Հրանտ Մաթեւոսյան․ «Մեզ Հայրենիք է պետք» - Mediamax.am

Հրանտ Մաթեւոսյան․ «Մեզ Հայրենիք է պետք»
6005 դիտում

Հրանտ Մաթեւոսյան․ «Մեզ Հայրենիք է պետք»


Կարդացեք նաեւ. Հրանտ Մաթեւոսյան. «Հաջորդ անգամ կարտոֆիլը չխաշեք»

Կարդացեք նաեւ. Հրանտ Մաթեւոսյան. «Ստերիլ ժամանակներ չեն լինում»

1995-ի փետրվարն էր, լրանում էր Հրանտ Մաթեւոսյանի 60-ամյակը: Պիտի գնայի հարցազրույցի, կիրակի էր, ձյունոտ ու ցուրտ օր էր: Մեր տնից Պուշկինի փողոց ոտքով կես ժամվա ճանապարհ էր, բայց ո՞նց գնաս դատարկ ձեռքով: Ու ի՞նչ տանես ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ: Մայրս ասաց՝ կոնյակ տար, տանը ընտիր կոնյակ կա: Չհամաձայնեցի՝ Հրանտ Մաթեւոսյանը կոնյակ չի՞ տեսել: Տեսել է: Ամեն ինչ էլ տեսել է, ամեն ինչ էլ ունի: Փողկապ չի սիրում, որ փողկապ գտնեմ: Համ էլ՝ ես նրա ի՞նչն եմ, որ անձնական իր նվիրեմ, ասենք, օծանելիք: Կամ՝ շարֆ: Դա մտերիմների իրավունքն է: Մայրս ասաց՝ գիրք տար: Ի՞նչ գիրք: ԳՐՈՂԻ՞Ն: Հայրս, որ լսում էր մեր խոսակցությունը, ասաց.

-Երեկ գյուղից մի լավ դդում են բերել, տար, գյուղի դդում է՝ սիրտը կուզի: Համ էլ՝ ոչ մեկի մտքով չի անցնի ծննդյան օրը դդում տանել՝ պատմության մեջ առաջինը կլինես:  
Դդու՞մ: Որ՝ ի՞նչ: Ես՝ ինձ դդում զգալով ու հայհոյելով, գրկեցի կլորիկ դդումը ու գնացի: Ուրախացավ: Հոտ քաշեց, ձեռքերի մեջ պտտեց ու դրեց հյուրասենյակի սեղանի կենտրոնում.

-Մեր կինը գա, կեփի, դու մեղրով դդում կերած կա՞ս:

-Չէ, մամաս դդումից մուրաբա է եփում, դա եմ սիրում:

-Ես սոված եմ, արի հաց դնենք:

Վիճակս վիճակ չէր, ուզում էի արագ անցնել հարցազրույցի, դեռ պիտի ձայնագրիչից հանեի, հասցնեի երեքշաբթի օրվա համարին, բայց ոնց ասեմ՝ հացի ժամանակ չի:

-Ես քաղցած չեմ, գուցե սկսենք:

-Դու քաղցած չես, ես սոված եմ, արի,-ասաց ու գնաց խոհանոց:

Ու՝ սկսվեց: Հերթով բացեց պահարանների բոլոր դարակները ու փակեց, բացեց սառնարանը ու փակեց, բացեց գազօջախի վրա դրված կաթսաներն ու փակեց:

-Չէ, սրանք չեմ ուզում, արի ձվածեղ անենք:

-Մե՞նք:

-Չէ, դու, ես կնայեմ:

-Ե՞ս:

Ինձ վստահվեց միայն ձվերը կոտրելն ու հարելը:

-Չէ, քեզնից խոհարար դուրս չի գա, սառնարանից կանաչիները հանի: Մի վախեցի՝ շուկայից չեն:

Հանեցի, լվանում էի, ձեռքիցս վերցրեց ու սկսեց մանր կտրատել, հավեսով, ուղիղ, հավասար: Հետո լցրեց տապակի մեջ, ավելացրեց ձեթն ու հեռացավ գազօջախից, նստեց սեղանի մոտ, սիգարետը վառեց ու կկոցած աչքերով նայում էր՝ ինչպես եմ կանաչին տապակում:

-Աղը, աղը հիմա արա, որ ներծծվի: Դե ձվերն ավելացրու: Չվառես, խառնի: Դանդաղ:  
Սեղանին հայտնվեցին հացն ու պանիրը, թթուն, աղը, ձվածեղը, էլի ինչ-որ ուտելիքներ: Ես արդեն սկսել էի հասկանալ, որ հարցազրույցի տրամադրություն չունի, ձվածեղի արարողությունը բնավ էլ սովածության հետեւանք չէ: Մինչ մենք կծմծում էինք մեր ձվածեղը, որ աշխարհի ամենահամով ձվածեղն էր, եկավ տիկին Վերժինեն:

-Հրա՞նտ, տոլման թողած՝ ձվածե՞ղ եք ուտում: Էս ո՞վ է արել:

Հրանտ Մաթեւոսյանը մատնացույց արեց ինձ, ես՝ իրեն:

-Ինձ էլ կտա՞ք,-ծիծաղելով հարցրեց տիկին Վերժինեն:

-Դու կեր, մենք գործ ունենք, արի, արի, դու հարցազրույցի չե՞ս եկել,-ասաց ու գնաց աշխատասենյակ:  

Գնացի: Հարցազրույցը ստացվեց՝ «Մենք բոլորս անկրկնելի ենք»՝ («ՀՀ», 1995, 11.02): Իսկապես բացվեց ու երկար խոսեց: Երբ ավարտեցինք, արդեն մթնում էր, ասաց. «Հոգնեցի, քեզ ճանապարհեմ, ես էլ մաքուր օդ շնչեմ»:

Միասին դուրս եկանք ու քայլեցինք մեր տան կողմը, ցերեկը արեւից հալված ձյունն արդեն սառել էր, ես իմ բարձրակրունկներով սայթաքում էի ու հազիվ պահում հավասարակշռությունս:

-Հերիք չի՞ քյանդրբազություն անես, մտի թեւս,-ասաց հերթական գայթելուցս հետո:

Հեշտ է ասել, ո՞նց մտնեի: Ինձ թվում էր՝ ամբողջ փողոցը մեզ է նայում, կիսամութի մեջ մարդիկ կանգնում, բարեւում, խոսում էին նրա հետ, ու՝ թեւից ինչ-որ մեկը կախվի՞, որ չընկնի, բայց ընկնելն ավելի ամոթ էր: Ես րոպե առաջ ուզում էի տուն հասնել, իսկ նա չէր շտապում: Հասել էինք Հանրապետության փողոցի տպարանին, կանգնեց, նայեց փակ դռներին.

-Հրաչն ու ես այս տպարանում գրաշար էինք, գիշերներն աշխատում էինք, ցերեկները սովորում: Լավ ժամանակներ էին, այնքան նպատակներ ունեինք, ժամանակը միշտ չէր հերիքում: Փող էլ չկար, գիտես՝ ուզում էի սպիտակ տաբատ-պիջակով, սպիտակ գլխարկով, ձեռքերս գրպանս դրած քայլել Երեւանի փողոցներով, ու՝ որ ծառերը ծաղկած լինեն, երեխաները վազվզեն, մի քիչ անձրեւ գա, անձրեւից հետո օդը ուրիշ բույր ունի, արեւ դուրս գա, իսկ ես քայլեմ-քայլեմ ու հասնեմ…

- Հասա՞ք,-հարցրի, երբ երկար լռեց:

-Չէ, չգնացի:

-Ինչու՞:

-Կյանքը ուրիշ տեղ տարավ:

-Դժգո՞հ եք:

-Ոչ, բայց ուրիշ էր: Ամեն ինչ ուրիշ էր, իմ ուզածն էր, բայց ուրիշ էր: Այնքան ժամանակ եմ կորցրել: Կարող էի գրել, բայց չէի գրում:

-Հիմա գրեք:

-Հիմա չեմ ուզում:

-Չի՞ գրվում:

-Գրվում է, ընթացիկ գիր չեմ ուզում: Գիրդ քարագիր պիտի լինի: Այդպես:   

Հասել էինք մեր շենքի մոտ, հայրս դուրս էր եկել ինձ դիմավորելու: Ծանոթացրի:

Հայրս տուն հրավիրեց:

-Ուշ է, տուն գնամ, մի ուրիշ անգամ: Ձեր տնից ձախ եմ թեքվելու, չէ՞:

-Այո, Ալեք Մանուկյանով մինչեւ Վարդան Մամիկոնյանի արձանը, ու՝ ուղիղ, կուզե՞ք՝ ուղեկցեմ:

-Եթե չես մրսի, գնանք:

…Հայրս երկու ժամից տուն եկավ, պարզվեց՝ զրուցելով մի քանի անգամ ուղեկցել են իրար, ու վերջը բաժանվել Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ, որ «ազնիվ լինի»:

«Մեկ էլ Վիլյամ Սարոյանի հետ խոսելիս եմ զգացել այսքան ուժ, այսքան պարզություն ու այսքան իմաստունություն»՝ ասաց բանասիրական գիտությունների թեկնածու հայրս, երբ հարցրի՝ այդքան երկար ի՞նչ էիք խոսում:         

***

Մի անգամ ասաց. «Որ պատկերացնում եմ՝ ես արդեն Թումանյանից մեծ եմ…», ու՝ չշարունակեց:

-Բա Չարենցի՞ց: Թումանյանը գոնե 54 տարի ապրեց, Չարենցը՝ 40:

-Չարենցը բացարձակ է, Թումանյանը՝ ընդմիշտ:

***

Իր սքանչելի աշխատասենյակում հերթական հարցազրույցից հետո, երբ արդեն պատրաստվում էի դուրս գալ, գրասեղանի դարակից հանեց մի գրիչ ու մեկնեց ինձ.

-Քեզ նվեր, կպահես ինձնից հիշատակ:

Անսպասելիությունից շնորհակալության փոխարեն ասացի.

-Ինձ Վազգեն Վեհափառն էլ է գրիչ նվիրել, ու՝ օրհնել է:

-Դե, ես հոգեւորական չեմ, հազիվ թե օրհնեմ, բայց եթե ձայնս Աստծուն հասնի, մի երկու բառ կասեմ ի պաշտպանություն քեզ: Վազգեն Առաջինի՞ հետ էլ ես հարցազրույց արել:

-Չէ, երբ դարձա իմ ամսագրի խմբագիր, խնդրեցի, որ օրհնության գիր տա:

-Տվե՞ց:

-Իհարկե, խմբագրությանս պատին է, հրաշալի խոսք է՝ իր ստորագրությամբ, շրջանակել եմ ու սրբապատկերի պես պահում եմ:

-Որ օրհնեց, ի՞նչ ասաց:

-Օ, դա երկար ու ցուրտ պատմություն է:

-Ցու՞րտ:

-Շատ ցուրտ:

-Լավ, ես մրսկան եմ, բայց՝ պատմի:

-«Հայոց լեզուն եւ գրականությունը դպրոցում» ամսագրի գլխավոր խմբագիր էի դարձել, մի ամիս հետո պետական ֆինանսավորումը դադարեց, դուռ չմնաց, որ չթակեմ: Գնացի նաեւ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գարեգին եպիսկոպոս Ներսիսյանի մոտ՝ խորհուրդ հարցնելու՝ եկեղեցուն դիմել, թե ոչ: Ասաց՝ Վեհափառի օրհնության խոսքը քեզ կօգնի, ինքն էլ օգնեց, որ հանդիպեմ Վեհափառին: 1991-ի հունվարի 18-ին ամսագրի պատասխանատու քարտուղար Միքայել Մարտիրոսյանի հետ գնացինք: Ժամը 1-ին պիտի Էջմիածնում լինեինք, 11-ին Երեւանից դուրս եկանք, որ չուշանանք, կես ճանապարհին մեքենան խափանվեց՝ ոչ հետ, ոչ առաջ: Մեխակներ էինք գնել, ցուրտը տարավ: Խայտառակ ցուրտ, սառույց, ու՝ փչացած մեքենա: Միքայելը բզբզում էր, ես փորձում էի մեքենա կանգնեցնել: Հասանք 2.45, սառած, հույսներս կտրած, որ Վեհափառը կընդունի, գնացինք, որ ուշանալու համար ներողություն խնդրենք: Ընդունեց, ուշադիր լսեց, տաք թեյ հյուրասիրեց, ասաց՝ եկեղեցին չի կարող մամուլ ֆինանսավորել, բայց ես անձնապես կփորձեմ: Յոթերորդ երկնքում էինք, ու ոգեւորված՝ խնդրեցի, որ Միքայելին օրհնի՝ 30-ամյակն էր: Վեհափառը ձեռքը դրեց Միքայելի գլխին ու երկար աղոթեց, հետո ինձ հարցրեց՝ «Քո ծննդյան օրը ե՞րբ է», «Դեռ շատ կա՝ հուլիսին»՝ պատասխանեցի՝ առաջին ու վերջին անգամ ափսոսելով, որ հունվարի 18-ին չեմ ծնվել: Երեւի Վեհափառը զգաց, ձեռքը իմ գլխին էլ դրեց ու ինձ էլ օրհնեց: Բառերը չեմ հիշում, այնքան ցածր էր խոսում, համարյա անլսելի, բայց աջից տաքություն էր տարածվում, ու ոնց որ նորածին լինեի՝ մկրտեր: Ուզում էինք դուրս գալ, ասաց. «Ծննդյան օրը վայել է նվեր ստանալ», մոտեցավ իր գահավորակի հետեւի պահարանին, երկար տնտղեց, մի քանի գրիչ՝ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին» մակագրությամբ ու երկու նոթատետր հանեց, պարզեց մեզ ու ասաց. «Այս գրիչներով ու այս թղթերին միայն բարի ու անհրաժեշտ բառեր կգրեք: Ոչ մի ավելորդություն: Ու՝ անպայման հայերեն: Միմիայն հայերեն»: Ոնց որ հեքիաթ լիներ: Աշխարհի չափ ափսոսում եմ, որ աջը համբուրելիս՝ ծնկի չեմ եկել:

-Վազգեն Վեհափառը հայոց եկեղեցու հիմնասյունն է: Գրիչը պահե՞լ ես:

-Իմը՝ սեյֆում, մնացածը խմբագրության աշխատողներին բաժանեցի ու ասացի՝ ոչինչ չգրեք, եթե չզգաք, որ ձեզնից բացի ոչ ոք դա չի գրի: Նոթատետրում էլ դեռ ոչ մի բառ չեմ գրել: Սեյֆում է՝ գրիչի կողքին:  

-Լավ, իմ գրիչը սեյֆում չպահես, ձեռքիդ ունեցիր, սրանով «Մեծամորն» եմ գրել:

-Ես Ձեզ ասե՞լ եմ, որ «Մեծամորն» ամպի չափ սիրում եմ:

-Ոչ, ասել ես, որ «Ծառերն» ես աշխարհի չափ սիրում:

-Մեկ էլ՝ «Կանաչ դաշտը»:

…1995-ի ամռան վերջին օրը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Վազգեն Վեհափառի հուղարկավորության ժամանակ առաջին անգամ Հրանտ Մաթեւոսյանի արցունքները տեսա:

***

- «Նահապետ, մենք սպասում ենք Ձեր նոր գրքին»՝ ինչ-որ հանդիպման ժամանակ դիմեցին Հրանտ Մաթեւոսյանին:

- Նահապետը ես չեմ, Սոսն է, նրանից սպասեք:

- Դուք Սոս Սարգսյանին իսկապես նահապե՞տ եք համարում,- մի քանի օր հետո հիշեցնելով իրեն ուղղված հարցն ու իր պատասխանը՝ հարցրի ես.

-Իր գործի մեջ՝ այո: Սոսը մեծ, շատ մեծ դերասան է, բայց Վահրամ Փափազյան չի:

- Հրաչյա Ներսիսյան էլ:

- Պաթոսի խնդիր է, ի՞նչ էին խաղում Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը: Շեքսպիր: Դասական ռեպերտուար: Համաշխարհային: Համամարդկային: Կլասիկայի մեջ դու էլ ես կլասիկ դառնում: Սոսի բախտը չբերեց: Իմն էլ՝ մի 100 տարի առաջ, կամ հետո պիտի ծնված լինեի, մնաց էպոխաների արանքում՝ մեկը գնաց, մյուսը չեկավ:

-Բայց Ձեզ Նահապետ են ասում ու սրտանց են ասում:

-Հա՞ որ, թե՞ ուզում են ինձ բարձրացնելով՝ իրենք էլ բարձրանան, նահապետավորվեն: Չգիտեմ, ինձ դուր չի գալիս: Ես նահապետ չեմ, ես ես եմ: Այդպես:  

***

Հարցրի. «70-80-ականների համարյա բոլոր գրողները կամ վախճանվեցին, կամ դադարեցին գրել՝ չմնացին այն գրողը, գեղագետը, որ արտահայտում էր երկրի, ժողովրդի, ժամանակի առանցքային խոսքը: Ի՞նչ կատարվեց, ինչու՞»:

-Կատարվեց այն, ինչ հաճախ է կատարվում գրողների հետ: Տոլստոյի հետ կատարվեց, երբ հրաժարվեց գեղարվեստից ու անցավ քաղաքականություն: Գալիս են ժամանակներ, երբ անբարոյականություն է իրականության առջեւ զբաղվել գրականությամբ: Բոլորիս համար էլ նույնը կատարվեց՝ անհնար էր այս իրականության առջեւ այլեւս գրականություն գեղգեղալ: Վանոն ու Վազգենը շարունակեին լավ պատմվածքներ գրե՞լ, Լեւոնը շարունակեր հիերոգլիֆներ վերծանե՞լ: Անհնար էր: Բայց գրողներս մեռնող-հառնող ժողովուրդ ենք, ինչպես Սարոյանն էր ասում՝ մենք մեկ անգամ չենք մեռնում: Այնպես որ՝ մնացեք մեր հարությանը սպասելով:

***

1999-ի հոկտեմբերի 27-ին ես Էջմիածնում էի՝ կաթողիկոսի ընտրությանը: Երեւան հասանք կիսամութին, ոչ ոք չգիտեր՝ ի՞նչ է կատարվում, բայց եթե դու աշխատում ես պետության թիվ 1 թերթում, ցավդ պիտի զսպես ու …գործ անես: Հոկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության» համարը այսօր թերթելով՝ այն ժամանակ դեռ անհասկանալի այնքան շերտեր են բացվում: Ամենայն հայոց 132-րդ Վեհափառի ընտրության մասին արագ-արագ գրելով ու նյութը մուտքագրման հանձնելով՝ պիտի զանգահարեի ու իրենց մեկնաբանությունը խնդրեի մտավորականներից: Այդին Մորիկյանը, որ այդ ժամանակ արդեն «ՀՀ»-ում չէր աշխատում, եկել էր խմբագրություն: Երկուսս էլ շոկի մեջ էինք, նա առաջարկեց՝ զանգի Հրանտ Մաթեւոսյանին: Զանգեցի, լացակումած, բառերի մեջ կորչելով խնդրեցի, որ խոսք գրի.

-Չլացես: Ոչ մի արցունք, հիմա չէ, քեզ հավաքի, հետո, հետո միասին կլացենք, երբ հասկանանք՝ ինչ է եղել: Կես ժամ ժամանակ տուր:

20 րոպեից ինքը զանգեց ու թելադրեց.

«Ովքեր էլ լինեն այդ մարդասպանները, ինչ նպատակի էլ ուղղած լինեն իրենց գործողությունը, նրանք իրենց զոհերից ավելի մեծ բան են սպանել: Նրանք Հայաստանն են սպանել: Այս ամբողջը Մայր Հայրենիքի դեմ է: Թող ուրախանան այն ճիվաղները, ովքեր արդարության անունով, հանուն արդարության վանդակաճաղեր էին պահանջում մեղավորների համար- ահա վանդակաճաղերը: Եկել են Ազգային ժողովում հաշվեհարդար են անում ազգի հետ՝ «հանուն արդարության»: Սպանել հայոց բանակը ստեղծողին, սպանել ամենավստահ, ամենակայուն, ամենաքաջ, հայոց մեր բոլոր ժամանակների ամենամեծ Զորավարին, մեր բոլոր ժամանակների մեջ մեզ մի եզակի անգամ հաղթանակ բերած մեր տղային՝ Վազգենին, մեր թշնամի թուրքն իսկ չէր անի:

Սպանել Կարենին՝ մեր 20-ամյա ծաղկումի այգեպանին-մեր տան մեծ տղային, դուշմանն իսկ չէր անի:

Անփոխարինելի չեն, իրենց անփոխարինելի արժանիքներով հանդերձ, ոչ Վազգենը, ոչ Կարենը: Հայաստանը կարող է ու պետք է գնա իր ճանապարհով, այն ճանապարհով, որի մեծ բացողները եւ ճամփորդներն էին մեր այդ մեծ եղբայրները…»:

Մինչ արագ-արագ մաքրագրում էի, որ տամ մուտքագրողներին, ասաց. «Հեռախոսը տուր Այդինին»: Մաքրագրել էի, մուտքագրել էին, սրբագրում էի, Հրանտ Մաթեւոսյանը խոսում էր, Այդին Մորիկյանը միայն գլխով էր անում ու արցունքները մաքրում: Ի՞նչ էր ասում Հրանտ Մաթեւոսյանը: Այդինը լռեց պարտիզանի պես, Հրանտ Մաթեւոսյանը ասաց՝ չգիտեմ, չեմ հիշում:

***

- Վանոյից լուր կա՞,-հարցրեց Այդին Մորիկյանը, երբ երեքով հանդիպել էինք Մեսրոպ Մաշտոցի պողոտայի «Մետելիցա» սրճարանում:

-Չկա, լիներ էլ՝ ասողը չէի:

-Բայց գրում է, չէ՞,-շարունակեց Այդինը,- Վազգենից հետո Վանոն մնաց, որ նա էլ չգրեց, հայ արձակի հոգեհանգիստը Դուք եք անելու:

- Վազգենի գիրը իր նման նրբազգաց ու հաստատուն է, Վանոյինը՝ իր նման սուրլեզու ու հեռատես: Երկուսն էլ սրատես են, չգիտես՝ ուրկից ուր կտանեն: Ես իմ գրի հոգեհանգիստը չեմ արել, ուր մնաց՝ հայ արձակի: Մի շտապի, դեռ ճանապարհ կա: Մի տղա կա՝ Լեւոն Խեչոյան: Ձեռքը՝ պինդ, միտքը՝ առաջ վազող, աչքը՝ լուսավոր: Կարդացե՞լ եք:

-Մի երկու պատմվածք մամուլում,-ասաց Այդինը, ես խոստովանեցի, որ չեմ հիշում:

- Ամոթ է, գրականությունից կտրվել ես, գիրքը կա՝ կարդա: Քո մասին է գրում, իմ մասին, իր մասին: Առանց հետին մտքի ու առանց հայկական ավանդական դառնության, որ փոքր ենք, գրողի բաժին պիտի դառնանք: Չի ողբում, չի նվնվում, մեջը ներվ կա: Կարդա: Որ սովորես դանդաղ գրել, որ սովորես մտածելով գրել:

-Ես որ մտածեցի, չեմ գրի,- ծիծաղեցի ես:

-Հա, ճիշտ է ասում, որ մտածելով է գրում, բոլորովին կարդալ չի լինում: Գիտե՞ք, չէ, ամենամանրամասն, տեղը տեղին գրում էր այն միջոցառումների մասին, որոնց չէր հասցրել գնալ, կամ ես էի մոռացել ասել, բայց նյութ պիտի գրվեր,- շարունակեց Այդինը:

-Դուք երկուսով ավանտյուրիստ եք, ձեզնից ամեն ինչ հավատալու է, կարո՞ղ է մի օր էլ առանց ինձ՝ ինձ հետ հարցազրույց անես ու դնես սեղանիս:

- Կանի, կանի,-շարունակեց ծիծաղել Այդինը:

- Դե որ Այդինը ասաց, կանեմ, ճարս ի՞նչ,-պատասխանեցի ես:

- Արա, բայց առանց ինձ չտպեք:

Հանդիսավոր խոստացանք:

***

2000-ի փետրվարի 17-ին վարչապետ Արամ Սարգսյանի ջանքերով Փարիզից Երեւան բերվեց Անդրանիկ Օզանյանի աճյունը՝ Վազգեն Սարգսյանի ցանկությունն էր, որ չէր հասցրել կատարել: Կեսգիշերին «Զվարթնոցում» հազարից ավելի դիմավորողներ կային, ու՝ զարմանալի լռություն, որ լինում է միայն տաճարներում: Հայաստանի Գրողների միության նախագահ Հրանտ Մաթեւոսյանը կանգնել էր մենակ՝ Արարատի դեմ դիմաց, սքանչելի լիալուսին էր ու թվում էր՝ լույսը երկնքից կաթում է ուղիղ նրա վրա: Հասկանում էի, որ չի կարելի խախտել նրա առանձնությունը, բայց եւ չէի կարող չմոտենալ, նույնիսկ հարց չտվեցի, խոսեց՝ խորունկ, տիեզերքի խորքից երկիր ընկնող ձայնով, թեթեւակի ձգձգելով, շեշտելով ամեն բառը. «Այն ոտքերը, որ Բյուրակնից Սասուն, Սասունից Վան, Թիֆլիս ու Փարիզ հայոց բոլոր արահետները գիտեին, վերջին ճանապարհն են բռնել դեպի հայրենի հող: Մենք ուրիշ տեղերում սուրբ շիրիմներ շատ ունենք, բայց սա այն բացառիկ դեպքն է, որ պիտի վերադառնար, պիտի կայաներ իր որդիների, արցախյան ազատամարտի հերոսների մեջ եւ պսակեր մեր պայքարի Եռաբլուրը»:  

***

Վերջին հարցազրույցը, որ տպագրվեց Այդին Մորիկյանի խմբագրած «Օրրանում», 2002-ի սեպտեմբերի 4-ին էր: Առաջին հարցս.

-Ձեր կարծիքով՝ այսօր մեզ ամենից շատ ի՞նչ է պետք:

-Հայրենիք է պետք:

-Հայրենի՞քն է մեզ պետք, թե՞ մենք հայրենիքին:

- Մի ֆրազաբանիր: Հա, մեզ Հայրենիք է պետք: Հայրենիքը խուսափել է մեզնից, երկիրը դատարկվել է Հայրենիքից: Երկիրն ամայացել է: Հայրենիք չկա: Չարենցյան տողերով՝ «Հրացանների որոտով մենք Հայրենիք էինք ուզում, իսկ Հայրենիքը փախչում էր այդ որոտից»: Հայրենիք է պետք:

Վերջին հարցս.

-Մեզնից հետո եկողին ի՞նչ ենք ասելու:

-Ասված է՝ «Յոթ խորհուրդ գալիքի սերմնացաններին»: Եթե հասկացան…

***

Գիտեի, որ հիվանդ է, իհարկե, ուզում էի ամեն օր զանգել, բայց շաբաթը մեկ էի զանգում, երբեմն էր հաջողվում ձայնը լսել: Այդ օրը բախտս բերեց, հեռախոսը ինքը վերցրեց, ասաց, որ լավ է, մի կես էջ գրել է:

-Կտա՞ք կարդամ,-ամեն ինչ մոռացած՝ հարցրի ես:

-Վերջացնեմ՝ նոր: Իսկ դու գրելը թողեցիր, գնացել ես Ազգային ժողով ի՞նչ ես անում, չեմ հասկանում:

-Դե ես էլ չեմ հասկանում, աշխատում եմ, էլի: Խոստանում եմ, դիսերտացիաս անպայման գրելու եմ, ու առաջինը Դուք եք կարդալու:

-Ես քեզ չստիպեցի, դու ասացիր: Սպասում եմ, շատ մի ձգձգի: Մաքուր հայացք, չփչացած խոսք է պետք, գրականության ցեցը չկերած…

…Չգրեցի, դոկտորականս՝ «Հրանտ Մաթեւոսյան» չգրեցի, տարիներն ինձ էլ ուրիշ տեղ տարան, որտեղ գրականություն չկար, կամ կար՝ չգրված:

***

Երեկոյան 9-ի կողմերն էր, նոր տուն էի մտել, զանգահարեց Այդին Մորիկյանը.

- Հրանտ Մաթեւոսյանը մահացավ:
-Բ այց մի շաբաթ առաջ իրենց տանն էինք, լավ էր, ո՞նց…

-Գիտես, չէ՞, իր ձեռքով գրած վերջին բառերը. «Տեսա՞ր՝ ինչ դրին մեր գլխին Զանգեզուրի իշխանները: Հովհաննես Թումանյան»: Ես չեմ հասցնի, նայի՝ Թումանյանը որտե՞ղ է այդ բառերը գրել:

…Մինչեւ այսօր չեմ գտել, որ Թումանյանը որեւէ տեղ գրած լինի, բայց վստահ եմ, որ Թումանյանն իրոք ասել է. «Տեսա՞ր՝ ինչ դրին մեր գլխին Զանգեզուրի իշխանները»:

***

Դեկտեմբերի 20-ին Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Հրանտ Մաթեւոսյանի հոգեհանգիստն էր, ինձ թվում էր՝ եկեղեցին լիքն է լինելու ու չենք կարողանալու նույնիսկ մոտենալ նրան: Այդին Մորիկյանի ու Արամ Սարգսյանի հետ նստեցինք կիսադատարկ եկեղեցու սառը նստարաններին, նրանք շշուկով պատմում էին Հրանտ Մաթեւոսյանի հետ վերջին հանդիպման մասին, որ ինձ չէին տարել, հիշում ուրիշ հանդիպումներ: Ես անընդհատ սպասում էի, որ լսելու եմ նրա խզված, տաք ձայնը, բայց լռությունը եկեղեցում ավելի լուռ է:

…Հաջորդ օրը հուղարկավորության ժամանակ սկսեց ձյուն գալ: Մեծ, անսովոր մեծ փաթիլներով: Մի քանի րոպեում բոլորս ծածկվեցինք ձյունով: Միայն Հրանտ Մաթեւոսյանի դեմքին ու ձեռքերին փաթիլներ չկային: Պարզապես չկային: Չգիտեմ՝ ինչպե՞ս: Չգիտեմ՝ ինչու՞: Հակառակ բնության ու տրամաբանության օրենքներին:

Հետո Այդինը հարցրեց.

-Նկատեցի՞ր, որ ձյունը չէր նստում դեմքին: Փշաքաղվեցի:

-Հա, երեւի չէր կարող: Այդպես:

-Ի՞նչ չէր կարող:

-Չգիտեմ:

…Ես հիմա էլ չգիտեմ՝ ինչու՞ Հրանտ Մաթեւոսյանն այդքան վաղ հեռացավ: 67 տարեկանում: Համոզված եմ, որ պատճառը հիվանդությունը չէր՝ հիվանդությունը հետեւանք էր: Հետեւանք էր հոկտեմբերի 27-ի, ցավի, որ ապրում ես բաց նյարդով ու որից ոչինչ չի ազատում, որովհետեւ դու երկրի աղն ես, դու առանցքն ես, որը շեղվեց՝ Երկիրը կորցնելու է ձգողականությունը, ու ամեն ինչ գնալու է գրողի ծոցը: Ու քո աշխարհի չափ մեծ սիրտը չի դիմանում նրանց կարոտին, ում սիրել ես, ում համարել ես քո հոգեզավակը, ու քո ներկայությամբ խոսելիս՝ նրանք նույնիսկ հայացքները չեն բարձրացրել: Սիրո սագան՝ միշտ անավարտ, միշտ ցավոտ, միշտ լույսի մեջ:


Կարդացեք նաեւ. Հրանտ Մաթեւոսյան. «Հաջորդ անգամ կարտոֆիլը չխաշեք»

Կարդացեք նաեւ. Հրանտ Մաթեւոսյան. «Ստերիլ ժամանակներ չեն լինում»


Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին