Սամվել Սևադա. Այս գիշեր կրկին վերադարձավ երջանկությունը՝ ինձնից հոգնած - Mediamax.am

Սամվել Սևադա. Այս գիշեր կրկին վերադարձավ երջանկությունը՝ ինձնից հոգնած
5899 դիտում

Սամվել Սևադա. Այս գիշեր կրկին վերադարձավ երջանկությունը՝ ինձնից հոգնած


1990-ականները, որքան էլ ցուրտ ու մութ տարիներ անվանվեն, հետաքրքիր ժամանակներ էին՝ զարմանալի համերգներ էին լինում, զարմանալի ցուցահանդեսներ էին բացվում, թեպետ պատերազմ էր ու, թվում է, արվեստի ժամանակ չէր: 1994-ի հուլիսին Երվանդ Քոչարի տուն թանգարանում բացվել էր Սամվել Սևադայի կտավների ցուցահանդեսը: Գյումրեցի… սփյուռքահայի: 1949-ին ծնված  հայ գեղանկարիչ, լուսանկարիչ, բանաստեղծ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ։1974-ին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։

1975-ին Աբովյանում հիմնադրել և ղեկավարել է Գեղարվեստի դպրոց։ Հայաստանի նկարիչների միության անդամ, Լուսանկարիչների միության պատվավոր անդամ։ 1996-1998-ին՝ Երևանի գլխավոր նկարիչ, թեպետ 1989-2006-ը ապրել է ԱՄՆ-ում: 1990-ին ԱՄՆ-ում բացել է հայկական առաջին նկարչական դպրոցը։ Երևանում ստեղծել է գեղանկարչության դպրոց` Sevada Art Studio, և նկարչություն է դասավանդել երեխաներին:

32 անհատական ցուցահանդեսներ աշխարհի տարբեր երկրներում՝ ԱՄՆ, Կանադա, Լեհաստան, Էստոնիա, Ռուսաստան, Վրաստան և, իհարկե՝ Հայաստան:


Լուսանկարը՝ Մեդիամաքս

Նրա լուսանկարները տպագրվում են ԱՄՆ-ի, Կանադայի, Ռուսաստանի,  Ուկրաինայի և այլ երկրների ամսագրերում ու թերթերում։ Նրա մասին նկարահանվել են ֆիլմեր, ռադիո և հեռուստատեսային հաղորդումներ, հոդվածներ են տպագրվել աշխարհի շատ երկրների թերթերում և ամսագրերում: Հեղինակ է երկու գրքերի՝ «Մահվան պես դյութիչ», «Կույսի համաստեղություն»: Այս ամենը հայտնի է հիմա, 1994-ի հուլիսին ոչ միայն ես, ոչ ոք, ինքն էլ, չգիտեր: Երվանդ Քոչարի տուն թանգարանում բացվել էր ցուցահանդես, ու ես գնացել էի: Առանց նկարչի հետ պայմանավորվելու, առանց հարցազրույցի մտադրության: Աշուն էր…

***

…Սովորության համաձայն՝ կտավները նայելը սկսեցի… թուղթ ու գրիչ փնտրելուց: Գտա, շարունակեցի նայել ու … վատ զգացի: Հետո մտածեցի, որ եթե իրոք արվեստը վեցերորդ զգայարանի ծնունդ է, ես հրաժարվում եմ իմ հինգ զգայարաններից: Ես հրաժարվում եմ աշխարհն ընկալել իր հայտնի երեք չափումներում, եթե արվեստը ծնունդ է չորրորդ չափման:

…Սովորության համաձայն՝ գրի էի առնում ինձ առավել դուր եկած կտավների անունները, միայն ինձ հայտնի պայմանական նշաններ դնելով, ու զգացի, որ բոլոր կտավների անունները գրել եմ՝ սպիտակ թուղթը զարդարելով շտապ խզբզոցով ու գումարում-հանում-հարցական- հրամայական-բացականչական նշանների ցանցով: Հավատացնում եմ՝ այդ «նկարների նկարը» ստացվել էր…

Ի՞նչ է ուզում ասել աշխարհին, ինքն իրեն, հենց ինձ (ում մինչև այսօր չէի ճանաչում) այդ նկարիչը՝ Սամվել Սևադան: Ծնվել է 1949-ին, Գյումրիում… Որոշել էի գրել, բայց զգացի, որ նրա կենսագրական տվյալները նրա կտավների՝ Երվանդ Քոչարի տուն-թանգարանում բացված ցուցահանդեսի հետ երևի միայն մեկ կապ ունեն՝ անմիջական: Այնքան անմիջական, որ անիմաստ է կտավներից առանձնացնել նկարչի կենսագրությունը: Ուրեմն՝ ի՞նչ է ուզում մյուս հայերին ասել այս հայը: Որ ՙԱռավոտը հեռու չէ՞՚, որ մեռել է ձկնո՞րսը, որ «Սպիտակ գիշե՞ր» է եկել՝ անքթիթ-խելահեղ-փառահեղ անդորրով, որ «Վթա՞ր» է եղել մեր «Հիշողության» դաշտերում կամ՝ «Ամրոցի ճանապարհին» կորցրել ենք «Կույսի համաստեղության» հրաշքը ու չգիտենք՝ «Ո՞վ ավելին» կվճարի: Ու մեզ բոլորիս սպասում է «Գիլյոտինը», եթե մենք խելքի չգանք ու չենթարկվենք «13-րդ պատվիրանին»: Չգիտեմ: Այս ամենը, անշուշտ, այսպես չէ: Սա իմ աշխարհն է: Սամվել Սևադա նկարչի ինձ նվիրած աշխարհը, որտեղ ես ինձ լավ եմ զգում, տանն եմ զգում, այնքան հանգիստ ու այնքան հարազատ, որ չեմ ուզում հարցեր տալ կողքիս կանգնած նկարչին, թեպետ դա հակասում է լրագրողի բնազդին ու բնույթին: Ես լրագրող չեմ այս ցուցահանդեսում: Նույնիսկ այցելու չեմ: Ես նկարիչ եմ:

Ո՞վ կասի ինձ՝ ինչու՞ են նկարում: Ու՞մ է պետք: Դեռ ոչ մի կտավ աշխարհում չի փրկել ոչ մի հիվանդի, չի կասեցրել ոչ մի վթար, չի կանխել ոչ մի պատերազմ: Արվեստը ոչ մեկին չի փրկել մահից, սնանկացումից, կործանումից: Արվեստը չի հագեցնում, երբ ծարավ ես, չի կշտացնում, երբ քաղցած ես, չի հանդերձավորում, երբ հագուստ չունես: Չէ, ո՞վ կասի ինձ, իրոք, ու՞մ է պետք արվեստը: Ես չգիտեմ՝ որևէ մեկը երբևէ կպատասխանի՞ իմ այս հակա-ԱՐՎԵՍՏ-ական հարցերին: Որևէ մեկը՝ չգիտեմ: Ես ունեմ պատասխանը՝  երբ չկա արվեստ, մենք կորցնում ենք ապրելու հինգ զգայարանները, երբ չկա արվեստ, մենք կորցնում ենք աշխարհի երեք չափումները: Ու արվեստն է հենց, որ մեր մեջ պահում է մեզ՝ ծարավող-քաղցած, հանվել-հանգնվելու կարիք ունեցողներիս: Պահում է մեզ՝ ինչպես կանք ու հիշեցնում է՝ ինչպիսին պիտի լինենք: Ուղիղ է պահում մեր ողնաշարը, թույլ չի տալիս ծնկել, կորցնել հողի զգացողությունը ու երկնքի կարոտը: Առանց պարտադրվելու, առանց վարժապետելու, առանց կանչ ու կոչի: Պարզապես զուգահեռ գոյություն ունի, որ մարդկությունը ինքն իրեն չվերացնի:

Ես, իրոք, վատ եմ զգում, որ սովորության համաձայն, կտավները նայելիս դիմել եմ թուղթ ու գրիչին՝ մասնագիտական թերություն է, վատ եմ զգում կապույտ-կապույտ այս կտավների (չէ, իրականում կտավները միագույն չեն, երևի աշխարհի ոչ բոլոր գույները, բայց հիմնական գույները կան, ինձ համար է, չգիտեմ ինչու, առաջնայինը, հիմնականը, էականը դառնում է կապույտը) մաքրության առաջ: Սուսուփուս պահում եմ թուղթն էլ, գրիչն էլ պայուսակումս, նորից մի երկա՛ր ու երկա՛ր հայացք եմ նետում փոքրիկ սրահներում ծվարած կապույտ աշխարհներին ու հեռանում եմ՝ ջանալով հնարավորինս անտարբեր լինել ուշ արևի մեջ ուշաթափված քաղաքին, որ հնարավորինս երկար ինձ հետ մնա Սամվել Սևադայի կտավների երաժշտությունը: Ոչ այնքան մեղմ, ոչ այնքան բուռն, բայց շատ ու շատ կարոտ երաժշտությունը, որ, անշուշտ, բոլորիս մեջ մշտապես նորոգ է պահելու արվեստին շփվելու ցանկությունը, արվեստն իբրև նշխար ունենալու ու արվեստին անմնացորդ նվիրվելու… Ու ինքս էլ չգիտեմ ինչու՞ մայրամուտի արևին ընդառաջ քայլելիս մտածում եմ՝ եթե իրոք աշխարհում կա գետի չափում, լճի չափում, ծովի չափում, կատարյալը, հարկավ, օվկիանոսի չափումն է: Մնում է օվկիանոսը տեսնել: Ու՝ չխեղդվել, երբ նետվենք ալիքների մեջ՝ կատարելության հետևից:

***

«Կտավի հետ՝ տետ ա տետ»՝ վերնագրով գրախոսությունը տպագրվեց «Երկիր Նաիրի»-ում 1994-ի հուլիսի 1-ին: Մինչև այսօր չգիտեմ՝ ինչու՞ չմոտեցա ու հարցեր չտվեցի Սամվել Սևադային, առաջին ու վերջին դեպքն էր իմ կյանքում:     


Լուսանկարը՝ Մեդիամաքս

Հետո նա տարվեց լուսանկարչությամբ, պոեզիայով ու հենց իր բանաստեղծությամբ էլ ուզում եմ ավարտել այս «հիշողությունը», որ հիշողություն լինելով՝ ծանոթություն չի պարունակել:

Այս գիշեր կրկին վերադարձավ
երջանկությունը ինձնից հոգնած,
շշնջաց ականջիս, ասաց.
Մնում եմ, էլ երբեք չեմ հեռանա քեզնից...
Երդվեց ու ասաց. չեմ գնա,
երջանկությունը ինձնից հոգնած։
Գլուխը կրծքիս խոնարհեց,
շոյեց քնքշորեն աչքերս,
- Չեմ գնա, դու քնիր՝ ասաց։
Լուսադեմին վեր թռա
խաբկանքից շնչահեղձ,
անձրևն էր ծեծում լուսամուտս,
երջանկությունը հեռացել էր վաղուց,
հողաթափերը դռանս մոռացած։
Դե ինչ, ես մանկուց ընդունել եմ
դաժան օրենքը երազախաբության...

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին