Հրանտ Մաթեւոսյան. «Ստերիլ ժամանակներ չեն լինում» - Mediamax.am

Հրանտ Մաթեւոսյան. «Ստերիլ ժամանակներ չեն լինում»
2103 դիտում

Հրանտ Մաթեւոսյան. «Ստերիլ ժամանակներ չեն լինում»


Կարդացեք նաեւ. Հրանտ Մաթեւոսյան. «Հաջորդ անգամ կարտոֆիլը չխաշեք»

Հարցրի՝ «Արվեստն արվեստի համար»՝ կա՞ այդ սկզբունքը՝ մաքուր արվեստ:

- Երբ արվեստն արվեստի համար է, միայն այդ դեպքում է դառնում մարդու համար: Արվեստն արվեստի համար է արվում, երբ պատվեր չի կատարում, իդեալ է տալիս, հասարակությանը հարստացնում է, դառնում կատարելության զինանշան: Նայիր՝ նույն Չարենցի օրինակով՝ երբ փորձել է ոճավորել, գրել կուսակցության համար, հանճարեղ մարդ էր, այդ գործերն էլ կարող ես փրկված համարել: Եթե մի ուրիշը հարձակվի, ես այդ գործերը կպաշտպանեմ, բայց դա չէ իրական, մեծ գրականությունը, այլ այն, որ ստեղծվեց միայն իր համար՝ «Դեպի լյառն Մասիս»՝ արվեստն արվեստի համար, գրականության համար: Ոճավորումներն ինչ փառահեղ էին, չէ՞…

-«Կապկազ թամաշան», լենինյան շարքը: Վերջապես՝ «Ռոմանս անսերը»՝ նողկալի է, ստորություն, բայց հրաշք ստորություն է, զգում ես, որ ուժ կա, Չարենց կա, «Դանակը՝ բկին» չէ:

-Այդ կտրուկ վերաբերմունքն անհրաժեշտություն էր ժամանակին, եթե նկատի ունենանք միջակության ստեղծած այն շարադրանքը, որ նրա այդ վերաբերմունքի հետնաբեմում է, լորձոտ մի գրականություն, որի դեմ կռվում էր Չարենցը:

- Չարենցն ահավոր է՝ ոչ կհասնես, ոչ կհեռանաս:

-Իսկ դու պատկերացրու մի մշակույթ, որի Չարենցները շատ խոշոր, բայց առօրյա են իրենց համար եւ անընդհատ այդքան սուր են դնում պրոբլեմները ու գրականության անընդհատ մակարդակ ապահովում: Մեզնում դա հնարավոր չեղավ՝ ով փորձեց բարձրանալ, գավառը գլխին խփեց:

-Մաշտոցին հարություն չտա՞նք՝ այբուբենը սովորեցնենք:

-Այդպես է: Թերուսների ժամանակ է: Տգետ վարժապետներ, պռատ բժիշկներ, տհաս ուսանողներ, կիսատ գոյությունների հանրապետություն է, գավառ, խեղճության հաղթահանդես: Ձգտում չկա:

***

Գիշերվա մեջ զանգ, այդ ժամերին խմբագրությունից Այդին Մորիկյանն էր զանգում՝ վաղվա ինչ-որ հանձնարարությամբ, ուստի հեռախոսը վերցրի ու ասացի.

-Հա, Այդին, ի՞նչ է եղել:

-Հիմա ամեն ինչ անիմաստ է,
Իզուր այդպես դու շիկնեցիր,
Ինչի՞դ է կյանքը, իր իմաստը,
Հիմա ամեն ինչ անիմաստ է,
Թողել ենք նավը, ղեկը, լաստը,
Իսկ ծովը մութ է ու անծիր,-
Հիմա ամեն ինչ անիմաստ է,-
Իզուր այդպես դու շիկնեցիր…

Այդինը չի, Չարենցն էլ չի, ես եմ: Ծաղկաձորում եմ, դու Չարենց ես, չէ՞, պաշտպանել, խմբապետ Շավարշի ազգանունը ի՞նչ էր:

-Կարծեմ՝ Բասենցյան, ստուգե՞մ:
-Ստուգի, վաղը կզանգեմ, կարեւոր է: Քնա՞ծ էիր:
-Չէ:
-Ժամը 2-ին արթու՞ն ես:
-Այո, ես բու եմ:
-Ես էլ, բայց՝ բարի գիշեր: Բասենցյանին չմոռանաս:

***

Հարցրի՝ «Հայ գրողի ամենամեծ ցանկությունը ո՞րն է»:

-Հայ գրողի ամենամեծ ցանկությունը հայ ընթերցող ունենալն է: Միակ ցանկությունը՝ հայ ընթերցողի տունը ջերմ լույսով ողողուն, իրեն աշխատանքի մեջ, վաղվա առջեւ վստահ, ուրախությունը երեսին հորդալիս տեսնել: Օտարվածության-խորթացումի այս միջավայրից ազատված տեսնել:

-Ինչու՞ ունենալով Չարենց, Բակունց, Հրանտ Մաթեւոսյան՝ Նոբելյան մրցանակակիր գրող չունենք:



Լուսանկարը՝ Զավեն Խաչիկյանի


- Կենսատարածք չունենք: Նոբելյան մրցանակի թիկունքում մենակ գրողն ու իր գիրը չէ, պետությունն է, ընթերցողն է, քաղաքականությունն է: Հենց համաշխարհային ճանաչում ու ընկալում ունեցող ազգ լինես, Նոբելյան մրցանակ էլ կունենաս:

-Թե՞ հակառակը: Կոլումբիան համաշխարհային ճանաչում Մարկեսով ստացավ:

- Մարկեսդ ու լատինամերիկյան գրականությանդ բումը սկսվեց ոչ թե Լատինական Ամերիկայում, այլ՝ Փարիզում, Մադրիդում՝ Եվրոպաներում:

***

1991-ի-ի սեպտեմբերի 10-ին, հանրաքվեից առաջ՝ «ՀՀ»-ում անկախության մասին Հրանտ Մաթեւոսյանը հանճարեղ խոսք էր ասել.

«Անկախությունը հանրապետություն ընկած պատուհաս չէ՝ որ ամենքիս ու ամեն ինչ տակնուվրայեր, եւ Հայոց աշխարհով անցնող փրկիչ չէ՝ որ փեշերից կախվելով խնդրեինք չանցնել, կուռք դարձնեինք ու պաղատանքի ծնկեինք: Անկախությունը հանրապետության բոլոր ուստրերի ու դուստրերի ամենօրյա, ամենժամյա համարիր ճորտական աշխատանքն է, հենք, որն էլ մեզ բոլորիս տեր կկարգի միմյանց ու այս երկրին, որն արդեն ոչ ոքի չենք զիջի:

Հանրաքվեն Այո կբերի, թե ՈՉ, երկու դեպքում էլ ժողովրդի ու կառավարության գործը նույնն է մնալու՝ աշխատանքային նախաձեռնության բացարձակացում, մի վիճակ, որ չպիտի բացառի ոչ ոքի՝ ոչ դիվանագետին, ոչ գիտնականին, ոչ բանվորին ու զինվորին: Բոլորս բոլորիս առջեւ պատասխանատու ենք եւ չաշխատելը դավաճանություն է»:

Սահմանադրության ընդունումից մեկ տարի անց՝ «ՀՀ»-ի խմբագիր Այդին Մորիկյանը շարք էր սկսել «Հիմնական օրենք. Մեկ տարի», եւ ինձ վիճակվեց Հրանտ Մաթեւոսյանին դիմել, ու՝ ստացա ՏԻՐՈՋ նրա խոսքը.

«Փակվող էպոխայի ու բացվող էպոխայի, սպառվող հասարակարգի ու սպասվող հասարակարգի միջեւ, ազգային մեկ եւ անընդմեջ երթի մեջ, Սահմանադրությունը, հնօրյա տիրակալական սահմանաքարի պես, մի երեսով հուշակոթող դարձավ բացվող էպոխայի առաջ եւ մյուսով՝ մի վերջի, ավարտի նշան:

Ինչքան էլ տրտմենք ու գալիք հորիզոնների առջեւ տատամսենք, Սահմանադրությունը մեր հայացքները մեզ է դարձրել, մեզ վերադարձրել է մեզ, մեզ ազատել է բոլոր փրկիչներից ու փրկարար գաղափարներից՝ գերեզմանաքար դառնալով սրանց վրա եւ ստույգ սահմանանշան դառնալով այն աշխարհի առջեւ, ուր անձի աստվածատրորեն եզակի եռանդը ոչ մի փրկչի ներկայությամբ կաշկանդված չէ: Դարերի մշուշից եկող մի ազգի համար, պատմության դարերի մայրամուտին, նոր ու նորոգ Սահմանադրությունը ինքնին արդեն գեղեցիկ երեւույթ է: Գեղեցիկ մի երկրի վրա, ուր անթվարկելի տգեղություններ են, ոչ Սահմանդրության սողանցքներից, հայտնվում ու ծավալվում: Բայց սրանք Սահմանադրության մեղքը չեն, այլ զրկված ու զարկված երկրի աղքատության, ինչը թոթափելու է կոչված Սահմանադրությունը, ինչին ծանր ճիգով ձգտում է հասնել սահմանադրված ազգը»:

…Ու քանի՞սս ունեինք ու ունենք ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ու ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ այս ընկալումը:

***

Հրանտ Մաթեւոսյանն ընտրվել էր Գրողների միության նախագահ, գնացել էի Բաղրամյան, 3՝ հարցազրույցի: Մինչեւ ձայնագրիչը միացնելը՝ հարցրի.

-Ո՞նց եք Ձեզ զգում այս պատերում:

-Պիտի ասեիր՝ ավերակում:

-Չէ, ինչու՞, դեռ ավերակ չէ: Դրսից գոնե:

-Չեն լսում, իրար չեն լսում, մեջները չարություն կա՝ չեմ հասկանում, մեջները դառնություն կա՝ չեմ ընդունում, խոսքի գինը չգիտեն, իրենց երկրի պորտն են ուզում տեսնել, բայց երկիրը չեն զգում: Ցուրտ է, խարխափում են, գալիս՝ իրար են վատաբանում՝ իրենց գործերից խոսելու փոխարեն, բոլորը խնդրարկու են՝ ոչ մեկը չի ուզում տալ, խեղճ են, մեջները որձություն չի մնացել: Ոնց որ մատվարչության պետ լինեմ:

-Ի՞նչ:

-Մատակարարման վարչության պետ, ամեն մեկը մի պակաս ունի՝ մեկը տուն չունի, մեկին մեքենա է պետք, մյուսը հիվանդ է, չորրորդը ուզում է արտասահման գնալ: Մեջները գրականություն չկա, իսկ ում մեջ կա՝ ասում է՝ հիմա գրականության ժամանակ չէ, բա ե՞րբ է գրականության ժամանակը: Ստերիլ ժամանակներ չեն լինում, ցեղասպանությունը գրականության ժամանա՞կ էր, բայց Չարենց տվեց:

-Ու Չարենցին հետո վտարեցին Գրողների միությունից:

-Հետո՞, ուզում ես ասել՝ դուռը փակենք, մեր տները ցրվե՞նք: Մի տեղ չլինի՞, որ իրար հանդիպենք, իրար տեսնենք, մեր հոգսերը հոգանք: Գրքերը քննարկենք, կարծիքներ ասենք, լավ ու վատ անենք: Դու՞ էլ ես կարծում, որ կուսակցությունը վերացավ, պետպատվերը վերացավ, միությունը ավելորդ է:

-Գրողը գրելու է, չգրողին մատվարչություն է պետք, Նարեկացու ժամանակ Գրողների միություն չկար, չէ՞:

-Մնաց ասես՝ Դանտեին էլ ծննդավայր Ֆլորենցիայից վտարեցին, Միքելանջելոն Հռոմ փախավ, Սավոնարոլային էլ վառեցին…

-Մաքիավելիին էլ աքսորեցին, բայց Դանտեն «Աստվածային կատակերգությունը» գրեց ու Ֆլորենցիան մինչեւ այսօր թողություն է հայցում իր զավակից, Միքելանջելոն Դավիթից հետո Հռոմում Սիքստինյան կապելլան որմնանկարեց, Սուրբ Պետրոսը կառուցեց, Մովսես քանդակեց, Սավոնարոլան էլ խրվել էր քաղաքականության ու կրոնի արանքում ու տեղը չէր գտնում, ինքն էր ուրիշների կտավներն ու գրքերը Սինյորիայի հրապարակում այրում՝ լիակատար կատարսիսի համար: Հանճարին հնարավոր է լռեցնել միայն սպանելով, միջակությունը իր շուրջը ճահիճ է ուզում, որ իրեն ճահճուտի հանճար զգա: Դե հայերս չենք դա հնարել, ինչու՞ եք նեղվում:

- Չեմ նեղվում, սիրտս է ցավում: Գիտակցությունս բացատրում է, սիրտս չի համաձայնում:

-Իսկ հոգի՞ն:

-Ուզում էիր ասել՝ միտքը:

-Չէ՝ հոգին: Աստծո տված հոգին:

-Աստված կա՞: Չեմ տեսել:

-Ջոմոլունգման էլ չեք տեսել, չկա՞:

-Ուզում ես ասել՝ Աստված բնությու՞ն է:

-Սիրտ, միտք, հոգի՝ ինքնություն:

-Բայց դու լավ քահանա կլինեիր:

…Այդ օրը նա ինձ նվիրեց Եղիշե Չարենցի «Ընտիր երկերը»՝ իր կազմած: Այդ Չարենցը, որ իմ գրադարակում Աստվածաշնչի կողքին է՝ Եղիշե Չարենցի ու Հրանտ Մաթեւոսյանի մյուս գրքերի հետ, իր մարգարտաշար ձեռագրով մակագրել էր.



«Անահիտ Ադամյանին՝ ինչ-որ կերպ իմ մեջ Չարենցին հարաբերվողին, այն իմաստով, որ Չարենցն ինձ միշտ ինչ-որ բան տալիս է- Անահիտը իմ այս տարիքում քիչ էր մնում տալ զորեր:

Հրանտ Մաթեւոսյան
14 դեկտեմբերի, 1997
Երեւան, Գրողների տուն»:

***

«ՀՀ»-ում հերթական հրապարակումը կարդալուց հետո զանգահարեց.

- Զզվում եմ Ձեր արագագրությունից ու գեղեցկագրությունից:

Անսպասելի էր՝ սովորաբար ինձ դու-ով էր դիմում, հազվադեպ էր դառը խոսք ասում, միշտ բարյացկամ ու… առանց բարեւի, «ո՞նց ես»-ի՝ միանգամից «Զզվում եմ»:

- Բայց ի՞նչ եմ արել,- հազիվ ինձնից դուրս մղեցի բառերը:

- Ոչինչ, ամեն աղբի մասին գրում ես, թեմա չունե՞ս, թեմայի նկատմամբ հարգանք չունե՞ս: Լավ, քո նկատմամբ հարգանք չունե՞ս:

-Ես ի՞նչ անեմ, գործ է, պիտի արվի:

- Դու ի՞նչ անես, դու էն անես, որ էդքան գեղեցիկ չգրես մի թեմայի մասին, որ վաղը ոչ մեկին չի հետաքրքրելու, որ հիմա արժեք չունի: Լավ, կրա՞կն ընկանք, որ բոլոր բառերի տեղը գիտես, չասես՝ մի կարդա, կարդացվում է: Այդպես: Դու մեղավոր ես, որ Աստծո քեզ տվածը չգիտես որտեղ ու ոնց օգտագործել: Դա էլ մեղք է: Լավ, հոգնեցի քեզնից: Գնա հերթական լավաշդ գրի:

***

Հարցրի. «Ձեր իսկական պապը Ավետի՞քն է, թե՞ Իշխանը»:

-Ես «Ծառերի» երկրորդ մասն էի գրելու, որտեղ երրորդ, անկողմնակալ մեկը վերապատմելու էր նույն դեպքերը, որտեղ տականքը դաշնակցելու էր ուժին, եւ նրանք միմյանց չէին ոչնչացնելու, այլ համատեղ էին ապրելու: Մտածում էի, որ կգրեմ, կմիացնեմ պատմվածքին ու կստացվի նոր վիպակ, բայց եղավ այն, ինչ եղավ, եւ իրականությունը, որ իմ ներսում էր որպես հուշ անցյալից, տեքստ չդարձավ, եւ զարհուրելի իրականությունը նույնը պատմելու կարիքը վերացրեց:

-Ակուտագավա երկու՞:

-Չէ, «Թավուտի» հավեսը չունեի, Ակուտագավա էլ երկրորդը չի լինի: Արդեն հարկ է այլ բաներից խոսել՝ կամ պիտի զորենք կատարված ամբողջն ընդգրկել, համապատկերի բերել, ընդհանրացնել ու գնահատել երեկվա օրը՝ այսօրվա մեկնակետերը գտնելու:

-Ձեր կարծիքով՝ այսօր ինչի՞ մասին պետք է խոսել:

-Որեւէ սխալ բանի:

-Ինչու՞, ոչ մի ճշմարտություն չի՞ ներվում:

- Կողմնակիի մասին խոսելով՝ կարող ենք գլխավորի մասին խոսել:

-Եղիշե Չարենցը 20-ականներին այդպես գրեց «Երկիր Նաիրին», ոչինչ չի՞ փոխվել:

-Իհարկե չի փոխվել: Թումանյանի նամակներից մեկում կա՝ կատարվածի համար ոչ ոք ինքնասպան չեղավ, ոչ ոք չամաչեց ազգի առաջնորդներից: Փաստորեն վեց ամիս մարզպետ էր՝ Ախալցխա, Ախալքալաք, Բորչալու, Լոռի, Փամբակ, Շամշադին, Գուգարք: Մարզպետ էր՝ ֆինանսներով, զենքով, ամեն ինչով: Մինչեւ Վեհիբ փաշայի արշավանքը, երբ քիչ էր մնում՝ գերի ընկներ: Գիշերով, ոտքով, աղջկերանց հետ, թրջվելով, Կիրովականից՝ Շահալի՝ ձորով անցել է, երեխեքին փրկել, ինքը փրկվել:

- Հովհաննես Թումանյանը կարո՞ղ էր մարդ սպանել՝ զինվոր էր, կռիվ էր:

-Չէ, չէր կարող, էդքան խեղճ չէր՝ մարդ սպաներ:

-Խեղճե՞րն են մարդ սպանում:

-Հա, խեղճերն են սպանում, որ մտքի փակուղի են մտել:

Կարդացեք նաեւ. Հրանտ Մաթեւոսյան. «Հաջորդ անգամ կարտոֆիլը չխաշեք»

Շարունակելի:

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին