Վարդուհի Վարդերեսյան. Կինը քայլում է - Mediamax.am

Վարդուհի Վարդերեսյան. Կինը քայլում է
2546 դիտում

Վարդուհի Վարդերեսյան. Կինը քայլում է


Կյանքում նրան հանդիպելու երջանկություն ունեցել եմ մի քանի անգամ, նույնիսկ հարցազրույց եմ արել, երբ նա ոչ այնքան պատասխանում էր իմ հարցերին, որքան խաղում էր իր դերը՝ իր իսկ գրած պիեսում՝ մեկ հանդիսատեսի թատրոնում: Բայց ամենատպավորիչը, որ դրոշմվել է հիշողությանս մեջ, ոչ ֆիլմերն էին, ոչ ներկայացումները, ոչ հանդիպումները: Գիտեի, որ կորցրել է ամուսնուն՝ Գևորգ Աբաջյանին, գիտեի, որ երկար ժամանակ հիվանդ է եղել, բայց ամռան կիզիչ արևի տակ՝ հուլիսի կեսին, փողոցով քայլում էր ԿԻՆԸ, մեջքը՝ ուղիղ, գլուխը՝ բարձր, հայացքը՝ հորիզոնին, հպարտ, սլացիկ, անդիմադրելի, պարզապես քայլում էր, ոչ մեկին չէր նայում, քայլում էր՝ ասես լողում էր Հանրապետության հրապարակով, ու շուրջբոլորը գուցե Թամանյանի վարդագույն հրաշքը չէր, զովություն սփռող շատրվանները չէին, աղմկող քաղաքը չէր, 21-րդ դարը չէր, այլ՝ ժամանակներից այն ժամանակը, որ կապ չունի ժամանակի հետ ու անցողիկ չէ: Նրա հետ քայլում էր ԹԱՏՐՈՆԸ, քայլում էր ԿԻՆՈՆ, քայլում էր ՀՄԱՅՔԸ… Որքան էլ ուզում էի մոտենալ ու հարցնել՝ ինչպե՞ս եք, ուզում էի ասել՝ կարոտել եմ Ձեզ … Կարողացա կես փողոց քայլել հետևից, հետո կանգնեցի ու… ծափահարեցի: Գուցե ինչ-որ մեկը այդ պահին ինձ քաղաքային խելագարի տեղ դրեց: Հետո ի՞նչ: Կինը քայլում էր, և դա աշխարհի ամենահանճարեղ կտավն էր, որ ոչ ոք չի նկարի…

***

1996-ի հուլիսին պայմանավորվել էինք հանդիպել թատրոնում, գնացի ու կուլիսներում մոլորվելով՝ հայտնվեցի բեմում: Դուք երբևէ բեմ բարձրացե՞լ եք: Տարօրինակ զգացողություն էր՝ քո առաջ մեծ ու դատարկ դահլիճն է՝ ծածկոցների տակ լռող աթոռներով, բավական է մի բառ, ու այդ դատարկությունը սկսում է շարժվել: Ես պատկերացրի, թե ինչ է կատարվում բեմում գտնվողի հետ, երբ հանդիսասրահում ոչ թե դատարկ աթոռներ են, այլ՝ մարդիկ, որ եկել են քեզ տեսնելու ու քեզ լսելու: Ու դու ասում ես քո առաջին բառը… Լռության մեջ: Քո ձայնը բախվում է ոչ միայն թատրոնի կամարներին, այլև այդ մարդկանց, և միշտ չէ, որ արձագանք է գտնում, չէ՞ որ նրանք այնքան տարբեր են, իսկ դու պարտավոր ես ասել հաջորդ բառերը՝ դա է խաղի կանոնը, որ դու դարձրել ես քո կյանքի գործը, քո կյանքը… Հարցազրույցն այդ օրը չկայացավ, նա ինձ հաջորդ օրը հրավիրեց տուն: Ընտրություն չունեի: Ասաց՝ այսօր տրամադիր չեմ, ունակ չեմ խելամիտ խոսքի: Զայրացած եմ: Ներող եղեք: Վերջ:     

Վարդուհի Վարդերեսյան՝ ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, Ժողովուրդների բարեկամության շքանշանակիր, «Պատվո նշան» շքանշանակիր, ՀԽՍՀ պետական մրցանակակիր, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր, Երևանի պատվավոր քաղաքացի, Գյումրու պատվավոր քաղաքացի… Ու քո առաջ դուռը բացում է ոչ թե 68-ամյա մի կին, որ երեկ զայրացած էր ու քեզ մերժեց, այլ՝ անհավանական երիտասարդ, գեղեցիկ, հոգատար, համակ սիրալիրություն մարմնավորող տանտիկին, որ քեզ ստիպում է ճաշակել իր ձեռքով պատրաստած…չրերը, ռումինական սուրճը, թեպետ չեմ հասկանում, թե ինչ է նշանակում ռումինական սուրճ, բայց ինչ-որ անորսալի համ եմ զգում, որ իմ եփած սուրճը չունի: Հարկադրված միրգ եմ ուտում, այլապես չի խոսի, հընթացս սովորում եմ, որ ձմերուկը պետք է կտրել ոչ թե երկայնակի, այլ՝ լայնակի, այդպես… ավելի համով է: Արդեն մտածում եմ՝ վերջ, այսօր էլ վարի գնաց, սուրճի, հյութի գավաթների կողքին շուռումուռ եմ տալիս ձայնագրիչը, նայում եմ ժամացույցին.

-Դուք շտապու՞մ եք:
-Ոչ, իհարկե, բայց գուցե սկսե՞նք:
-Հոգ չէ, կսկսենք:

Երբ վերջապես սկսում ենք, նա նստած չի մնում բազկաթոռին, պտտվում է սենյակում, մոտենում գրադարակներին, ուղղում վարագույրը, նոր սպասք է բերում, որի կարիքը բնավ չկա, շոշափում է անկյունի մեծ ծաղկամանում ընկողմանած ծաղիկները: Սա ներկայացում է, որ այլևս չի կրկնվի: Ես, իհարկե, նյարդայնանում եմ՝ մտածելով, թե այդ պտույտների, անցուդարձի հետևանքով՝ ինչ որակի ձայնագրություն եմ ունենալու, բայց տարբերակ չկա՝ ես ոչ թե լրագրող եմ, այլ՝ հանդիսատես, այլապես՝ ներկայացումը կավարտվի:  

***

-Կես դար բեմում լինելուց հետո՝ ի՞նչ է Ձեզ համար թատրոնը:
-Ժողովուրդը սպասում է, որ թատրոնը կբացի դռները, չի մոռանում մեր մեծերին: Մարդիկ դեռ կան, որ վայելել են նրանց ներկայությունը: Նրանք ուզում են՝ թատրոնը շարունակվի: Եկող տարի բեմական գործունեությանս 50 տարին է լրանում, գիտեք՝ ինչ մեծ վախ ունեի, որ կորցնում եմ բեմը… Դուք դա չեք պատկերացնի: Երիտասարդ եք, բայց երիտասարդներին էլ թատրոնը պետք է: Իսկական թատրոնը դպրոց է, մարդիկ գալիս են լսելու, տեսնելու, լեզու, պահվածք սովորելու, մտավոր կյանք ու կերպար ունենալու: Թատրոնը շատ մեծ դեր ունի պետության մեջ: Թատրոնը նույնիսկ ստրատեգիա է: Դերասանը բառն այնպես կարող է հնչեցնել, որ հեղաշրջում առաջացնի: Ավելին՝ քան գրողը: Ավելին՝ քան նկարիչը: Ավելին, քան՝ երաժիշտը: Դերասանությունը քաղաքականություն է: Մենք իրավունք չունենք 2000 տարվա մեր թատրոնը կորցնել: Ես ապրել եմ մեծ կյանք: Երբ ետ եմ նայում, գտնում եմ, որ ճիշտ եմ ապրել: Ես բողոքելու իրավունք չունեմ: Ուզեցի բեմ բարձրանալ, բեմ բարձրացա, խաղացի լավագույն դերերը, վայելեցի ժողովրդի սերն ու հարգանքը: Վայելում եմ: Երկար էր իմ բեմական կյանքը: Հանդիսատեսի սերն ու վայելքը չի պակասել: Ունեմ լավ ընտանիք, լավ ամուսին, լավ զավակներ: Ապրում եմ իմ փիլիսոփայությամբ, գիտեմ, որ մարդը շատ բան չպետք է պահանջի կյանքից, այլապես ամբողջ մի կյանք կվազի ու չի հասնի իր նպատակին: Մարդը պիտի նաև եղածով բավարարվի:

***

Հարցրի՝ ինչպե՞ս եք վերաբերվում քաղաքականությանը:

-Քաղաքականությունը պահանջատիրոջ պես ներխուժել է մեր կյանք: Բայց ես գտնում եմ, որ ամեն մարդ չպիտի զբաղվի քաղաքականությամբ: Թեպետ դու քո երկրի քաղաքացին ես, քո երկրի անցուդարձերին չես կարող անտարբեր լինել: Արվեստագետը կարող է քաղաքականությամբ չզբաղվել, բայց իմանալ քաղաքականությունը, արվեստագետը պետք է իմանա՝ ի՞նչ է կատարվում իր շուրջը: Ուզես, թե չուզես, քո արվեստի մեջ քաղաքացի լինելու տարրը կա, քո ժամանակը պիտի լիարժեք զգաս: Ժամանակներն այնպիսին են, որ քաղաքականությունը մտել է մարդու կենցաղը: Եվ բացի այդ՝ մտավորականն իր երկրի շարժիչ ուժն է, երկրի միտքը: Ես չգիտեմ՝ մտավորականն ու արվեստագետը նու՞յնն են: Գուցե՝այո, գուցե՝ ոչ: Բայց Ձեզ ասեմ՝ ինձ չեմ համարում շատ պատրաստված մեկը, որ բոլոր հարցերի պատասխանն ունի: Քավ լիցի: Բացի այդ՝ Ձեր մի հարցից ուրիշ հարց է բխելու, որոնց անջատ-անջատ հնարավոր չէ պատասխանել թվաբանական հաշվով: Ես ուզում եմ երևույթները դիտել համակարգում ու միասնական: Այդ դեպքում մտավորական-հասարակություն հարցի մյուս կողմն էլ կա՝ մտավորական-պետություն հարաբերությունը: Պետությունը պետք է հենվի մտավորականի վրա նախևառաջ: Անշուշտ, մտավորականն էլ պետք է պետությանը տեր կանգնի: Ես բոլորովին կողմնակից չեմ այն մտավորականներին, որ միայն պահանջում են ու չեն տալիս: Պետք է տաս ու պահանջես: Բայց հիմա մենք չգիտենք, թե առաջնությունն ո՞վ պետք է ստանձնի: Պետությու՞նը, թե՞ մտավորակա՞նը:

Գիտե՞ք՝ ինչ եղավ: Մտավորականները մեկից իրենց մեկուսացած, մենակ զգացին, լքված: Արվեստի մարդիկ միշտ անօգնական են, նրանք միշտ սպասում են աջակցության, քաջալերանքի, գնահատման: Ամբողջ մի կյանք բեմում եմ եղել, բազում կերպարներ եմ խաղացել, ամեն կերպար իր հետքն է թողել իմ սրտում, իմ մտքում, իմ ուղեղում, իմ աշխարհայացքն է կազմավորել, հանդիսատեսի, սերնդի, ժամանակի: Երբ ինքս ինձ հարցեր եմ տալիս, շատ բաներ ինքս չեմ հասկանում, դատապարտում եմ, մեղադրում, պաշտպանում, հերքում, հաստատում: Միայն մեկ հաստատ պատասխան ունեմ՝ ես հայրենասեր մարդ եմ: Ինքնազննության և ինքնաստուգման փորձությանը դիմացած՝ զգացել եմ, որ իմ հայրենասիրությունն է եղել իմ կերտած կերպարների, իմ ապրելակերպի կենտրոնում: Մասնագիտության բերումով ես չեմ կարող մակերեսով սահել: Ինչպես դեր խաղալիս, ես պարտավոր եմ խորանալ երևույթների խորքը, պատճառն ու հետևանքը պարզել:

***

-Ինչու՞ ենք այսպես ապրում:

-Մենք միշտ ձգտել ենք, երազել ազատություն, հիմա գուցե հարկադիր սխալներ էլ գործենք, որ յուրաքանչյուր գործում անխուսափելի են: Ուզում ես, որ քո ժողովուրդը լավ ապրի, դու լավ ապրես: Չես կարող այնքան անգրագետ լինել, որ ասես՝ «Էս ազատությունը, անկախությունը մեզ պետք չէր, առաջ ավելի լավ էր, ավելի կուշտ էինք»: Մեջտեղ մի բեր շուկայական հարաբերությունները, անցման շրջանը, շրջափակումը, դժվարությունների անցողիկ լինելու մասին մի ասա, բոլորն ուզում են իրենց կյանքի ժամանակը լավ ապրել: Շուկայական հարաբերությունների ձևավորման փորձ չունենք, ըստ երևույթին պիտի լինեին այս սեղանիկները, ինչ-որ փուլ պիտի անցնեինք, որ հասնենք մեծ մարկետների, ժամանակակից ձևերի, ինչպես քաղաքակիրթ երկրներում է, նրանք բոլորն են անցել այսպիսի ու ավելի ճգնաժամերի միջով: Այս ամեն ինչը բնական է, բայց ես վախենում եմ՝ հանկարծ երիտասարդները գնան թեթև-հեշտ դրամ վաստակելու ճանապարհով՝ առևտրով: Լավ բան է առևտուրը, բայց դասակարգենք՝ ովքեր ընդունակ չեն սովորելու, ավելի խելացի են առևտրի մեջ, թող առևտուր անեն, ովքեր կարող են սովորել, թող գնան-սովորեն: Հա, ասում եք՝ ապրուստ: Հիմա ամեն ինչ խառնվել է, հիմա ընդունակ մարդն էլ է առևտուր անում, որովհետև դրամ է պետք: Չէ, իրոք վախենում եմ՝ կկարողանա՞նք չկորցնել մեր ազգային դեմքը, պահպանել արժանապատվությունը: Մենք գեղեցիկ ենք մեր անկրկնելիությամբ, մեր ինքնատիպությամբ, գուցե ինչ-որ տեղ պահպանողականությամբ: Ես, օրինակ, չէի ուզենա, որ արտասահմանի չափազանց ազատ բարքերը ներթափանցեն մեր կյանք: Գուցե ես իրավ պահպանողական եմ, խիստ եմ՝ ինչը մերը չէ, թող մերը չլինի: Դրսի աշխարհում շատ լավ բաներ կան, որ մենք չունենք և պետք է ունենանք, բայց լավը վերցնենք, վատը վանենք: Ինքնատիպ մնանք, մեր ազգային դեմքը չկորցնենք: Եվ պիտի գործող անձ լինի, տեր լինի, իհարկե, մտավորականը: Վերադարձանք, չէ՞, մտավորականին: Ուրեմն՝ պետության ուշադրության կենտրոնում պետք է լինի մտավորականը, որ հոգևոր աղքատության չհասնենք, որ ոգու սով չապրենք: Հայրենիքում առաջին տեղում մտավորականը պետք է լինի, որ հայրենիքն ամրոց ու օջախ լինի: Մենք կորցրել ենք մեր տան զգացողությունը, մեր անհրաժեշտության զգացողությունը, ու՞մ ենք մենք պետք, խզվել է ժողովրդի հետ մեր կապը, իրար հետ կապը:  

***

-Ուրախ կլինեի 2000 թվականն ապրել: Մեր տարիքում պետք է լուրջ մտածել կյանքի մասին, փիլիսոփայորեն ընդունել: Ցավոք, չեմ հավատում անդրաշխարհիկ կյանքին, որ մեծ մխիթարանք է մարդու համար, քաղցր երազանք, թե ամեն ինչ վերջացած չէ:   

***

2000-ի փետրվարին Հայաստան հայրենադարձվեց Անդրանիկ Օզանյանի աճյունը: Օդանավակայանում դիմավորողների մեջ էր Վարդուհի Վարդերեսյանը: Հարցրի՝ ի՞նչ է զգում.

-Մենք այն երջանիկներից ենք, որ բախտ ունենք մեր Զորավարին դիմավորել իր տանը, դիմավորել այն մեծ հային, որ տասնամյակներ մեզ հայ է պահել:

***

Մի անգամ հարցրի՝ Մալյանից դեռ նեղացա՞ծ եք: Գիտեի, որ դժգոհ է «Հայրիկ» ֆիլմում Հովսեփի կնոջ՝ Նվարդի իր դերից: Ավելի ճիշտ՝ դերի քչությունից: Թեև ինձ համար Նվարդը Վարդուհի Վարդերեսյանի լավագույն կինոդերն է՝ մի քանի կադր, բայց ամբողջական ու սիրելի կերպար: Գիտեի, որ ցանկացել է «Կտոր մը երկինքում» խաղալ Թուրվանտա Քորոյի դերը, բայց Մալյանն ընտրել է Սոֆիկո Ճիաուրելիին: Գիտեի նաև, որ իր կարծիքով հայ կինոն… տղամարդկանց կինո է՝ տղամարդիկ ֆիլմեր են նկարում տղամարդկանց մասին: Ու հարցրի՝ հիմա՞ էլ է այդպես մտածում: 2010-ին էր:

-Ի՞նչ է փոխվել: Չէ, փոխվել է, հիմա ֆիլմեր չեն էլ նկարում: Տնազ են անում: Չգիտեմ, ես ռեժիսոր չեմ: Մալյանի՞ց: Նեղացա՞ծ: Չէ, Մալյանը հանճարեղ էր, հանճարից ի՞նչ նեղացած: Բայց կարող էր, չէ՞, ավելի ճիշտ ընտրություն անել:

***

…Նա վախճանվեց 2015-ի նոյեմբերի 24-ին՝ 87 տարեկանում: Հրաժեշտի չգնացի՝ պարզապես հնարավոր չէր նրան պատկերացնել անշարժ ու անշունչ, ինձ համար նա դեռ քայլում է, ու աշխարհը պտտվում է նրա շուրջ՝ կնոջ, որ քայլում է….

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին