Մենք, «օնլայնը» եւ մեր երեխաները - Mediamax.am

Մենք, «օնլայնը» եւ մեր երեխաները
3213 դիտում

Մենք, «օնլայնը» եւ մեր երեխաները


Հեռավար դասերին անցնելը շատերիս ստիպեց ապահովել երեխաներին հեռախոսներով, պլանշետներով կամ համակարգիչներով։ Այն պահից, երբ համացանցը մտավ երեխաների կյանք ոչ միայն դպրոցում, այլեւ տանը, առաջացավ մի խնդիր, որը գնալով մեծանում է եւ մարտահրավեր է դարձել ոչ միայն ընտանիքի մակարդակով, այլեւ ողջ հասարակության համար։

Շատերս փորձում ենք մեր երեխաների համար անել հնարավորն ու անհնարինը։ Վերջին տարիներին ծնողները փորձում են երեխաներին ապահովել լավագույն հեռախոսով, պլանշետով կամ համակարգչով։ Եթե դա նախկինում անում էինք, որպեսզի մեր զավակները մյուսներից հետ չմնան եւ բարդույթներ չունենան, հիմա որակյալ սարքավորումներ ունենալը դարձել է պարտադիր։ Չէ՞ որ կորոնավիրուսի հետ արդեն ապրում ենք վաղուց, ինչպես նաեւ օնլայնի գաղափարի հետ։ Թեեւ տանը կրկնում ենք, թե որքան վատ է էկրանների ազդեցությունը տեսողության վրա, փոքրից մեծ տարիքի երեխաներին նստեցրել ենք էկրանների առջեւ՝ օրական առնվազն 4-ից 6 ժամ հեռավար դասերի մասնակցելու համար։ Եվ որքան երկար են նստում էկրանի առջեւ, այդքան հաջողված ենք համարում օնլայն ծրագիրը կամ ավելի լավն ենք համարում դպրոցը։ Խոնարհվում եմ մեր մանկավարժների առջեւ, ովքեր հսկայական աշխատանք են կատարում, բայց ուզում եմ քննարկում ծավալվի այլ հարցի շուրջ. դրա օգու՞տն է շատ, թե՞ վնասը։

Օնլայն ուսուցման հնարավորությունները նորովի բացահայտելը պանդեմիայի ժամանակ դրական շատ բաներ տվեց։ Այն շատ խնդիրներ կարող է լուծել։ Ցանկացած երեխա կարող է հեռավար միանալ ցանկացած դպրոցի՝ վերջինիս համաձայնության դեպքում, ինչն անգնահատելի է հատկապես գյուղական համայնքների համար, որտեղ հաճախ մանկավարժների խնդիր կա։ Բարերարներ գտնվեցին, որոնք սկսեցին հավաքագրել համակարգիչներ, պլանշետներ, հեռախոսներ անապահով ընտանիքների երեխաների համար, որպեսզի նրանք չզրկվեն կրթության իրավունքից։  Գովելի է, կարեւոր է։ Իսկ ո՞վ պետք է կրի պատասխանատվություն նրա համար, թե իրականում ինչով են զբաղվում երեխաները։ Չէ՞ որ մենք, շատ ավելի հասուն լինելով, ինքներս տարվում ենք եւ ժամեր անցկացնում ինտերնետում՝ մի նյութից մյուսն անցնելով։ Մի՞թե կարծում ենք, որ երեխաներն այնքան հասուն են, որ ճիշտ կկառավարեն իրենց ժամանակը եւ միայն իրենց զարգացմանը նպաստող տեղեկույթ կփնտրեն։ Մենք իրենց տվե՞լ ենք բավարար գիտելիք եւ հմտություններ, որպեսզի չընկնեն անպետք, շփոթեցնող, չճշտված, ցածրորակ տեղեկությունների թակարդը կամ չտարվեն համակարգչային խաղերով:

Օնլայնի շնորհիվ երեխաները մտան կամ խորացան վիրտուալ աշխարհի եւ խաղերի մեջ։ Գույները, արագությունը, խաղերի ցանցային բնույթը, որը հնարավորություն է տալիս տարբեր մարդկանց հետ միաժամանակ խաղալ, արագ իրենց գործն են անում։  Գնալով պակասում է դրսում խաղացող երեխաների թիվը։ Ոմանք, արագ տնայինները անելով, որպեսզի գոհացնեն ուսուցչին եւ ծնողին, ոմանք էլ ընդհանրապես մոռանալով, որ իրենք աշակերտ են, տրվել են այս վտանգավոր կախվածությանը, որը կարծես թե անտեսվում է հասարակության կողմից: Ծնողներ կան, որ զարմանում են, երբ նման մտքեր են լսում եւ պնդում են, որ իրենց երեխան նման «պրոբլեմ» չունի: Այնինչ դու գիտես, որ հենց իրենց երեխաները նույնիսկ գիշերներն են արթնանում խաղալու նպատակով։  Կամ էլ լսում ես. «Լավ, թող խաղան էլի։ Հանգիստ զբաղվում են»: Ի դեպ, «հանգիստ զբաղվելը» երբեմն սկսվում է շատ փոքր տարիքում, երբ հեռախոսը դնում են մի քանի ամսական երեխայի դիմաց, որպեսզի չլացի, «զբաղվի»` չմտածելով, որ դա վնասարար ազդեցություն կարող է ունենալ երեխայի, նրա հուզական աշխարհի եւ ընդհանուր զարգացման վրա։

Օնլայնը լա՞վ բան է, թե՞: Իր բոլոր դրական կողմերով, կարծում եմ, որ մենք մեծ հասունություն ենք պահանջում երեխաներից, ինչն արդարացի չէ։ Նրանք երեխա են եւ ուզում են խաղալ։ Երբ երեխային նստեցնում ես համակարգչի առջեւ կամ ձեռքին տալիս ես սմարթֆոն, նա անում է հենց դա․սկսում է խաղալ։  

Երբ երեխան սովորում է գրավիչ գույներով արագ շարժվող կերպարների, արագ արդյունքների եւ արագ զարգացող իրադարձությունների, մեր ավանդական ուսուցումն իր հնացած մեթոդներով դառնում է էլ ավելի անգրավիչ եւ ոչ արդիական։ Պետք է հասկանալ, թե ինչն է գրավում երեխային այսօր։ Շատ երեխաների համար այսօրվա կրթությունը դարձել է անխուսափելի գլխացավանք, որն առնվազն անհետաքրքիր է եւ ժամանակ է խլում շատ ավելի հետաքրքիր զբաղմունքից։

Մենք չենք նկատում, որ երեխաները համակարգչային խաղերի պատճառով սկսել են քիչ շարժվել։ Երեխաների անշարժ կեցվածքը խաղերի ընթացքում կարող է ի հայտ բերել տարբեր խնդիրներ՝ կապված ողնաշարի, ընդհանուր մկանային համակարգի հետ։

Դրսում միմյանց հետ շփումը փոխարինվում է վիրտուալ խաղերով, ինչի արդյունքում տուժում են հենց իրենց՝ մարդկանց հետ շփվելու հմտությունները։ Երեխաները դառնում են ավելի ինքնամփոփ։ Խաղերից դուրս նրանք դառնում են ավելի դյուրագրգիռ, որոշ երեխաների մոտ առաջանում է վառ արտահայտված ագրեսիվ կեցվածք։

Չինաստանը 2000 թվականից տարբեր սահմանափակումներ է մտցրել։ Երկար ժամանակ մինչեւ 18 տարեկանների համար արգելված էին օնլայն խաղերը։  Այժմ թույլատրում են 3 ժամ շաբաթվա ընթացքում, այն էլ՝ միայն ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին եւ արձակուրդների ընթացքում, որպեսզի խաղերը չազդեն երեխաների ուսման, ինչպես նաեւ ֆիզիկական զարգացման վրա եւ հոգեկան առողջության վրա։ Գիտնականներն ահազանգում են, որ նման խաղերը կարող են բերել կախվածության, որը նման է օպիումից կախվածությանը՝ իր բոլոր հետեւանքներով։ Եթե Չինաստանում պետական մակարդակով են արգելքներ դրվում, եվրոպական զարգացած երկրներում ծնողները շատ խիստ սահմանափակում են երեխաների ժամանակը համակարգչի դիմաց։ Նման սահմանափակումները ծնողների կողմից ազդեցիկ են եւ գործում են, քանի որ դա արվում է բոլորի կողմից։  

Իսկ ի՞նչ ենք անում մենք: Հատուկենտ ծնողներ փորձում են միայնակ պայքարել։  Երեխան տեսնում է, որ միայն իր ծնողն է այդքան բացասական վերաբերմունք ցուցաբերում եւ, բնականաբար, չի հասկանում, որ այդ պայքարն իր իսկ ապագայի համար է։ Ես հոգեբան չեմ, բայց տեսնում եմ՝ ինչ է կատարվում շուրջս։ Ես չունեմ այս բոլոր հարցերի պատասխանները, բայց տեսնում եմ մարտահրավերները։ Կարծում եմ՝ մենք պատասխանատվություն ենք կրում մեր երեխաներին կախվածության մեջ գցելու համար եւ պետք է ուղիներ փնտրենք միասին, քանի որ սա անհատների անելիքը չէ միայն: Այստեղ մեծ դեր պետք է խաղան Կրթության եւ գիտության, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունները, կրթության ոլորտի փորձագետները, հոգեբանները, համացանցային անվտանգության եւ այլ մասնագետները։  

Երեխաներին ապահովել ենք համացանցին միացված սարքերով՝ առանց նախապատրաստելու, առանց բացատրական աշխատանքների, առանց վտանգների մասին իրազեկելու։ Կարծես, մենք իրոք չենք գիտակցում վտանգները եւ, ինչպես ինձ խոստովանեցին այն հոգեբանները, ում հետ քննարկել եմ այս թեման, եզակի ծնողներ ունենք, ովքեր հասկանում են խնդրի լրջությունը։ Որպեսզի խնդրին պատշաճ անդրադառնանք, նախ պետք է գիտակցենք, որ այն առկա է գրեթե բոլորիս ընտանիքներում։ Պետք է տեղից շարժվենք, որպեսզի այս սերունդը չկորցնենք։ Լողալ չիմացող երեխաներին գցել ենք օվկիանոս եւ ասես բարկանում ենք, որ խորտակվում են։ Պետք է քայլեր ձեռնարկել։ Ժամանակն այս հարցում մեր օգտին չի աշխատում։

Տաթեւիկ Մելիքյանը աշխատել է միջազգային կառույցներում, դասավանդել է Հայաստանի Ամերիկյան համալսարանում, ստացել է մագիստրոսի աստիճան Լոնդոնի տնտեսական եւ քաղաքական գիտությունների համալսարանից:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին