Մտքովս երբեք չէր անցել, որ կարող եմ հարցազրույց անել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր, կինոյի, թատրոնի հանրահայտ արտիստ Կիրիլ Լավրովի հետ: Նա՝ ուր, ես՝ ուր: Բայց՝ պատահեց, որ նա եկել էր Երեւան մասնավոր այցով, Թատերական միությունից խնդրել էին հարցազրույց: Ու ահա նստած եմ Թատերական միության հին շենքում, որ հիմա Ֆրանսիայի դեսպանատունն է, ու սպասում եմ: Մեկ ժամ, երկու ժամ: Նա չկա, պարբերաբար ինչ-որ մեկը գալիս է ու տեղեկացնում, որ 5 րոպեից կգա, արդեն տեղ է հասնում, գալիս է, ու՝ այդպես համարյա 3 ժամ: Ինքնին հասկանալի է, որ բոլոր տիտղոսները, տաղանդն ու վաստակը հարգելով հանդերձ՝ բոլոր իրավունքներն ունեմ հեռանալու նեղլիկ սենյակից, որի լուսամուտից հիմնովին ուսումնասիրել եմ փողոցի անցուդարձը՝ ցերեկը դարձել է երեկո ու համարյա գիշեր: Երբ արդեն ձեռքս մեկնել եմ դռանը, որ անգլիական հեռանամ, համարյա բախվում ենք իրար: Ներս է մտնում շատ հոգնած ու շատ քաղաքավարի, ջինսով ու վելվետե դարչնագույն պիջակով, ոչ այնքան բարձրահասակ տղամարդ, ում միանգամից չես ճանաչի, մեղավոր ժպիտով ներողություն է խնդրում, ջուր ուզում ու նստում է.
-Եկեք, սկսենք, Դուք առանց այդ էլ մի ներկայացում սպասել եք, կներեք՝ չստացվեց ժամանակին գալ, շնորհակալ եմ, որ չեք գնացել:
Ես տալիս եմ հերթապահ, հետաքրքիր ու անհետաքրքիր հարցեր, նա պատասխանում է սառը, անտարբեր ձայնով: Զգում եմ, որ կամ ես եմ զայրացած, կամ նա է հոգնած, ու խոսակցությունը չի ստացվում: Գիտեի, որ նրա մայրական տատը Ալեքսանդր Գրիբոյեդովի ազգականն է, լեհ ազնվականական տոհմից, ծնողները դերասաններ էին, փաստացի մասնագիտական կրթություն չստացած միակ արտիստն է, որ հասել է կինոյի ու թատրոնի բոլոր բարձունքներին… Որ Լենինի դերի համար Լենինյան մրցանակ է ստացել, եւ այլն, եւ այլն, բայց ոչ ես էի նրան հետաքրքրում, ոչ նա՝ ինձ: Նաեւ այդպես է պատահում, արդեն համակերպվել էի ու համարյա վերջին հարցը տվեցի.
-Դեռ կա՞ դեր, որ կուզեիք խաղալ:
-Կա, Պոնտացի Պիղատոսի:
-Դու՞ք, Լենինից ու սոցռեալիզմի հերոսներից հետո՝ Պիղատո՞ս, Պոնտացի՞: ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական ու ոչ պետական մրցանակների դափնեկիր, ու՝ Պիղատո՞ս:
Նրա զարմանքն իմ զարմանքից ավելի էր, հավանաբար, ես պիտի հարցնեի՝ ե՞րբ եք խաղալու, թատրոնու՞մ, կինոյու՞մ, ես հնարավորությունն էի հերքում հիմքում: Նա չպատասխանեց, ոտքի կանգնեց, նայեց ինձ բացակա հայացքով… Մի քանի ակնթարթում սենյակից անհետացավ դարչնագույն պիջակով ու ջինսե տաբատով տղամարդը, ձեռքի կտրուկ շարժումով իմ առաջ հայտնվեց Հռոմեական կայսրության կուսակալ Պոնտացի Պիղատոսը, ում գլուխը ցավում էր: Նիսան ամսի 7-ին նա հանդիպել էր Յեշուային ու հիմա պիտի վճռեր՝ ու՞մ խաչելության դատապարտել եւ ու՞մ ներել: Ես Երշալաիմում էի, իմ առաջ փռված էր Հրեաստանի մայրաքաղաքը, լուսամուտից երեւում էր Դավթի տաճարը, կուսակալի պալատի խլացուցիչ լռությունը խախտում էր միայն նրա ձայնը: Ու նա՝ հռոմեացու կարմիր տոգայի տակից ոսկեգույն շապիկով, արեւի տակ փայլեցնելով կեսարի նվեր մատանին՝ քայլում էր իր պալատի ամենամեծ սենյակում ու հարցեր էր տալիս Յեշուային: Իսկ Հիսուսը լռում էր, պալատի պատերից դուրս սովորական կյանքն էր, բայց օդն այնքան էր էլեկտրականացել, որ զգացվում էր՝ դարաշրջան է փոխվում՝ ժամանակներն ավարտվել են, նոր ժամանակներ են սկսվում, Պոնտացի Պիղատոսը կանգնած է խաչմերուկում ու… չգիտի ինչ անել: Իսկ Հիսուսը լռում է: Եվ այդ խլացնող լռության մեջ կուսակալը կայացնում է իր ճակատագրական վճիռը՝ նա ոչինչ չի վճռում: Բայց՝ խոսում է, խոսում, խոսում, բացատրում է, պահանջում է, մեղադրում է, արդարանում է… Ես Երշալաիմում էի, ու ինձ Բուլգակով պետք չէր՝ համոզվելու, որ իմ առաջ Պոնտացի Պիղատոսն է:
- Այսպես,-ասաց ու նստեց բազկաթոռին՝ միանգամից վերածվելով…Կիրիլ Լավրովի:
Եթե որեւէ մեկը պատմեր, չէի հավատա, բայց աչքերիս ու ականջներիս եթե չհավատայի, զգացողությանս, որ հանդիպել եմ Պոնտացի Պիղատոսին, չհավատալ չէի կարող: Ես նայում էի նրան ու չէի ուզում խոսել, որ կախարդանքը չցրվի, որ մնամ մեր թվարկության սկզբին՝ խորապես համոզված, որ ահա այս մարդը իմ ներկայությամբ կարող էր փոխել դարերի ընթացքը, բայց նա ո՞վ էր, որ չկատարեր Աստծո կամքը: Չեմ հիշում, թե ինչ ասացի, բայց վեր կացա ու համբուրեցի: Իսկ նա հանկարծ քրքջաց.
-Դուք խառնեցիք իրար ամեն ինչ, ես Հիսուսը չեմ, Դուք Հուդան չեք, երեւի ես վատ դերասան եմ:
…Ինչու՞ անծանոթ մի քաղաքի փոքրիկ մի սենյակում, միակ ու անշնորհակալ հանդիսատեսի առաջ խաղացվեց խելահեղությանը սահմանակցող այդ տեսարանը: Հազիվ թե իմ թերահավատությունը նրան այնքան վիրավորեր, որ որոշեր տեղում իր դերասանական վարպետությունը ապացուցել: Պարզապես Կիրիլ Լավրովը դեպի Պոնտացի Պիղատոս իր ճանապարհին էր: Եվ Երշալաիմը, Կայիափան, Յեշուան, Տիբերիոսը, Բարրաբան նրա մեջ արդեն այնքան շատ էին, որ պետք էր ափ նետել ինչ-որ բան, ազատվել կամ գտնել: Ես նրան պետք էի իբրեւ լակմուսի թուղթ, որով փորձարկեր իր գտածի ճիշտն ու սխալը իմ՝ անհավատիս, արձագանքում:
Երբ 5 տարի անց՝ 2005-ին էկրան բարձրացավ «Վարպետն ու Մարգարիտան», Կիրիլ Լավրովը խաղում էր Պոնտացի Պիղատոս: Ամեն ինչ կար՝ ոտքից գլուխ հռոմեացի կուսակալը, Սերգեյ Բեզրուկովի սքանչելի Յեշուան, հրեաների հավերժական մեղքի Կայիափան, չկար բնական-իրական Երշալաիմը, որ մի քանի րոպեով հայտնվեց ու անհետացավ երեւանյան գիշերվա մեջ ու վերադարձավ իր չափում, չկար Տիբերիոսի կուսակալը, որ վախենում էր Տիբերիոսից, որից վախենում էր Երշալաիմը: Չկար Պոնտացի Պիղատոսը, որ ժամանակների սկզբում փորձում էր հռոմեական իրավունքը համադրել արդարության իրավունքին ու չսխալվել: Պարզապես Երեւանում ես հանդիպել էի Պոնտացի Պիղատոսին, էկրանին Պոնտացի Պիղատոսի դերակատար Կիրիլ Լավրովն էր, որ նույնպես սքանչելի էր, բայց արդեն ոչ թե ինքն էր, այլ՝ իր մասին:
…2007-ին Կիրիլ Լավրովը հեռացավ կյանքից, ես հրաժեշտ տվեցի Պոնտացի Պիղատոսին արցունքներով:
Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: