Ռեգինա Ղազարյան. Ձեռագրերդ պահպանել եմ ու հանձնել եմ ժողովրդիդ - Mediamax.am

Ռեգինա Ղազարյան. Ձեռագրերդ պահպանել եմ ու հանձնել եմ ժողովրդիդ
7934 դիտում

Ռեգինա Ղազարյան. Ձեռագրերդ պահպանել եմ ու հանձնել եմ ժողովրդիդ


«ՀՀ»-ում աշխատելիս հազվադեպ էի երեկոյան 7-8-ին տուն գալիս, սովորական ժամը գիշերվա 1-2-ն էր: Երբ շուտ էի գալիս, խուսափում էի հեռախոսից՝ ծնողներիս խնդրելով, որ ասեն՝ տանը չեմ: Առավելեւս՝ անծանոթներին: Նոր էի տուն մտել, մայրս խոսափողը մեկնեց ինձ՝ զգուշացնելով՝ տղամարդ է, բայց ասում է Ռեգինա Ղազարյանն եմ: Ձայնը, իրոք, տղամարդու էր:

-Բարի երեկո, մի քանի անգամ զանգահարել եմ խմբագրություն, տեղում չեք եղել, ստիպված եմ տուն զանգել: Ես Ռեգինա Ղազարյանն եմ եւ ուզում եմ Ձեզ հանդիպել: Ուզում եմ, որ Դուք գաք մեր տուն: Կարծում եմ՝ հասկանում եք, որ խոսքը լինելու է Եղիշե Չարենցի մասին: Դուք միակ մարդն եք, որ Չարենցին հասկանում է, ոչինչ ոչ վերագրում է, ոչ հավելում, ոչ պակասեցնում: Սա հաճոյախոսություն չէ, ես ունեմ ընտրելու իրավունք ու ընտրել եմ Ձեզ Չարենցի մասին իմ վերջին խոսքը ասելու:

- Շնորհակալ եմ գնահատականի համար, բայց ինչու՞ վերջին:

- Իմ տարիքում ամեն օրը կարող է լինել վերջին: Եկեք Այդին Մորիկյանի հետ, նա փայլուն խմբագիր է: Խնդրում եմ՝ չհետաձգեք:

Զանգը, վստահաբար, անակնկալ էր, առավելեւս՝ գնահատականը: Ես, որ Եղիշե Չարենցի վերջին 10-ամյակն եմ որպես գիտաթեզ պաշտպանել, բազում հոդվածներ եմ տպագրել, երբեք ինձ չեմ համարել միակ մարդը, որ Չարենցին հասկանում է, համոզված եմ, որ ոչ ոք ունակ չէ Չարենցին ողջ խորքով հասկանալ՝ Եղիշե Չարենցի արձակն ու պոեզիան տիեզերական ընդգրկում ունեն, օրը տասն անգամ նույն բանաստեղծությունը կարդացեք, 10 տարբեր բանաստեղծությունների տպավորություն է մնալու: Անհավանական էր, որ ինձ զանգահարում է Ռեգինա Ղազարյանը՝ նա, ում մինչեւ աշխարհի վերջը պիտի շնորհակալ լինենք, որ ունենք հենց այն Չարենցին, որ բացարձակ ու հավերժական է՝ բոլոր ժամանակների համար:



Հաջորդ օրը Այդին Մորիկյանի հետ գնացինք: Բաղրամյան պողոտայի երկու նեղլիկ սենյակներում ապրում էր ոչ միայն նկարիչը, այլեւ՝ նկարչությունն ինքը, ապրում էր ոչ միայն ժողովրդին ԲԱՆԱՍՏԵՂԾ վերադարձրածը, այլեւ՝ բանաստեղծությունն ինքը: Անընդհատ ունեի այն զգացողությունը, որ շփվում եմ ոչ թե Ռեգինա Ղազարյանի հետ, այլ՝… Եղիշե Չարենցի: Ու թեեւ գնացել էի ձայնագրիչով, նա ոչինչ չպատմեց:

- Հարցազրույց չեմ ուզում, գիրք եմ ուզում: Գիտեմ՝ ինձ երկար ժամանակ չի մնացել: Տարբեր առիթներով պատմել եմ, շատերին եմ հարցազրույցներ տվել: Շատերը գիտեն՝ ինչպես են Չարենցի ձեռագրերը փրկվել, բայց այդ ամենը հատվածական է, մի պատառ այստեղ, մի պատառ այնտեղ, ուզում եմ ամբողջական պատմել իմ ու Չարենցի հանդիպումների պատմությունը, ձեռագրերի փրկության պատմությունը, ուզում եմ իմ խոսքը մնա: Երկուսիդ եմ խնդրում, թող Ոսկեմազիկը (առաջին հայացքից ինձ կնքեց Ոսկեմազիկ՝ այդ օրերին շիկահեր էի) ձայնագրի ու տեքստը գրի, իսկ դու, Այդին ջան, գիրք դարձրու ու մտածի՝ ինչպես տպագրել: Ես ուզում եմ այդ գիրքը տեսնել՝ նոր մեռնել, թող լինի իմ վերջին նվերը Չարենցին: Դուք երկուսով կարող եք անել, ես մենակ չեմ կարող:

Այդին Մորիկյանն անմիջապես ասաց, որ գիրքը խնդիր չէ՝ «Նաիրի» հրատարակչության տնօրեն Հրաչյա Թամրազյանը սիրով կտպի, պետք է պարզել՝ քանի՞ մամուլ կլինի, ե՞րբ շարվածքը պատրաստ կլինի, տպագրությունը մի շաբաթվա հարց է: Ռեգինա Ղազարյանը երեւի այդքան արագ ընթացք չէր սպասում, առավելեւս՝ տպագրական ծախսերի հարցը կար: Այդինը այդ հարցն էլ փակեց՝ «Կարեւորը՝ Դուք պատմեք, մնացածը մենք կանենք»: Ռեգինա Ղազարյանը մի շաբաթ ժամանակ խնդրեց՝ մտքերը հավաքելու, փաստաթղթերը վերանայելու համար, ասաց՝ կզանգի, երբ պատրաստ լինի: Զանգահարեց երեք օրից, եւ մենք նորից գնացինք: Ինձ թվում էր, որ հաստափոր գիրք է լինելու՝ խոսակցության մեջ Ռեգինա Ղազարյանը միանգամից այնքան թեմաներ էր մեջտեղ բերում, որ բոլորի հետեւից գնալու պարագայում… Ի զարմանս Այդին Մորիկյանի ու հատկապես ինձ՝ երբ սկսեցի ձայնագրել, նրա ոչ միայն ձայնը փոխվեց, այլեւ խոսքը դարձավ խիստ հավաք, անգամ չոր, զուտ ժամանակագրություն՝ առանց անձնական հույզերի ու մեկնաբանության: Ես հարցեր էի տալիս, որ իր տպավորությունը, իր զգացողությունը, իր վերաբերմունքը բերեմ հայտնի պատմությանը, անփոփոխ ստանում էի նույն արձագանքը. «Ոսկեմազիկ, մի շեղի»:

Երեք հանդիպումից հետո տեքստը կար, մի շաբաթում՝ գրավոր: Հրաչյա Թամրազյանը, իրոք էլ, պատիվ համարեց Ռեգինա Ղազարյանի գիրքը տպագրելը եւ մեկ ամիս հետո գիրքը՝ ընդամենը 48 էջ, «Չարենցյան նշխարներ» անունով, դրված էր Ռեգինա Ղազարյանի սեղանին: Ու նա, որ արդեն 83 տարեկան էր, իր անհավանական նրբին մատներով այնպես էր շոյում գիրքը, ասես հպվում էր Չարենցի ձեռագրերին: Միայն այդ օրը նա Այդինին ու ինձ ցույց տվեց Չարենցի անտիպները… Ես, որ թեկնածուական թեզը գրելիս թե պետական արխիվում, թե Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում հնարավորություն ունեցել էի կարդալ Չարենցի ձեռագրերը, հանկարծ այդ օրը հասկացա՝ ինչ է նշանակում ԱՆՏԻՊ… Մարգարտաշար տառեր խունացած, դեղնավուն թղթերի վրա, որ արդեն մագաղաթ են դարձել, վախենում ես շնչել, որ չփշրվեն, հպվելը հանցագործություն է, որից հետո պիտի ինքնասպան լինես: Ես, որ սենտիմենտալ չեմ, չոր, գուցե տեղ-տեղ էլ կոպիտ եմ, արցունքներս զսպած՝ ծնկի եկա այդ մի քանի էջի առաջ, մոռանալով անգամ, որ կարող եմ… կարդալ:

-Ոսկեմազիկ, չխնդրես, չեմ կարող, շատ եմ ուզում, բայց չեմ կարող:

-Ի՞նչ:

-Ոչ մի էջ չխնդրես, ես խոստացել եմ, ես պիտի ժողովրդին վերադարձնեմ: Ինձ Չարենցը չի ների…

…Մտքովս էլ չէր անցնում, ես ընդամենը մատներով թեթեւակի հպվեցի Չարենցի բառերին՝ ճիշտ նույն սարսուռով, որով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Գարեգին Երկրորդ Վեհափառի օրհնությամբ հպվել էի Սուրբ Գեղարդին՝ վախենալով համբուրել: Երբ Այդին Մորիկյանի ու Արամ Սարգսյանի հետ գնացել էինք Սուրբ Գեղարդը տեսնելու, նրանք համբուրեցին, ես՝ միայն մատներով հպվեցի: Չարենցի ձեռագրերը կամ Սուրբ Գեղարդը համբուրելու համարձակություն է պետք: Ես այդքան համարձակ չեմ…

***

Առաջին հանդիպու՞մը: «Դժբախտաբար, ամենեւին չեմ հիշում, թե ինչի մասին էր առաջին օրվա զրույցը՝ այնքան թովված էի Չարենցով, նրա նյութական, շոշափելի մոտիկությամբ: Որոշակի հիշում եմ միայն, որ ժխորի հասնող աշխուժություն էր սենյակում, իսկ ամենից աղմկոտը ինքը տանտերն էր: Չարենցն այդ օրվա խոսակցության ողջ ընթացքում այնքան էլ չխրախուսելով Ռեգինա՝ իմ ոչ այնքան «խրոխտ» անունը, իր մեծ ու խորունկ աչքերով ինձ մի հպանցիկ, շեղ հայացքի արժանացնելուց հետո հայտարարեց, որ այսուհետեւ ինձ Ռոլան է կոչելու, եւ որ ես իր փոքրիկ ու մտերիմ բարեկամը պիտի լինեմ»:

***

Չարենցի նվե՞րը: «Այդ ամռանը ես պատրաստվում էի մասնակցել հեծանվային մրցումների եւ հաճախ էի մարզվում, բայց, չունենալով սեփականը, հեծանիվն ապառիկ էի վերցնում: Չարենցը խրախուսում էր սպորտն առհասարակ, իսկ իմ ընտրած մարզաձեւը մասնավորապես: Մի օր, երբ մարզումներից հետո մտա Չարենցի մոտ՝ հաղորդելու իմ հաջողությունները, նա հանդիսավոր նստեց թախտին եւ նույնքան հանդիսավոր ասաց, որ բարձրացնեմ սենյակի անկյունում կախված վարագույրը: Մի քիչ զարմացած, մի քիչ էլ վախով բացեցի վարագույը եւ աչքերիս չհավատացի՝ պատին հենված էր գերմանական «Դուքս» մակնիշի մի չքնաղ վազքահեծանիվ՝ կարմիր ու դեղին ձողիկներով: Ապշահար նայեցի Չարենցին եւ տեսա այնպիսի մի գոհունակ ժպիտ, որից ուղղակի պապանձվեցի: Որտեղի՞ց էր այդքան արագ հայթայթել նման հրաշքը: Իրոք հրաշք՝ այն ժամանակվա Երեւանում: Ես անչափ երջանիկ էի այդ անակնկալ ու շքեղ նվերի համար, որ ծառայեց ինձ այնուհետեւ իմ մոսկովյան ուսումնառության բոլոր տարիներին: Երեւանում հպարտությամբ վարում էի հեծանիվը՝ հիմնականում Աբովյան փողոցով եւ հաճախ, երբ ձեռքերս վարպետորեն վերցրած ղեկից՝ մոտենում էի Աբովյան եւ այժմյան Թումանյան փողոցների խաչմերուկին, որի մի անկյունում մի հին, երկհարկանի տան երկրորդ հարկում ապրում էր Արուս Ոսկանյանը եւ հաճախ կռթնած լուսամուտին՝ նայում էր փողոցի անցուդարձին, լսում էի նրա սրտաբուխ «Բրավոն»: Ոգեւորված նորից էի բարձրանում Աբովյանով, նորից իջնում, որ արժանանամ բաղձալի խրախուսանքին: Հետո շտապում էի Չարենցին հաղորդելու, որ Արուս Ոսկանյանից ստացել եմ խրախուսական «Բրավո»: Չարենցը ժպտում էր եւ ասում. «Արուսը բարձրաճաշակ կին է, սիրում ու գնահատում է պիկանտ բաներ»:

***

Չարենցի հարսանի՞քը: «Բուռն ոգեւորության պահերը այդ ամռանը մերթընդմերթ շղարշվում էին լուռ թախիծով: Չարենցը մտածում էր ամուսնանալու, հատկապես երեխաներ ունենալու մասին: Երբեմն կատակով հարցնում էր, թե ինչպիսի կին հարմար կլիներ իրեն եւ երկար քննարկումներից հետո հայտարարում էր, որ առողջ եւ գեղեցիկ երեխաներ ունենալու համար անհրաժեշտ է ընտրել հենց այդպիսի կին: Նույն ամռանը Համո Բեկնազարյանի հրավերով Երեւան ժամանեցին դերասան-դերասանուհիներ «Հայկինոյում» նկարահանվելու: Նրանց հետ էր 18-ամյա մի լեհուհի՝ Էռա անունով: Հրավիրվածներն ապրում էին «Ինտուրիստ» հյուրանոցում: Չարենցի ծանոթությունը Էռայի հետ այնքան ջերմ ու տպավորիչ էր, որ նա որոշեց ամուսնանալ: Էռան համաձայնեց: Հարսանյաց սեղանի ձեւավորումը եւ հյուրերի ընտրությունը կատարեցինք միասին (որքան հիշում եմ՝ հրավիրված էին մոտ 20 հոգի): Նշված ժամին բոլորը նվերներով ներկայացան: Ուշացող հարսնացուին սպասելով՝ Չարենցը խիստ անհանգստանում էր եւ ուղարկեց ինձ՝ շտապեցնելու նրան: Մինչդեռ լեհուհուն նույն օրը ցերեկը ինքս էի ուղեկցել կայարան, նա ընդմիշտ մեկնել էր Երեւանից, բայց ես չէի համարձակվել Չարենցին տեղեկացնել: Ու հիմա ստիպված էի Չարենցին հայտնել եղելությունը: Նա նախ քարացավ, զվարթ դեմքը կարծես սրվեց ու գունատվեց, այնուհետեւ շտկվեց, կենսահաստատ ձայնով ու ժպտադեմ հայտարարեց, որ հարսանիքը փոխվում է քեֆի: Նմանօրինակ ինքնատիրապետում հատուկ է երեւի միայն Մեծերին: Խնջույքը ընթացավ խիստ բնական, անկաշկանդ: Ներկաներից եւ ոչ մեկը հեռավոր ակնարկով անգամ զգալ չտվեց պահի տարօրինակությունը:

Մեկ տարի անց ես մեկնեցի Մոսկվա՝ ուսումս շարունակելու: Այդ ժամանակ էլ նկարիչ Արարատ Ղարիբյանի տանը ծանոթանալով Իզաբելլայի հետ՝ նա շուտով ամուսնացավ եւ նամակով հայտնեց ինձ «մեծաչյա, սեւաչյա, առողջ ու գեղեցիկ աղջկա հետ» ամուսնանալու լուրը»:

***

Վերջի սկի՞զբը: «1937 թվականին Չարենցը ձերբակալվեց: Իզաբելլայի հետ ես էլ էի երբեմն բանտ գնում՝ Չարենցին ուտելիք ու դեղորայք հասցնելու: Նրա լյարդը եւ լեղապարկը լուրջ հիվանդ էին, եւ բժիշկների թույլտվությամբ սրսկվում էր ցավերի դեմ:



Մի օր Իզաբելլան, երբ ուտելիք էր տարել բանտ եւ ետ ստացել Չարենցի հագուստները՝ տանը լվանալու, սպիտակեղենը ջրի մեջ իջեցնելու պահին Չարենցի շապիկի մեջքին (ներսի կողմից) քիմիական մատիտի բծեր էր նկատել եւ որոշ բառեր: Անմիջապես ջրից հանել էր շապիկը եւ ինձ մոտ վազել, որովհետեւ միայն իմ անունն էր կարդացել: Նախապես ետ ուղարկելով Իզաբելլային՝ առանց վայրկյան կորցնելու Չարենցի տուն հասա: Միասին ուղղեցինք թաց շապիկը, վերցրինք Չարենցի գրասեղանից խոշորացույցը եւ կարդացինք. «Իզաբելլա, լավ նայիր երեխաներին, փրկիր ձեռագրերս եւ այդ հարցով դիմիր միայն ու միայն Ռեգինային եւ վստահիր նրան, նա քեզ կաջակցի» (Ճշգրտության համար նշեմ, որ նամակը ռուսերեն էր. Изабелла, береги детей, спаси мои рукописи: по этому вопросу обращайся только и только к Регине и доверяй ей. Она тебе поможет): Մենք աննկարագրելի արագությամբ հազիվ միայն շապիկից թղթի վրա արտագրեցինք սրտակեղեք այդ տողերը եւ, անգիր անելով գրածը, ոչնչացրինք թուղթը: Իզաբելլան շտապ դատարկեց միջին չափի մի ճամպրուկ եւ, բացելով Չարենցի գրասեղանի դռները, կարծես տենդի մեջ, հապճեպ ու խառնիխուռն խցկելով տարբեր դարակներից ձեռքն ընկած ձեռագրերը՝ մոտ 20 թղթապանակ տեղավորեց: Վերջին 3 հաստափոր թղթապանակները չտեղավորվեցին ճամպրուկի մեջ: Ի՞նչ անել: Խառնաշփոթ որոնումների մեջ, աշխատասենյակում չգտնելով ոչինչ պատշաճ, մենք անցանք խոհանոց: Ուշադրությունս գրավեց հասարակ ֆաներայից պատրաստված գորշագույն նեղ պահարանը, որտեղ Իզաբելլան ամանեղենն էր պահում: Բարեբախտաբար պահարանը կրկնահատակ էր, հենց այդ կրկնակի հատակի արանքում էր տեղավորեցինք մյուս 3 թղթապանակները: Ես մտածում էի, որ պատեհ մի պահի կկարողանամ անպաճույճ այդ պահարանից ձեռագրերը դուրս բերել հետագայում: Գերհուզված վերադառնալով աշխատասենյակ՝ Իզաբելլան ձեռքս տվեց ճամպրուկը եւ հեկեկալով ուղեկցեց ինձ: Սրտի դողով, բայց հաստատակամ ես ճամպրուկը հասցրի տուն եւ նույն գիշերը իմ հարազատներից մեկի տան ներքնահարկում (նախկին Ադամյան փողոց, 7) փոս փորեցինք եւ, չունենալով ձեռքի տակ ավելի հուսալի հարմարանք՝ հապճեպորեն զմռսեցինք միջին չափի մի տակառ, թղթապանակները փաթաթեցինք մոմլաթի տարբեր կտորների մեջ եւ դասավորելով տակառում՝ հանձնեցինք հողին: Ինձ շատ օգնեց Մեսալինայի պապ Եղիշե Ավետիսյանը, որ, ցավոք, պատերազմից չվերադարձավ:

1937-ի աշնանը ձերբակալվեց նաեւ Իզաբելլան: Ես հրավիրված էի բարեկամներիս մոտ ճաշի: Դեռ սեղան չնստած՝ պատուհանների մոտ մի մեքենա կանգնեց, մի քանի հոգի իջան, հարցրին, թե ո՞վ է Ռեգինա Ղազարյանը: Ինձ մոտեցավ ներքին գործերի ժողկոմատի գնդապետ Պավել Աբուլյանը եւ ցույց տվեց մի գրություն Չարենցի եւ Իզաբելլայի ստորագրությամբ, որ իրենց երեխաների բախտի առաջիկա տնօրինման հարցը ինձ է հանձնարարվում: Ապա ՆԳՆ-ում,Պավել Աբուլյանի առանձնասենյակում, նրա թելադրանքով գրեցի մի փաստաթուղթ, որով պարտավորվում էի պահել եւ սոցիալիստական ոգով դաստիարակել երեխաներին, մինչեւ հանգամանքների պարզաբանումը: Նույն մեքենայով ինձ տարան Չարենցի բնակարանը՝ երեխաներին վերցնելու (Չարենցին ձերբակալելուց հետո Իզաբելլային տեղափոխել էին նույն փողոցի «Ինտերնացիոնալ» կոչվող շենքի մեկ սենյականոց բնակարանը: Իզաբելլայի ձերբակալումից հետո կնիքով փակված նախկին բնակարանում խուզարկություն կատարելու նպատակով երեխաները ետ էին բերվել հին հասցեով): Անձրեւ էր մաղում, երեխաները որեւէ հսկողությունից ազատ իջել էին փողոց եւ խաղում էին հենց տրամվայի գծերի վրա (այն ժամանակ այսօրվա Մաշտոցի պողոտան կոչվում էր Սունդուկյան փողոց եւ տրամվայ էր անցնում): Մեքենան կանգնեց դռան մոտ: Թողնելով ինձ երեխաների հետ՝ Պավել Աբուլյանն ասաց, որ իրեն սպասեմ վերեւում եւ գնաց, արագ վերադառնալու պայմանով: Ես մոտեցա երեխաներին եւ գրկելով փոքրին ու մեծի ձեռքը բռնած՝ բարձրացա Չարենցի բնակարանը, ուր խուզարկություն էր կատարվում: Անցել է ավելի քան 60 տարի, բայց դժվար է մոռանալ այն, ինչ տեսա՝ նախկին սրբավայրը վերածվել էր ավերակույտի՝ երիտասարդ խուզարկուները պահարանների եւ գրասեղանի տարբեր դարակներից անտարբեր սառնասրտությամբ դուրս էին հանում եւ աջուձախ նետում Չարենցի սիրած ու փայփայած, հոգեհարազատ, մեծարժեք ու նվիրական իրերը, գրքերը, հուշանվերները: Անտրամաբան մոլուցքով քանդվող բոլոր ներքնակներից ու բարձերից դուրս նետված եւ օդում լողացող բուրդն ու բմբուլները պատկերը դարձրել էին անսովոր ու ահազդու: Ես քարացել էի դռան շեմին, արցունքները խեղդում էին ինձ: Երբ Պավել Աբուլյանը վերադարձավ ու առաջարկեց վերցնել տան իրերից ինչ ցանկանում եմ, ասացի, որ բացի երեխաների հագուստներից ու անկողնուց, ինձ ոչինչ պետք չէ: Մեկ-երկու փալաս, երեխաների խիստ սահմանափակ հագուստներն ու նրանց վերմակները՝ ահա այն ամենը, ինչ վերցրի: Պավել Աբուլյանի զարմացած հայացքի տակ, տան բազում շքեղ իրերը թողած, ես խնդրեցի միայն խոհանոցի հնագորշ նեղ պահարանը եւ տեղավորելով երեխաների իրերը՝ բեռնակրի օգնությամբ դուրս բերեցի սենյակից եւ երեխաներին առժամանակ թողնելով հարեւանների մոտ՝ շտապեցի պահարանը հասցնել տուն:

Կատարվածը հրաշք էր՝ ոչնչացման ամենակուլ երախից փրկվել էր խուզարկության ժամանակ ամենափնտրելին: Չեմ կարող բարի խոսքով չհիշել Պավել Աբուլյանին, որ հիշողությանս մեջ մնացել է որպես ժամանակի անօրեն պարտականությունները ճարահատյալ ու ցավով կատարող պաշտոնյա: Չարենցի թողած ծով ժառանգությունից փրկված էին նաեւ 3 թղթապանակները: Պահարանը տուն հասցնելուց հետո անմիջապես վերադարձա եւ տարա երեխաներին: Մեսալինա Խալեյանը հիշում է. «1937 թվին, երբ ես 9 տարեկան էի, Ռեգինա Ղազարյանը (որ այդ թվականներին ապրում էր մեր տանը) մի օր, արդեն աշնան կողմը, տուն եկավ շատ հուզված եւ, հետը բերելով Չարենցի երեխաներին, ասաց, որ նրանք մեզ մոտ պետք է ապրեն: Չարենցի դուստրերը՝ Արփենիկը եւ Անահիտը, փոքր էին, եւ ինձ շատ ուրախացրեց, որ ես ձեռք բերեցի այդպիսի հիանալի քույրիկներ: Մեր պայմանները սուղ էին, եւ Ռեգինայի ապրումները տեսնելով՝ մայրս ժպտադեմ ասաց (շատ լավ եմ հիշում այդ խոսքերը). «Ոչինչ, մի կերպ կապրենք՝ մեկ բաժին կերակուրը կբաժանենք երեք տեղ»: Եվ սիրով ընդունեց երեխաներին»: Ինչ-որ վաստակ տուն բերելու համար արվում էր ամեն ինչ (գիշերներն անքուն լոզունգներ գրել, ղեկավարների դիմանկարները մեծացնել, եւ այլն), որպեսզի ծանր պայմանները գեթ մի փոքր թեթեւանային, երեխաները Նոր տարվա օրը ունենային գաղտնի դրված տոնածառ, զարդարված թեկուզ եւ ինքնաշեն թղթե խաղալիքներով՚:

***

Ի՞նչ է այրել Ավետիք Իսահակյանը: «Այդ օրերին Ավետիք Իսահակյանը (ինչպես ինձ հաղորդեցին) ցանկություն էր հայտնել այցելել ինձ՝ Չարենցի երեխաներին տեսնելու: Ես անչափ ուրախ էի, նա եկավ եւ որոշ հարցուփորձից հետո ցանկացավ նայել Չարենցի ձեռագրերը: Վերջին երեք թղթապանակները դեռ ինձ մոտ էին, չէի հասցրել միացնել թաղված մյուս ձեռագրերին: Վարպետը մեկառմեկ ձեռագրերը նայելուց հետո առանձնացրեց մանր եւ խիտ գրված չորս մեծ էջեր, կարգադրեց մոմ բերել եւ այրեց այդ էջերը՝ իմ ըմբոստացումներին պատասխանելով, որ դրանք տանը պահելը վտանգավոր է: Այդպես էլ ինձ անհայտ մնաց այդ էջերի բովանդակությունը: Մոտ երկու ժամ մնալուց հետո Վարպետը երեխաների համար մի ծրարի մեջ 150 ռուբլի հանձնեց ինձ եւ գնաց: Ուրիշ ոչ ոք մեզ չայցելեց: Երեխաները մնացին ինձ մոտ համարյա մեկ տարի: Ուսումս շարունակելու անհրաժեշտությամբ ես պետք է Մոսկվա մեկնեի, դիմեցի Իզաբելլայի հարազատ մորը՝ Աննա Կոդաբաշյանին, եւ խնդրեցի վերցնել երեխաներին: Լինելով բարի եւ սրտացավ մայր, այսուհանդերձ, նա որոշ տատանումներից հետո համաձայնեց՝ բարդ ժամանակներ էին, շատ բարդ… Վախենում էին բոլորը, բոլորը… Դրանից հետո միայն ես մեկնեցի Մոսկվա»:

***

Չարենցի վերադա՞րձը: «Անցան 17 երկար ու ձիգ տարիներ: Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ես բանակում էի եւ երազում էի անփորձանք վերադառնալ Երեւան, աղերսում էի Աստծուն, որ պահպանի կյանքս, որպեսզի կարողանամ ձեռագրերը նորից լույս աշխարհ հանել, այլապես փոշիանալու էին հողի տակ:



Ես վերադարձա, բայց դեռ չէի համարձակվում ձեռագրերին ձեռք տալ: Պատերազմն ավարտվել էր, մարդկանց կյանքում, սակայն, քիչ բան էր փոխվել: Եվ միայն 1954 թվականին, երբ Անաստաս Միկոյանը Երեւան եկավ ընտրողների հետ հանդիպելու եւ օպերային թատրոնի շենքում արտասանած ճառում երկար տարիների լռությունից հետո առաջին անգամ արտաբերեց Չարենցի անունը եւ ժողովրդի սրտաբուխ ցնծության ու խանդավառ ծափահարությունների տակ արժեքավորեց նրա ժառանգությունն ու ասաց, որ Չարենցը պետք է հրատարակվի, ես կիսախելագար վիճակում հենց նույն գիշեր վազեցի պահված ձեռագրերի սրբավայրը եւ հանեցի զմռսված տակառը թաքստոցից:


Վրույր Գալստյանի նկարը

Սրտի անհուն ցավով խոստովանեմ պիտի, որ երկար տարիների խոնավությունից ձեռագրերի մոտ 15 տոկոսը քայքայվել, փոշիացել էր, մոտ 10 տոկոսն էլ կիսաքայքայվել: Այդուհանդերձ, հոգու մեծ ցնծությամբ, պոետի իսկ լավատեսությամբ վարակված՝ ԱՆՇՆՈՐՀԱԿԱԼ ԼԻՆԵԼԸ ՀԱՄԱՐԵԼՈՎ ԹՈՒԼՈՒԹՅԱՆ ՆՇԱՆ, ես փառք տվեցի Աստծուն, որ ձեռագրերի մեծ մասը թեպետ դալկացած, բայց լրիվ պահպանվել էր եւ մնացել ընթեռնելի: Մի զգալի մասն էլ այնպես պայծառ էր՝ կարծես հենց նոր էր գրված: Այդ ձեռագրերի թվում էին բեյթեր, ռուբայաթներ, դիստիքոսներ, «Նավզիկեն», «Կոմիտաս» պոեմի մաքրագիր օրինակը՝ 96 թերթ (142 ութնյակ), բացառությամբ վերջին մի քանի ութնյակների՝ գրված 1936-ի մայիսին, Կոմիտասի աճյունը Փարիզից հայրենիք փոխադրելու եւ մայր հողում ամփոփելու օրերին:

Փրկելու համար կիսաքայքայվածը եւ դժվար ընթեռնելի ձեռագրերի վերծանման, կարգավորման եւ արտագրման համար անհրաժեշտ էր տեւական, մանրակրկիտ աշխատանք: Անտիպ պատառիկների վերջին էջերը վերծանելիս անփոխարինելի էր Պարույր Սեւակը: Մեր տանը երկար գիշերներ, զինված խոշորացույցներով, Սեւակը մեծագույն սիրով եւ անհուն համբերությամբ կարողանում էր կռահել եւ տառ առ տառ վերականգնել ձեռագրերի խաթարված մասերը: Խնդիրը, սակայն, անտիպները համաժողովրդական սեփականություն դարձնելն էր: Չարենցի իրավունքների վերականգնումից հետո, դեռեւս 1955-ին, անտիպների մեծ մասը, այդ թվում եւ «Կոմիտաս» պոեմի վերջնական մաքրագիր տարբերակը հանձնեցի Չարենցի ավագ դուստր Արփենիկին՝ որպես նվեր, պայմանով, որ հավասարապես պատկանի երկու քույրերին:

Ինձ մոտ մնացած ձեռագրերի մի փոքր մասը՝ 2280 տող, որոնց դեռ չէի հասցրել ծանոթանալ, կարիք էր զգում լրացուցիչ վերծանման: Անհրաժեշտ էր պարզել, թե, ի վերջո, ինչ կա ինձ մոտ: Այդ մասի վերծանման աշխատանքները եւս հասցնելով որոշակի աստիճանի՝ ես 1967-ին դիմեցի Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահության նախագահ Նագուշ Հարությունյանին՝ թույլ տալու ինձ Չարենցի 70-ամյա հոբելյանի օրը հայ ժողովրդին պաշտոնապես վերադարձնելու բոլոր անտիպները (ինձ մի աներեւույթ ձայն մշտապես հուշել է, որ Չարենցը այդպես կցանկանար): Այդ պաշտոնական հանձնումը, ցավոք, համարվեց ոչ նպատակահարմար, եւ ձեռագրերը մնացին ինձ մոտ մինչեւ 1969-ը:

Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի ձեռագրատան վարիչ Գոհար Ազնավուրյանը հոբելյանական տոնակատարության օրերին խնդրեց ծանոթացնել իրեն Չարենցի անտիպ ձեռագրերին: Իր ազնիվ գործին անմնացորդ նվիրված Գոհար Ազնավուրյանը միշտ ցուցաբերել է մայրական խնամք, ջերմեռանդ մտահոգություն եւ գործարար վերաբերմունք ձեռագրերի բախտի ու պետականորեն պահպանելու հարցերին: 1969-ի աշնանը Չարենցի տուն թանգարանի տնօրեն Նվարդ Բաղդասարյանի շնորհիվ նկարահանվեցին չարենցյան ձեռագրերը՝ տուն-թանգարանում ցուցադրելու համար: Նկարահանումները տեւեցին մոտ մեկ ամիս (լուսանկարիչ՝ Բ. Մավիսակալյան), ձեռագրերի լուսանկարներն այժմ Չարենցի տուն-թանգարանում են: Վերջապես 1969-ի դեկտեմբերի 23-ին Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում, պաշտոնական մթնոլորտում, կատարվեց Չարենցի ձեռագրերի հանձնման արարողությունը՝ մամուլի, ռադիոյի եւ հեռուստատեսության ներկայացուցիչների մասնակցությամբ: Ներկա էր եւ Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտը:

ՀՈԳՈՒՍ ՊԱՐՏՔԸ ԿԱՏԱՐԱԾ ԼԻՆԵԼՈՎ՝ ԱՅԼ ԲԱՆ ՉԻ ՄՆՈՒՄ ԱՍԵԼ ԻՆՁ ՀԻՄԱ, ՔԱՆ ԱՐՏԱՀԱՅՏԵԼ ԻՄ ԽՈՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԽՈՆԱՐՀ ՀԱՐԳԱՆՔԸ ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ:  

***

Գրքի հրապարակումից հետո Այդին Մորիկյանն ու ես շարունակում էինք այցելել Ռեգինա Ղազարյանին՝ նրա ամեն զանգից հետո՝ կարոտել եմ, եկեք, եւ միշտ սեղանին Չարենցի «դաստախունի» օրինակով մրգերն էին: Մի օր համարձակվեցի ու հարցրի՝ եթե կարդացել է «Երկիր Նաիրիի» իմ մեկնաբանությունը, ես Չարենցին ճի՞շտ եմ հասկացել, իր բուն վերաբերմունքը Չարենցը գաղտնագրե՞լ է, որ կարողանա եւ ասել ճշմարտությունը, եւ գիրքը տպագրել: Եվ ստացա պատասխան, որ զրնգում է հիշողությանս մեջ.

-Ոսկեմազիկ, քո գրածը պատահաբար ձեռքս անցավ, կարդացի, չհավանեցի, չհավատացի: Նորից կարդացի «Երկիր Նաիրին», Ոսկեմազիկ, Չարենցը քեզ կսիրեր, դու «Երկիր Նաիրին» իր պես ես հասկացել: Ես չէի զգացել: Ու հենց այդ պատճառով ես դու հիմա մեր տանը:

***

Նրա վերջին զանգը ինձ 1999-ի նոյեմբերի 3-ին էր.

-Ոսկեմազիկ, հայերը նորից սպանեցին Չարենցին: Ամաչում եմ, որ այսքան ապրեցի, ի՞նչ եմ ասելու Չարենցին…

Ես պատասխան չունեի:  

***

…Նրանք երկուսն էլ չկան: Առաջինը հեռացավ Բանաստեղծը՝ 1937-ի նոյեմբերի 27-ին, 40 տարեկանում՝ սեփական ճշմարտության կոկորդը կտրած, բայց ժամանակի ճշմարտության առաջ՝ անպարտ: Ռեգինա Ղազարյանը հեռացավ 1999-ի նոյեմբերի 6-ին, 84 տարեկանում: Լուռ ու հանդարտ՝ ապրած կյանքի վաստակած հպարտությամբ: Վստահ եմ՝ նրանք հանդիպել են ու ինչպես ինքն էր ասում՝ ծնկի է եկել բանաստեղծի առաջ ու ասել. «Ձեռագրերդ պահպանել եմ ու հանձնել եմ ժողովրդիդ: Փոշիացած էջերի համար՝ կներես, Իսահակյանի այրած էջերի համար կներես: Այդքանը կարողացա»: Վստահաբար՝ Չարենցը կների ու կժպտա իր Ռոլանին…



…Ու հիմա՝ 2021-ի դեկտեմբերին, երբ գրում եմ այս տողերը, ականջներումս նրա «Ոսկեմազիկն» է, ձայնը, որ միշտ դողում էր Չարենցի անունը տալիս: Երջանիկ եմ, որ առնչվել եմ 48 էջանոց «Չարենցյան նշխարներին»` տիեզերական գրական չափման մեջ բազմահազար էջերով այդ գրքում ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑՆ է՝ 20-րդ դարի գրականության սկիզբն ու անվերջությունը:

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին