյանի հետ իմ պաշտոնական հաջորդ հանդիպումը 1999-ին էր, երբ նա Գերմանիայում ՀՀ դեսպանն էր, հարցազրույցը, որ տպագրվեց «Հայաստանի Հանրապետությունում», վերնագրել էի «Հայաստանի համար կարևոր է չուշանալը» (16.07.1999):

***

Այցեքարտ. Ծնվել է 1949-ին, Երևանում, ընդունվել է պետհամալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, 3-րդ կուրսից տեղափոխվել է փիլիսոփայության ֆակուլտետ, որն ավարտել է 1972-ին: Ասպիրանտուրան ավարտել է 1975-ին, պաշտպանել է թեկնածուական գիտաթեզ նշանաբանության փիլիսոփայական խնդիրների շուրջ: 1988-ից քաղաքականության մեջ է: 1990-ին ընտրվել է ԳԽ պատգամավոր, ապա՝ էթիկայի ու մանդատային մշտական հանձնաժողովի նախագահ: 1995-ին պատգամավոր է ընտրվել նույն ընտրատարածքից և համարյա անմիջապես դիվանագիտական աշխատանքի մեկնել Վիեննա, ուր եղել է ՀՀ դեսպան Ավստրիայում, Հունգարիայում, Չեխիայում ու Սլովոկիայում, նաև ՀՀ ներկայացուցիչը ԵԱՀԿ-ում ու Վիեննայում տեղակայված ՄԱԿ-ի կազմակերպություններում: Երկու տարի անց նշանակվել է ՀՀ դեսպան Գերմանիայում:

- Գերմանիայի Դաշնակցային Հանրապետությունում ՀՀ դեսպանատունն ի՞նչ խնդիրներ ունի՝ շենքային, նյութական և կադրային ապահովվածության առումով:

- Կադրային ապահովվածությունը կարելի է լրիվ համարել՝ 4 դիվանագետ, մեկն զբաղված է բացառապես հյուպատոսական հարցերով, մյուս երեքը՝ քաղաքական, տնտեսական, մշակութային: Եվ հինգերորդը՝ դեսպանը, անմիջականորեն ղեկավարում է քաղաքական ուղղությունը և համակարգում դեսպանատան բոլոր աշխատանքները: Նյութական պայմանների առումով՝Բոննի պայմանները փայլուն չեն, բայց և նպատակահարմար չէ առայժմ որևէ փոփոխություն, որովհետև 1999-ի աշնանը բոլոր դեսպանատները երկրի կառավարության հետ տեղափոխվելու են Բեռլին: Բոննը դադարում է մայրաքաղաք լինել, ուստի մենք որոշեցինք դեսպանատան պայմանների բարելավման խնդիրը լուծել Բեռլինում:

- Դեսպանների և դեսպանատների աշխատանքը սովորաբար նման է սառցալեռան: Կարո՞ղ ենք անդրադառնալ ստորջրյա հատվածին՝ ի՞նչ է անում դեսպանատունն ընդհանրապես:

- Նայած ստորջրյա հատվածն ի՞նչն եք համարում: Գերմանիայում աշխատանքը կարևորվում է, որովհետև ՀՀ-ն ներկայացվում է Եվրամիության կորիզը կազմող երկրներից մեկում: Եթե փորձեմ Գերմանիայում կատարածս աշխատանքը համեմատել Վիեննայի գործունեության հետ, միջազգային կազմակերպություններում լուծվում են զուտ քաղաքական խնդիրներ որոնք պարտադրված են այնքանով, որքանով մասն են միջազգային կազմակերպությունների գործունեության: Բոլոր երկրները համատեղ խորհրդակցություններով, նիստերով փորձում են համաձայնության հասնել: Երբ դու ներկայացնում ես մի ոչ մեծ երկիր շատ հզոր պետությունում, բնականաբար, ներքին մեծ ջանք պիտի գործադրես, որպեսզի ապացուցես, որ քո առաջարկածը, քո ցանկացածը հետաքրքրի այդ երկրին:

Գերմանիան իր հոգսերն ու խնդիրներն ունի և կողմնորոշված է դեպի ԵՄ անդամ երկրները: Նրա հետաքրքրությունները նախևառաջ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների տնտեսական զարգացումներին են առնչվում: Մշտապես մեծ ջանք պիտի գործադրես, որպեսզի քո երկրի համար կարևոր տեղ ապահովես գերմանական հոգսերի մեջ:

-Ինչքա՞ն հայեր կան Գերմանիայում: Դեսպանատունն ինչո՞վ է աջակցում հայրենակիցներին:

-Մոտավորապես 20-25 000 հայեր՝ ամբողջ երկրում: Գաղութը բավականին հետաքրքիր կյանք ունի և համեմատաբար երիտասարդ է: Հայերը եկել են Մերձավոր Արևելքից, Պարսկաստանից, Թուրքիայից, արաբական երկրներից և ընդամենը 30-40 տարի է՝ փորձում են արմատավորվել Գերմանիայում: Բազմաթիվ կազմակերպություններ են գործում, որոնց հետ աշխատանքն իսկապես հաճույք է պատճառում, թեև ունի իր բարդությունները: Բարդություններից մեկն էլ աշխարհագրական է: Գերմանիան ցրված երկիր է: Եթե համեմատենք Ֆրանսիայի հետ, ֆրանսահայ գաղութի կենտրոնը Փարիզն է, իսկ Գերմանիայում չկա այնպիսի քաղաք, որն անվանենք գաղութի «մայրաքաղաք»: Հայկական ամենատարբեր կազմակերպություններ տեղակայված են Բեռլինում, Բոննում, Քյոլնում, Համբուրգում, Ֆրանկֆուրտում, Շտուտգարտում, Մյունխենում, հազարավոր փոքրիկ քաղաքներում, որ նշանակում է անընդհատ երթուդարձ: Համագործակցությունը գերմանահայ համայնքի հետ իսկապես ստացվում է, բոլորն էլ միահամուռ են դեսպանատան հետ հարաբերվելու հարցերում:

-Ի՞նչ բնույթ ունի համագործակցությունը:

-Մինչև այժմ համագործակցությունն ավելի շատ վերաբերվել է ստեղծագործական-կազմակերպական խնդիրներին, ֆինանսական բնույթ չի ունեցել: Այսօր համայնքը մեծ խանդավառությամբ ցանկություն ունի մասնակցել դեսպանատան Բեռլին տեղափոխվելու խնդրին: Հասկանալի է՝ տեղափոխման բոլոր ծախսերը համայնքը չի կարող ստանձնել, բայց ինչ-որ մասը՝ այո: Դա վկայում է, որ որոշակի գործի շուրջ մարդիկ պատրաստ են համախմբվել՝ անկախ իրենց հայացքներից և հարաբերություններից:

-Գաղութում գործու՞մ են քաղաքական կուսակցություններ:

- Պաշտոնապես քաղաքական կուսակցություններ չկան, չնայած այս ու այն քաղաքում կան տարբեր կուսակցությունների համակիրներ: Ավելի ցայտուն արտահայտված են մշակութային կազմակերպությունները: Կան բիզնեսմենների ու բժիշկների միություններ, որ վերջին 10 տարում նոր երևույթ է, երբ մարդիկ միավորվում են մասնագիտական հողի վրա: Չափազանց հետաքրքիր դեր է խաղում գերմանահայերի կենտրոնական խորհուրդը, որը փորձում է միավորել գերմանահայերի բոլոր կազմակերպությունները: Կարևոր դեր ունի հայ-գերմանական միությունը, որ հրատարակում է փայլուն ամսագիր՝ «Կորեսպոնդենտս» անունով, գերմաներեն: Մեծ հեղինակություն ունի եկեղեցին: Քյոլնի առաջնորդարանի շուրջ մեծ հայություն է համախմբված, և մենք կայուն կապեր ունենք նրանց հետ: Մյունխենում գործում է հայկական հարցերի ինստիտուտը, Բոխումում՝ ցեղասպանության խնդիրների ինստիտուտը, Հալեի համալսարանին կից բացվել է գիտական հետազոտությունների կենտրոն: Այս ամենը վկայում է աշխույժ գիտական, մշակութային կյանք: Գերմանահայկական հարաբերությունների համար կարևոր փուլ էր 1998-ի մայիսին ՀՀ ԱԳ նախարարի այցը Գերմանիա, որ անցավ բավականաչափ բարձր մակարդակում: Հատկապես Գերմանիային վերադարձված գրքերի փաստը մեծ հուզում է առաջացրել: Ժամանակին այդ գրքերը վերցված են եղել Հյուսիսային Գերմանիայի գրադարաններից՝ Բրեմենի, Լյուբեկի, Համբուրգի, և հենց այդ քաղաքներում էլ մեծ ոգևորություն առաջացրեց: Լյուբեկում կազմակերպվեց վերադարձված գրքերի ցուցահանդես և շեշտվեց, որ պահպանության նման մակարդակով ու որակով վերադարձված գրքերն արդեն իսկ վկայում են հայկական հնագույն մշակույթը ու գրքի նկատմամբ խորին հարգանքը: Անցյալ աշնանը շատ հետաքրքիր անցան ՀՀ մշակութային օրերը Գերմանիայում՝ առաջացնելով անկեղծ հիացում: Մեր մշակույթի բազմազանությունը բարձրացրեց ներքին հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ: Տպավորիչ էր Ամենայն հայոց հանգուցյալ կաթողիկոսի այցը Գերմանիա 1998-ին, երբ նրան ընդունեց վարչապետ Հելմուտ Քոլը, որը շատ հազվադեպ է պատահում, և երկար զրույց ունեցավ, որը դարձյալ վկայում է Գերմանիայի քաղաքական ղեկավարության հետաքրքրությունը Հայաստանով և հայերով: Այն ժամանակ Վեհափառին ընդունեց և նոր Ռայն-Վեստֆալենի՝ այն ժամանակվա վարչապետ Յոհանես Ռաոն, որ այսօր Գերմանիայի նոր նախագահն է:

-ՀՀ-ին Գերմանիայում վերաբերվու՞մ են իբրև լուրջ գործընկերոջ, որի հետ հնարավոր է տնտեսական, քաղաքական, առևտրական, մշակութային հարաբերություններ ունենալ:

-Բնականաբար՝ դա ամենալուրջ հարցն է: Գերմանացիները լավ չեն ճանաչում Հայաստանը: Սկզբունքային տարբերություններ կան Արևելյան և Արևմտյան Գերմանիաների միջև, երբ արևելյան գերմանացին լսում է «յան» ազգանունը, գիտի, որ դուք հայ եք, արևմտյան Գերմանացուն դեռ պիտի բացատրես՝ Հայաստանը որտե՞ղ է: Այնուհանդերձ, կա համընդհանուր համակրանք: Գերմանացիները լավ գիտեն հայերի հին ազգ լինելը, քրիստոնեական անցյալը: Ինչ վերաբերում է գործարար հարաբերություններին, քանի որ գերմանացիները տնտեսապես հզոր և մեծ ուժ են, նախընտրում են գործ ունենալ ոչ թե առանձին երկրների, այլ՝ տարածաշրջանի հետ: Դա բնական մոտեցում է: Նրանք մշտապես շեշտում են անդրկովկասյան տարածաշրջանի կայուն իրավիճակի գոյությամբ իրենց շահագրգռվածությունը: Անդրկովկասը ԳԴՀ-ի համար մերձավոր արտասահման է, և իրենց քաղաքական տեսակետներից ելնելով, համարում են, որ մերձավոր արտասահմանի քաղաքական-տնտեսական կայունությունն իրենց ձեռնտու է:



Գերմանիայում շեշտում են, որ իրենք 3 խնդիր ունեն կովկասյան տարածաշրջանում՝ նրանք ուզում են ամրապնդվի անդրկովկասյան պետությունների անկախությունը, կայունություն լինի և զարգանան տնտեսական հարաբերությունները: Այս ոլորտում մենք դեռևս մեծ անելիքներ ունենք: Հարցեր կան, որ կախված են Հայաստանի ֆիրմաների, ներկայացուցչությունների, նախարարությունների ակտիվությունից: Գերմանացիները միշտ առաջարկում են խաղի կոշտ և ճշգրիտ կանոններ և ակնկալում, որ պիտի համապատասխանես այդ կանոններին: Նրանք միշտ շեշտում են, որ ակնկալում են հայկական կողմի ակտիվությունը: Մենք հիմա աշխատանքներ ենք տանում հենց այդ ուղղությամբ՝ հայերին և գերմանացիներին փոխադարձ հետաքրքրության դաշտ բերելու: Գերմանացիների հետ համատեղ մենք բավականին հետաքրքիր աշխատանք կատարեցինք, օգոստոսին կհրատարակվեն գերմաներեն 2 գրքեր՝ մեկը նվիրված է ՀՀ-ում ներդրումներ կատարելու բոլոր պայմաններին, մյուսը՝ ներդրումային միջավայրի վերլուծությանը, որ պարունակում է տվյալներ ՀՀ-ի տնտեսության մասին, նաև այն մասին, թե ինչ հնարավորություններ է տալիս ՀՀ-ն օտարերկրյա ներդրումներ կատարողներին: Սա բավականին լուրջ հայտ է, համագործակցության որոշակիացված առաջարկ: Մենք հույս ունենք, որ աշնանը տեղի կունենա մեծ սեմինար գերմանացի գործարարների մասնակցությամբ: Կարծում եմ՝ ՀՀ կառավարությունից ևս կլինի բարձր մակարդակով ներկայացուցչություն, որը ևս զարկ կտա հայ-գերմանական հարաբերությունների զարգացմանը:

-Ինչպե՞ս են Գերմանիայում վերաբերվում Ղարաբաղի հիմնահարցին:

-Գերմանացիների լայն շրջանակներն այդ հարցով առանձնապես չեն հետաքրքրվում: Նրանք հիմնականում կենտրոնացած են իրենց շրջապատի հիմնահարցերին, իսկ քաղաքական շրջանակներում պրոֆեսիոնալները փայլուն գիտեն խնդիրը: Նրանք Մինսկի խմբի ակտիվ անդամներից են, մշտապես այցելություններ են կատարում և գերմանական ներուժն այս հարցում բավականին ծանրակշիռ է: Երկու տարի առաջ անդրկովկասյան 3 պետությունները Եվրամիության հետ ստորագրել էին համագործակցության համաձայնագրեր, որոնց վավերացմանը 3 տարի պահանջվեց և ուժի մեջ մտան հուլիսի 1-ից: Այդ կապակցությամբ Լյուքսեմբուրգում կազմակերպվեց գագաթաժողով, որին պիտի մասնակցեին անդրկովկասյան 3 պետությունների նախագահները: Ցավոք, Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը սրտի վիրահատությունից հետո չկարողացավ մասնակցել, և Ադրբեջանը վարչապետի մակարդակով էր ներկայացված: Ո՞րն էր ենթատեքստը: Նման գագաթաժողով կարող էր և տեղի չունենալ՝ համաձայնագիրը ստորագրված-վավերացված էր և կարող էր աշխատել: Բայց նախաձեռնող երկիրը Գերմանիան էր, և Գերմանիան անպայման խնդիր էր դրել այդ հավաքը կազմակերպել, որ 3 երկրների նախագահները հանդիպեն և միմյանց հետ համագործակցության քայլ արվի: Գերմանացիները մի կարևոր թեզ են պաշտպանում՝ անշուշտ, հակամարտությունները պիտի լուծվեն, բայց եթե նույնիսկ այս պահին լուծման ենթակա չեն, համագործակցության որևէ հնարավոր քայլ պետք է արվի հակամարտության լուծման համար: Գերմանացիները խիստ շահագրգիռ էին որ Լյուքսեմբուրգի համատեղ հայտարարությունում արձանագրվի համագործակցության որևէ կոնկրետ ծրագիր, օրինակ՝ երկաթուղու ապագա վերագործարկումը: Կարծում եմ՝ Ղարաբաղի հարցում ևս Գերմանիան պոզիտիվ ներդրում է ունենալու:

-Գերմանիայի կանցլեր Հելմուտ Քոլը 10 տարի իշխանության գլուխ էր, և թվում էր՝ 21-րդ դարասկիզբը ևս նրանն է լինելու, բայց Գերմանիայում իշխանափոխություն եղավ: Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ փոփոխություններ եղան երկրում իշխանափոխությունից հետո և ի՞նչ դրսևորումներ ունեցան այդ փոփոխությունները:

-Դա շատ բարդ հարց է և գուցե պետք էլ չէ, որ իբրև դեսպան՝ ես անդրադառնամ այդ հարցին: Նշեմ միայն մեկ հանգամանք՝ այո, Գերմանիայում բավականին փոփոխություններ եղան, որոնք ոչ այնքան կապված են իշխանափոխության հետ, որքան ժամանակների: Ժամանակը պարտադրում է ուրիշ քայլեր, որոնք կատարելու է եկել ուրիշ իշխանություն՝ ահա ամենը: Մյուս կողմից՝ իշխանափոխության սերնդափոխությունը կատարվում է մեծագույն հարգանքով և տակտով: Վերջերս Գերմանիայում տեղի ունեցավ և նախագահի փոփոխություն՝ մնաս բարովի ու բարի գալուստի հուզիչ-հարգալից մի արարողություն: Իսկ դրանից առաջ Բունդեստագում տեղի ունեցավ վերջին նիստը Բոննում, որ կոչվում էր «Շնորհակալություն Բոննին»: Փայլուն ելույթ ունեցավ նախկին կանցլեր Հելմուտ Քոլը՝ առաջին անգամ ընտրություններից հետո: Նրա ելույթը Գերմանիայի 50 տարիների պատմության խորքային, ընդգրկուն վերլուծություն էր, քաղաքական կտակ ապագա սերունդներին՝ պահպանելու ժողովրդավարության սկզբունքներն ու նվաճումները:

-Դուք պարբերաբար վերադառնում եք Հայաստան: Ինչպիսի՞ն եք գտել Հայաստանն այս անգամ՝ նախորդ այցի համեմատ:

-Ես, այո, տուն եմ գալիս և զբոսաշրջիկի պես շուրջբոլորս զննելու մղումներ չունեմ: Առաջինը, որ զգացվում է, մթնոլորտի հանգստությունն է:

-Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ն կլինի Հայաստանը 21-րդ դարասկզբին:

-Ես չգիտեմ՝ ինչպիսին կլինի Հայաստանը 21-րդ դարասկզբին: Իմ ամենամեծ մտահոգությունն է, որ մենք ժամանակից հետ չմնանք: Երբ ապրում ես Հայաստանից դուրս և առնչվում ես համաշխարհային գործընթացներին, նկատում ես, որ այդ գործընթացները սարսափելի արագացել են: Կյանքը փոխվում է ֆանտաստիկ արագությամբ, և մրցակցությունը զգացվում է ամեն քայլափոխում: Արևմուտքում, Եվրոպայում, Ամերիկայում արդեն թևակոխում են բոլորովին ուրիշ մի աշխարհ: Երբեմն մենք հոգեբանորեն այնքան ենք տարբերվում այդ մարդկանցից, որ մեզ թվում է՝ նրանք կեղծում են, որովհետև այդքան տարբեր մտածելակերպ հնարավոր չէ: Հայաստանի համար ամենից կարևոր խնդիրը հետ չմնալն է: Առաջ կային 3 տիպի աշխարհներ: Զարգացած արևմտյան աշխարհը, որ ինքն իրեն կոչում էր ազատ աշխարհ: Ունեինք սոցիալիստական ճամբարը, որը բաղկացած էր տնտեսապես զարգացած երկրներից: Եվ՝ երրորդ աշխարհը՝ զարգացող երկրները, որ բավականաչափ հետամնաց էին քաղաքական, տնտեսական, սոցիալական զարգացման տեսակետից: Այս բոլոր ցնցումների արդյունքում, երբ փլուզվեց սոցիալիստական համակարգը, սկսեցին խոսել դարձյալ 3 աշխարհների մասին, բայց որակական այլ բովանդակությամբ՝ Արևմուտք, անցումային տնտեսությամբ երկրներ և երրորդ աշխարհ: Մենք, գոնե մինչև այսօր, համարվել ենք անցումային, և պարտավոր ենք այդ անցումը հաղթահարել ու անցնել զարգացած երկրների շրջանակը, որովհետև ժամանակի կորուստը մեզ կմղի երրորդ աշխարհի երկրների մեջ և այլևս շատ դժվար կլինի դիրքերը վերականգնելը: Խոսքը բնավ պիտակավորման մասին չէ, այլ՝ անմիջական գործողությունների, որ շատ հաճախ կապված են նաև տեխնիկական զարգացման աստիճանի և ֆինանսական հնարավորությունների հետ: Այսօր տեխնիկան իրապես վերափոխում է աշխարհը և սովետական մտավորականի դպրոցն անցածներս, որ ներքին հպարտություն ունեինք մեր ընդհանուր զարգացման համար, համոզվում ենք, որ դա քիչ նշանակություն ունի և պահանջվում է որոշակի գործ, պահանջվում են որոշակի հարցադրումներ ու լուծումներ՝ որոշակի բնագավառում: Ահա այս որոշակիության մասին և չուշանալու մասին պիտի մտածենք բոլոր հայերս:

***

… Ու մտածեցի՞նք: Եթե հիմա հարցազրույց անեի փիլիսոփայության դոկտոր Աշոտ Ոսկանյանի հետ, որ վերադարձել է իր դասախոսական աշխատանքին, հաստատապես ասելու էր՝ ոչ: Եվ վերստին ճիշտ էր լինելու: Եվ հաստատ հավելելու էր, որ մենք պետք է քաղաքակրթական ընտրություն կատարենք: Վերջապես: Որովհետև երկու համակարգերի միջև լարախաղացությունը երկկողմանի խոցելի է դարձնում, իսկ մենք չունենք այդքան քաղաքական, տնտեսական, ռազմական ու պատմամշակութային ռեսուրս, որ դիմակայենք ու աշխարհում ապրենք կղզիացած ու առանց դաշնակիցների: Ու բերելու էր տասնյակ երկրների օրինակներ…

Կարդացեք նաեւ. Աշոտ Ոսկանյան. Ո՞վ կարող էր 100 տարի առաջ ասել՝ ի՞նչ կլինի այսօր

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին