Ինչպես կորա անապատում - Mediamax.am

Ինչպես կորա անապատում
3344 դիտում

Ինչպես կորա անապատում


Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը պաշտոնական այցով մեկնել էր Քուվեյթ և Բահրեյն: Այցը իրապես պատմական էր, որովհետև 2000-ականների սկզբին արաբական աշխարհը ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություններից չէր: Հրավերը արաբներից էր: Քուվեյթը հրաշալի էր՝ իր տոթով ու խառնիճաղանջով: Ես, որ մինչ այդ եղել էի Եվրոպայի մայրաքաղաքներում, դժվարանում էի ընկալել Էլ Քուվեյթի ճարտարապետությունը, ավելի ստույգ՝ ճարտարապետության եվրոպական ընկալումով բացակայությունը: Համենայն դեպս՝ 17,818 քառակուսի կիլոմետր տարածքով պետությունն ուներ 4 600 000 բնակչություն, տարածքը՝ անապատային, ամենաբարձր սարը՝ 250 մետր, կլիման չոր, +40 աստիճանը առօրյա է, երբեմն հասնում է մինչև +55-60: Անձրևները անհավանական շքեղություն են, ձյունը՝ եզակի հրաշք…   

Այդ ժամանակ Քուվեյթում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը (ՀՀ լավագույն դեսպաններից մեկը) հանգամանալից պատմում էր Քուվեյթի թագավորության կառուցվածքի, քաղաքականության, այլ երկրների հետ փոխհարաբերությունների, Հայաստանով հետաքրքրվածության պատճառների ու Քուվեյթի հետ համագործակցության հեռանկարների մասին: Հիշողությանս մեջ մնացել է մեկ փաստ, որ ինձ և զարմացրեց, և նախանձս հարուցեց՝ Քուվեյթում ծնված յուրաքանչյուր երեխայի ծննդյան վկայականի հետ ծնողներին տրվում է 10000 դոլարի բանկային ավանդի վկայագիր: Նրանք իրավունք չունեն ավանդը տնօրինել, միայն երեխան՝ չափահաս դառնալուց հետո, կարող է 18 տարի բանկում բազմապատկված գումարը ծախսել կամ ուսման վրա (քուվեյթցի պատանիները գումարը ծախսում են հիմնականում Եվրոպայի լավագույն բուհերում ուսանելու նպատակով), կամ սեփական բիզնես բացելու, բնակարան գնելու… Ինքնին հասկանալի է, որ միայն հարուստ պետությունը կարող է իրեն նման շռայլություն թույլ տալ՝ միաժամանակ ծրագրելով իր ապագան՝ լավ կրթված ու սոցիալական վերելակով բարձրանալու ֆինանսական խնդիրներ չունեցող քաղաքացիներով: Իսկապես նախանձելի պետական քաղաքականություն էր: Քուվեյթից ամենից շատ հիշում եմ օդում կանգնած նավթահոտը… Եվ՝ շեյխերի շքեղ պալատները, որտեղ ամեն ինչ մանրամասն մտածված էր, ավելորդ ոչինչ չկար: Քուվեյթում առաջին անգամ ես … իսկական արաբական սուրճ խմեցի: Չափազանց զարմացա, երբ սպասավորը շքեղ մատուցարանի վրա ոսկեզօծ ու գերպստլիկ գավաթներով մատուցեց դեղնավուն հեղուկի մի քանի կում՝ գավաթի մեկ երրորդը: Սա՞ է արաբական պատմական սուրճը՝ մտածում էի, երբ թարգմանիչը սկսեց պատվիրակության անդամներին բացատրել. «Չշտապեք միանգամից ու արագ վայելել, սա մաքուր ու անխառն սուրճ է, որ համարժեք է եվրոպական սուրճի մի քանի գավաթի»: Հա՞ որ՝ մտածեցի ես ու որոշեցի չլսել խորհուրդը, բայց հենց առաջին կումը փորձեցի կուլ տալ, զգացի, որ դեղնավուն, պղտոր հեղուկը ոչ միայն գերխիտ է, այլև՝ գերդառն ու …անտանելի: Արարողակարգը պահանջում էր … կուլ տալ: Ես հաճույքո՛վ տեսա, որ ոչ միայն իմ դեմքն է կնճռոտվել արաբական մաքուր ու անխառն սուրճի վայելքից…

Հիշողությանս մեջ մնացել է նաև Քուվեյթի պատմության թանգարանը, որտեղ երիտասարդ զբոսավարը մեզ հպարտության ու արժանապատվության խորին զգացումով պատմում էր իր 1991-ից գոյություն ունեցող պետության նվաճումների մասին, ամեն նախադասությունը սկսելով՝ «Ալլահի կամքով…» բառերով: (Դեսպան Արշակ Փոլադյանի հետ երկար զրուցում էինք տարբեր թեմաներով, նրա խոսքերը մեխվել են հիշողությանս մեջ. «Առավոտյան ժամը 6-ին օրն սկսվում է ազանով՝ մոլլաները աղոթի են կանչում բոլորին ու ով որտեղ էլ լինի՝ աղոթում է, նույնը՝ կեսօրին ու երեկոյան, օրը հինգ անգամ ալլահին են դիմում, մեղքերի թողություն են խնդրում ու գործերի հաջողություն: Ամեն ինչի մասին խոսելիս՝ ասում են ալլահի կամքով, ալլահը ներկա է բոլոր գործերում: Ու եթե այսքան փառաբանում ու հավատում են իրենց ալլահին, ալլահն էլ իրենց այսքան նավթ ու գազ է տալիս, որ շարունակեն իրեն մեծարել: Չե՞ս հիշեցնի՝ մենք ե՞րբ ենք Աստծուն հիշում…»: Հետո պիտի իմանայինք, որ մեր զբոսավարը շեյխի եղբոր տղան է ու շատ բարձր դիրք ունի արքունիքում (ես նրա հետ հենց այնպես լուսանկարվեցի), բայց աշխատում է հասարակ զբոսավար պատմության թանգարանում, թեպետ կրթությունը ստացել էր Մեծ Բրիտանիայում ու Ֆրանսիայում:

 ***

Երևանից ինձ խնդրել էին մանյակ բերել՝ Քուվեյթի արծաթից: Արծաթագործի կրպակում աչքովս մի ինքնատիպ մատանի ընկավ, դրվագանախշված ու սպիտակ քարով, որի մեջ արաբերեն տառեր էին: Տիրոջը, որ ազատ ռուսերեն էր խոսում, հարցրի՝ ի՞նչ է գրված, առանց աչքը թարթելու ասաց՝ «Բարի գալուստ», ու սկսեց բացատրել՝ ինչ բարձրահարգ արծաթ է, ինչ լավ աշխատանք է, ինչ երջանկություն կբերի ինձ ու ինքն ինչ էժան գնով կտա… Իսկապես գեղեցիկ մատանի էր, մանյակի հետ մատանին էլ գնեցի: Մի քանի ամիս անց, արդեն Երևանում, Աժ նախագահն ընդունում էր Իրանի դեսպանին և ԱԳՆ-ից եկել էր թարգմանիչ: Մինչև դեսպանը կգար, մինչև Աժ նախագահը կգար, մի քանի րոպե զրուցելու հնարավորություն կար ու հանկարծ թարգմանիչն ինձ հարցնում է.

-Ի՞նչ մատանի եք կրում, որտեղի՞ց է:

-Քուվեյթից եմ բերել, միանգամից դուրս եկավ, գնեցի:

-Գիտե՞ք՝ քարին ինչ է գրված:

-Իհարկե, վաճառողին հարցրի, ասաց՝ ՙԲարի գալուստ՚:

-Դեռ երբեք չեմ լսել, որ ալլահ աքբարը նշանակում է ՙԲարի գալուստ՚:

-Ի՞նչ:

-Ձեզ խաբել են:

Ինձ մնում էր մատանին հանել մատիցս, մի քանի օրից ազատվեցի «Բարի գալուստից» ու փոխարինեցի գեղեցկագույն ագաթով: Ճարպիկ քուվեյթցին երևի լավ զվարճացել էր՝ քրիստոնյային վաճառելով «Ալլահ աքբարը», բայց դա հին արևելյան ավանդույթ է՝ սակարկել ու ստել՝ հանուն առևտրում հաջողության:  

***

Իսկ կորա ես Բահրեյնում: Մեր պատվիրակության ընդունելությունը իսկապես արքայավայել էր: Մայրաքաղաք Մանամայում մեզ հատկացվել էին լավագույն հյուրանոցի լավագույն համարները և իբրև բարձրագույն պատիվ՝ մեզ սպասարկում էին թագավորի անձնական վարորդները՝ մեծ պատվիրակության յուրաքանչյուր անդամի հատկացված էր առանձին մեքենա: Եվ ահա գնում ենք գլխավոր հանդիպմանը՝ Խալաֆա բին Սալման ալ խալիֆայի հետ՝ շեյխի, իմա՝ թագավորի: Իմ վարորդը, որ տեսքից թերևս հարյուրամյակը վաղուց էր բոլորել, ճանապարհին կանգ է առնում կարմիր լույսի տակ, թեպետ պատվիրակության ավտոշարասյունը հանգիստ սլանում է նույն այդ կարմիր լույսի տակով: Ու երբ արդեն ավտոշարասյան վերջին մեքենան էլ տեսադաշտից անհետանում է, իմ վարորդը դեմքի թեթևակի ջղաձգումով (հակառակ ավանդույթի՝ ես նստել էի ոչ թե հետևի նստատեղին, այլ՝ վարորդի կողքին) շարունակում է ճանապարհը: Վերջապես հասնում ենք պալատ, բայց… պարզվում է՝ այդտեղ ոչ մի հանդիպում չկա: Մեզնից բացի ոչ ոք չի եկել: Ես սկսում եմ վարորդին բացատրել, որ ուշանում ենք: Նա ջղաձիգ ժպտում է, ինչ-որ պարզաբանումներ ստանում, ու մենք շարունակում ենք ճանապարհը… ոչ մի տեղ: Ես նյարդային զանգահարում եմ պատվիրակության այն անդամներին, որ հանդիպման են, հեռախոսներն անջատված են, զանգահարում են այն անդամներին, որ հանդիպման չեն ու խնդրում եմ արաբերեն թարգմանիչ գտնել, որ վարորդին պարզաբանի՝ ու՞ր ենք գնում: Արդեն փորձել եմ վարորդի հետ խոսել հայերեն, ռուսերեն, անգլերեն, համարյա սկսել եմ արաբերեն խոսել, ձեռքով ժամացույցն եմ ցույց տալիս, նա միայն … լաց է լինում: Թարգմանիչ գտնում են, բացատրում են՝ ուր գնալ, հանդիպման վայրի հասցեն են ասում, իսկ մենք պտտվում ենք քաղաքից դուրս՝ անապատում, որտեղ համարյա մեքենաներ չկան, բայց արդեն երրորդ անգամ անցնում ենք ինչ-որ բարձր հուշարձանի կողքով… Վարորդս իջնում է մեքենայից, նստում ավազին ու դողում է… Աժ-ում իմ աշխատելու տասնամյակի բոլոր ուղևորությունների ընթացքում առաջին ու վերջին անգամ մեզ հետ չէր արարողակարգի վարչության պետը՝ Արտակ Հովհաննիսյանը, և ինձ մոտ էր ՀՀ նախագահի պաշտոնական հրավերը Բահրեյնի թագավորին՝ Հայաստան այցելելու, որ հանդիպման ժամանակ նրան պետք է փոխանցեր ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Դե արի ու թագավորին բացատրի, որ քո վարորդը քո պալատի տեղը չգիտի ու քո մայրաքաղաքի մերձակա անապատում նստել է ավազին ու լաց է լինում՝ իր գործն անելու փոխարեն: Իմ, արդեն չեմ հիշում՝ որերորդ զանգից՝ հասցեն վարորդին որերորդ անգամ բացատրելուց ու վարորդի վրա մոտս եղած մի շիշ ջուրը լցնելուց հետո վերջապես նա տեղից շարժվում է, ու մենք վերադառնում ենք Մանամա… Ես մտնում եմ թագավորի պալատ, որտեղ ինձ ոչ ոք չի դիմավորում, բացարձակ բնազդաբար բարձրանում եմ երրորդ հարկ, նույն բնազդով բացում եմ ինչ-որ մեծադիր, ոսկեզօծ դուռ ու… հայտնվում եմ հենց այն պահին, երբ Արթուր Բաղդասարյանն ասում է. «Շնորհակալություն ջերմ ընդունելության, արդյունավետ ու շահագրգիռ քննարկման համար, թույլ տվեք Ձեզ փոխանցել ՀՀ նախագահի՝ Հայաստան այցելելու պաշտոնական հրավերը…»: Եվ ես՝ հոգնած, լացակումած, նյարդայնությունից դողացող ոտքերով, հաստատուն քայլում եմ դռնից դեպի ընդարձակ գահասրահի կենտրոնը…  Վերջ, թե ինչ կգրեմ հանդիպման մասին, որին ներկա չէի ու դեգերում էի անապատում, բացարձակապես կարևոր չէ: Կարևորը՝ հրավերը փոխանցեցի ու… մերոնց գտա:

***

Հաջորդ օրը իմ վարորդին փոխել էին ու ինձ բոլոր մակարդակներով ներողություն էին խնդրում միջադեպի համար, ես ուրախ էի, որ ինձ ինֆարկտ չխփեց Մանամայի մերձակայքում: Ծերուկ վարորդիս, ասում էին, հիվանդանոց են տարել: Ես խնդրում էի, որ նրան աշխատանից չհեռացնեն, ինձ հավաստիացնում էին, որ չեն հեռացրել: Վերջին օրը նա եկավ ինձ հրաժեշտ տալու, ավելի ստույգ՝ հեռվից հեռու խոնարհվում էր ու չէր համարձակվում մոտենալ, թարգմանիչը բացատրեց, որ ներում է հայցում ու երկարամյա ծառայության մեջ ոչ մի նման դեպք չի եղել ոչ նրա, ոչ որևէ այլ վարորդի հետ: Ինձ մնում էր ձեռքով անել ու …ծիծաղել: Բայց մինչև հիմա չեմ հասկանում՝ ի՞նչ էր նրա հետ կատարվում, եթե նույնիսկ հիմք ընդունեմ վարկածը, որ շեյխը մի քանի պալատներ ունի և վարորդը պատահաբար կարող էր շփոթել պալատներից ո՞ր մեկում է հանդիպումը, չէ՞ որ կարող էր ինքը զանգահարել մյուս վարորդներից մեկնումեկին, որ արդեն տեղ էին հասել: Վերջապես՝ ես պարզել էի հանդիպման վայրի ստույգ հասցեն, որ նրան փոխանցել էին արաբերենով: Ինչու՞ չէր կարողանում գտնել պալատը և ինչու՞ էր նստել ու լաց էր լինում անապատում՝ մինչև մի շիշ ջուրը չպարպեցի վրան… Իսկ գուցե մեղավորը ես էի, որ նստել էի ոչ թե հետևի նստատեղին, այլ հարյուրամյակը երևի հատած ծերուկի կողքին, բայց ես միշտ եմ այդպես արել ու հիմա էլ շարունակում եմ…

…Մանաման գեղեցիկ քաղաք էր, ինքնատիպ ու, Էլ Քուվեյթի համեմատ, զարմանալի կանաչապատ, բայց ես երբեք չեմ մոռանա խելահեղ շոգ անապատը ու լերկ անապատում բա՛րձր հուշարձանը, որի շուրջ երեք անգամ պտտվեցինք՝ շեյխի պալատ հասնելու համար:  

Հանուն արդարության ասեմ, որ Մանաման միակ քաղաքը չէր, որտեղ ես հասցրել եմ … կորչել: Շատ ավելի հետաքրքիր էր դա Ֆլորենցիայում ու Ստրասբուրգում…

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին