Հրանտ Մաթեւոսյան. «Հաջորդ անգամ կարտոֆիլը չխաշեք» - Mediamax.am

Հրանտ Մաթեւոսյան. «Հաջորդ անգամ կարտոֆիլը չխաշեք»
2383 դիտում

Հրանտ Մաթեւոսյան. «Հաջորդ անգամ կարտոֆիլը չխաշեք»


Ինձ թվում էր՝ նրան միշտ եմ ճանաչել, ու երբ «Հայաստանի Հանրապետութիւն»-ի գլխավոր խմբագիր Այդին Մորիկյանը ասաց, որ Հրանտ Մաթեւոսյանի հետ պետք է հարցազրույց անել, իսկ նա հարցազրույց չի տալիս, ինքնավստահ ասացի. «Ինձ կտա»: Ինքս էլ չգիտեմ՝ ինչու, հետո վախենում էի զանգահարել: Մեկ օր, երկու օր, երրորդ օրը Այդինը հարցրեց. «Հարցազրույցն ի՞նչ եղավ, մերժե՞ց»: «Չէ, չեմ զանգել»:

«Դուխդ չի՞ ներում»՝ աչքերը կկոցեց նա: «Վաղը կզանգեմ»՝ ասացի ու ոտքի կանգնեցի, որ դուրս գամ աշխատասենյակից: «Չէ, հիմա, էս դու, էս հեռախոսը, զանգի»: Զանգեցի, մերժեց: Ես, որ ինձ համոզելու չեմպիոն էի համարում, արդեն հանձնվում էի, երբ հարցրեց.

-Քանի՞ հարց եք տալու:
-Չգիտեմ, ոնց կստացվի:
-Դուք ի՞նչ լրագրող եք, որ հարցազրույցի եք գնում առանց հարցեր պատրաստելու:
-Ես չգիտեմ, թե Դուք ինչ կպատասխանեք, Ձեր պատասխանից ի՞նչ հարց կծնվի: Ես լրագրող եմ, գուշակ չեմ:

Լռություն, հետո… ծիծաղ.

-Լավ, վաղը, ժամը 12-ին, եկեք մեր տուն: Տան տեղը գիտե՞ք:
-Չգիտեմ, բայց կգամ…

Հեռախոսը դրեցի ու… լաց եղա: Երեւի լարվածությունից:

…Ես նրա հետ 6 հարցազրույց եմ արել, ամենազարմանալին 7-րդն էր՝ 1995-ին, Հրանտ Մաթեւոսյան, Տիգրան Մանսուրյան եւ ես՝ իմ շեղող հարցերով: Հարցազրույցը չտպագրվեց՝ Տիգրան Մանսուրյանը չհամաձայնեց: Առանց պատճառն ասելու, հետո ուրիշից իմացա, որ իր կարծիքով Հրանտը ճնշել է, երաժշտություն չի եղել: Չգիտեմ, գուցե, բայց ես այդ հարցազրույցի հենց… երաժշտությունն եմ սիրում ու գուցե մի օր հրապարակեմ:

***

Սպանվել էր Վարդգես Պետրոսյանը: Ընդամենը երկու շաբաթ առաջ աշխատանքի էի ընդունվել նրա խմբագրած «Երկիր Նաիրի» շաբաթաթերթում: Պատասխանատու քարտուղարը… վախից անհետացել էր: ԻՄԱԿ-ի նախագահ Գագիկ Պողոսյանը, որ թերթի հովանավորն էր, պնդեց, որ համարը ես պիտի պատրաստեմ ու նվիրված պիտի լինի Վարդգես Պետրոսյանի հիշատակին: Հերթական համարին մնում էր երկու օր: Թեպետ գիտեի գյուղագրության թեմայով հայտնի բանավեճի ու Վարդգես Պետրոսյան-Հրանտ Մաթեւոսյան գրական տարաձայնությունների մասին, զանգահարեցի ու խնդրեցի, որ հիշատակի խոսք գրի: Ասաց՝ անժամանակ էր, սխալ էր, ու ինքը չի, որ պիտի գնահատական տա, պնդեցի, որ եթե ոչ ինքը, ո՞վ: Հաջորդ օրը տեքստը թելադրեց հեռախոսով.

«Ամեն մի սպանություն է նողկալի: Իսկ մտավորականի սպանությունը մակդիր չունի: Թուրք բարձրաստիճան պաշտոնյաները հայ մտավորականների սպանության սեւ գործը հանձնարարում էին, կարծեմ, ոչ իրենց պաշտոնակիցներին եւ նույնիսկ ոչ իրենց ազգակիցներին:

Տգեղ, շատ տգեղ, նողկալի բան եղավ, ավելի նողկալին դժվար է պատկերացնել: Որեւէ տնօրենի, որեւէ նախարարի, որեւէ ունեւորի սպանությունը ինչ-որ տրամաբանության տրվում է, - սպանում են, որպեսզի իրենցով զբաղեցնեն նրանց տեղերը,- սա մտքի ու անգամ սեւ երեւակայության սահմաններում չտեղավորվող սպանություն է, սա զառանցանք է: Իրենցո՞վ են լցնելու այն տեղը, որ կոչվում էր Վարդգես Պետրոսյան: Այդպիսի կարգավիճակ չկար, ինչպե՞ս են լցնելու, այդպիսի տեղ չկար: Նա ինքն էր տեղ ու պաշտոն ու գործ: Թե՞ նպատակը հենց այդ խիզախ, շարժուն, սթափ, անընկճելի մարդուն, որ ամեն օր ու ամենուր կարողանում էր գործ ստեղծել ու «Վարդգես Պետրոսյան» կնքել, այդ եզակի գործչին վերացնելն է եղել: Սա արդեն համահանրապետական, համազգային հասարակական-քաղաքական մեր կյանքի բացահայտ կողոպուտն է, սա բաց մարտահրավեր է մեր գոյության բուն հիմքին:

Եվս մի երկու այսպիսի խուլ թխկոց՝ եւ մեր ժամանակի կափարիչը կմեխվի անժամանակ, եւ ձեր մեջ այլեւս սթափ մտքի մարդ չեք ունենա:

Դեռ հազար տարի առաջ մեր պատմիչը, լսածով, հիշատակել է առասպելների հեռավորարեւելյան մի երկիր, որի բնակիչները հարազատներով հավաքվում են ու իրենց հանգուցյալ ավագի գլուխը ուտում են: Տարօրինակը, զառանցայինը, բնազանցականը այն էր լինելու, որ ավագները խժռեին կրտսերներին, դա ցեղի ինքնաոչնչացում կնշանակեր, եւ արժեր՝ որ այդպիսի ցեղը վերանար ու չլիներ, բայց մեզ համար անբարոյական ու անմարդկային է եւ այս: Հայ մարդու մեր ընկալման առաջ եւ այս է մղձավանջային, անկախ այն բանից, թե իրենց կարծիքով ինչից են ազատել մարդասպանները կամ ինչի են տիրացել:

Ազատվել են նրա սթափեցնող ներկայությունից: Տիրացել են մի հրապարակի, որի կարգադրիչը հիմա արդեն խելագարությունն է:

Իրենք թերեւս իրոք ազատվել են, իսկ մենք ահա զրկվել ենք ավագի նրա վստահ, գոնե արտաքուստ անխռով, ստեղծիչ ներկայությունից:

Եվս մի քանի դավադիր թխկոց՝ եւ ծանոթ երկրի նշանները կվերանան, եւ սա հայրենիք չի թվա եւ սա հայրենիք չի լինի: Սա կլինի մեզ օտար, խորթ, այլեւս թշնամի, հեռավորարեւելյան առասպելների մի տարածք, որի մասին որպես ոչ զավակներ, այլ օտարներ, ոչ լսածով, այլ տեսածով կվկայեն, թե այնտեղ վանել էին բանականությունը, եւ նրանց առաջնորդը տենդագին խուճապն էր:

Ափսոս, իր «Երկիր Նաիրին» հույս էր տալիս, թե վերադարձել է երիտասարդ տարիների Վարդգեսը եւ եզակիորեն իրեն հայտնի միջոցներով մեր օրը դարձյալ լցնելու է նույն անչար չարությամբ, նույն խնդուն խանդով, տան որդու նորոգիչ անհանգստությամբ ու տանտիրոջ չափավոր պահպանողականությամբ:

Ափսոս, հեռացավ այս տարածքն ու այս ժամանակը ստուգապես մերայինացնող, վաղածանոթ, մտերիմ նշաններից եւս մեկը» («Երկիր Նաիրի», 22.04.1994):

...Չգիտեմ՝ նախազգու՞մ էր Հրանտ Մաթեւոսյանը 1999-ի հոկտեմբերի 27-ը:

***

1994-ի սեպտեմբերն էր, հրաժարական էր տվել Գրողների միության նախագահ Վահագն Դավթյանը եւ Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում հրավիրվել էր արտահերթ 11-րդ համագումարը: Մեղմ ասած՝ խայտառակ համագումար էր, բոլորը հայհոյում էին բոլորին, միասին՝ պետությանը, որ գրողներին չի պահում, երբ «դոլարի կանաչը ներկում է եռագույնը», երբ գրողները շատ թեւաթափ, նեղսրտած վիճակում են, կյանքից դուրս են հայտնվել, Գրողների միությունը պառակտվել է, մամուլը հոգեբանորեն կազմալուծում է գրողների ուժերը, պետք է զգուշանալ ներքին թշնամուց, եւ այլն, եւ այլն… Բոլորը բղավում էին՝ ճգնաժամ է, ու հրճվում էին, որ ճգնաժամ է: Ահավոր զայրացած էին, որ համագումարի չեն եկել գրողներ Վազգեն Սարգսյանն ու Վանո Սիրադեղյանը՝ ինչ է թե նախարար են, բայց ոչ ոք չէր հիշում, որ չի եկել Հակոբ Մովսեսը, որ նույնպես նախարար էր՝ մշակույթի: Իրենք իրենց համագումարը անվանում էին «վոդեւիլ», միմյանց որակում էին «հիմար», «տգետ», «ապուշ»… Համագումարի երեք օրերին, երբ բոլորն արդեն մի երեք անգամ ամբիոն էին բարձրացել, Հրանտ Մաթեւոսյանը լռում էր, կամ պարտերի վերջին շարքում՝ դռանը մոտ նստում, կամ ֆոյեում ծխում ու քայլում էր: Ձայնագրիչիս տեսքից նա կնճռոտվեց, ասաց, որ չի ուզում գնահատական տալ, համոզեցի գոնե ներկայացնել իր տեսակետը՝ բացարձակապես անհասկանալի է իր համառ լռությունը:

-Կարծում եմ՝ ոչ մեկը չի զորի բանաձեւել ԳՄ անհրաժեշտությունը: Շատ փխրուն զգացողություն է դա, որովհետեւ եթե պատմենք, հայհոյանքի պատմություններ են, բայց, այդուհանդերձ, ԳՄ-ն մեծ անհրաժեշտություն է: Թեկուզեւ այսօրվա նեգատիվ երեւույթների ֆոնին, որոնց պատճառը ես համարում եմ գրական չափանիշների կորուստը: Կա գրական չափանիշների վերականգնման անհրաժեշտությունը, կա, եւ ԳՄ-ին մոնոպոլ իրավունք պիտի տրվի հսկելու գրական այսօրվա խուճապի, նահանջի վրա: Հնարավորության ապահովում պիտի լինի, ես չգիտեմ՝ ինչպե՞ս է դա արվելու: Ես որպես ընթերցող՝ այսօր սարսափելի վատ եմ տանում այս ամենաթողությունը: Հնարավոր չէ գերատեսչության վերածել այնպիսի նուրբ մի բան, ինչպես բանաստեղծությունը, կամ կարգավորել արձակը, տեսակավորել, օժանդակել, բայց ԳՄ պետք է լինի, պետք է ունենա իր հրատարակչությունը, իր գրական թերթը պետք է ունենա, որը ընդհանուր գրական թերթ լինի՝ էստեղի ու սփյուռքի:

- «Գրական թերթը» բավականին ժամանակ տպվում էր: Ձեզ այդ մակարդակի գրական թերթը բավարարու՞մ էր:

-Թող գրական թերթ դառնա ձեր «Երկիր Նաիրին» կամ որեւէ այլ թերթ: Բայց որեւէ թերթ պիտի այս պատասխանատու շրջանում պատասխանատվություն ստանձնի: Երեկ չէ մյուս օրը, երբ դու աղջնակ էիր, ուզում էիր գրականություն մտնել, ԳՄ-ն քեզ համար գնալու տեղ էր:

-Ճիշտն ասած, հիմա էլ, երբ գրականություն մտնել փորձեմ, ԳՄ երեւի չեմ գա: Ու՞ր գամ, ու՞մ մոտ:

-Ուրեմն պիտի Գրողների միությունը ցրվի Ձեր այդ ագրեսիվությամբ:

-Ինչու՞ ագրեսիվություն: Ամենեւին ագրեսիվություն չէ, վիճակի գնահատական է, գուցե անզորությունից բխած, բայց ոչ ագրեսիվությունից:

-Ազգային գրականությանը ազգային պաշտպանություն պետք է լինի: Պետական:

-Դա դեռ 1916-ին Հովհաննես Թումանյանն է գրել՝ «Գրականության ազգային պաշտպանություն պետք է լինի»: Հիմնարար ու փաստարկված:

-Այս պայմաններում պիտի լինի: Այն ժամանակ էլ էսպես է եղել, տոտալիտար երկիր չէր, Թումանյանը ռուսական դեմոկրատիայի ազատության պայմաններում այդ անհրաժեշտությունը զգացել է, տեսել է, որ գրականությունը պետք է հովանավորվի, պաշտպանվի: Հովհաննես Թումանյանի գրած մի բառը փոխում եմ՝ պետական պաշտպանություն: Պիտի հասկանալ, որ գրականությունը արտադրություն է, ազգային արտադրություն, ինչպես ինքնաթիռաշինությունը, ինչպես ածխարդյունաբերությունը, ինչպես գյուղատնտեսությունը, մնացած կենսական ոլորտները: Գրականությունը արտադրություն է, չես կարող դիլետանտ լինել: Պիտի մասնագետ լինես: Որպեսզի մասնագետ լինես, պիտի ապահովված լինես: Չես կարող 8 ժամ ածխարդյունաբերության մեջ աշխատել, հետո գաս 8 ժամ նստես ու գրես: Իսկ արձակի, պոեզիայի, գրականության անհրաժեշտությունը բացատրելու կարիք չկա: Արվեստի նկատմամբ պետության դիլետանտական վերաբերմունքը որպես սիրողական արհեստի՝ կբերի սիրողական գրականության ու աշխարհի առաջ խայտառակ կլինենք: Եթե նրանք Տոլստոյ են դնում, դու էլ պիտի Տոլստոյ դնես, թե չէ ընթերցողը ձեռքիցդ կգնա: Դրա համար գրականությունը պիտի հովանավորվի, կազմակերպվի: Եվ անցյալի ժառանգությունը, եւ այսօրվա թրթիռները, ցանկությունները պիտի հունի մեջ դրվեն: Այդ ամբողջը պիտի ԳՄ-ն անի: Դրա համար էլ պետք է: ԳՄ-ն մենք չենք ստեղծել: Ստալինը, Ժդանովը չեն ստեղծել: ԳՄ ստեղծել են Նեկրասովը, Պուշկինը, գրական մամուլը:

-Եթե այն ժամանակի մամուլին վերադառնանք, երեւի «Սովրեմեննիկն» է ԳՄ ստեղծել, գրական շկոլա:

-Այո, «Սովրեմեննիկն» էլ: Եվ դա անհրաժեշտություն է եղել: Թե ինչպես պետք է արվի, չգիտեմ:

-Երեւի մաքուր, որ կարողանա գործել:

-Բոլորի ջանքերով, բոլորս ինչ-որ բան պիտի անենք: Պիտի կարողանանք մեզ զսպել, զոհողությունների գնալ: Ինչ-որ բան հրատարակել:

-Դուք ներքին անբավարարության զգացու՞մ ունեք:

-Հրապարակի աղբից ես շատ եմ դժգոհ: Գրական աղբից ես դժգոհ եմ, եւ ոչ մի տեղ դրա պատասխանը չեմ տեսնում:

-Գուցե դա լավ է: Ծովի նման, որ միշտ ինքն իրեն մաքրում է ու աղբը ափ է նետում: Գուցե դա է գրական աղբի պատճառը: Ինքնամաքրումի  շարժումը:

-Ախր, ինչի՞ պետք է տպվի, որ կարդան, աղտոտվեն, պղտորվեն: Ինչի՞ համար թուղթ փչանա: Երկնքով թուղթ բերեն, հրատարակչություն հիմնեն, գրքեր տպեն:

-Երկու պատճառով երեւի: Նախ՝ արժեքների պակասը, եւ ապա՝ Դուք ինձնից լավ գիտեք միջակության, անտաղանդության կայունությունը, դիմացկունությունը, ամեն ինչ հաղթահարելու ունակությունը: Շատ մարդկանց համար տպագրվելն իդեա ֆիքս է: Թեկուզ կյանքում մեկ անգամ:

-Դրա համար էլ հենց նրանք պիտի իրենց պատասխանն ստանան: Օրական երկու գիրք է տպվում այսօր, այդ գրքերի գրախոսությունները պիտի լինեն: Քննադատությունը պետք է հովանավորվի: Չափանիշներ պետք է լինեն:

-Բայց կա՞ այսօր այդ չափանիշներով քննադատությունը: Թե՞ կա գրական ժանդարմերիա եւ գրական անճաշակության ջատագովում:

-Չկա: Բայց գրական ժանդարմերիան լավ բան է: Ես գիտեմ, որ գլուխգործոցները ռեժիմի տակ են գրվել: Ռեժիմի մեջ: Ռեժիմ է պետք: Ինչպես երեխան մոր արգանդում, ինչպես աղյուսը հնոցում ռեժիմի մեջ է դառնում աղյուս, այլապես կփշրվի:

-Բայց դրանք տարբեր ռեժիմներ են:

-Ռեժիմը պարտադիր է: Ռեժիմ պիտի լինի: Ռեժիմի մեջ պիտի դրվի:
Պրոֆեսիոնալներ պետք է լինեն, որպեսզի այդ ռեժիմը գործի եւ գրականություն ստեղծվի: Իսկ այս հեղեղը խեղդում է գրականությունը («Երկիր Նաիրի», 23-29, 09.1994):

Արտահերթ համագումարում ՀԳՄ նախագահ ընտրվեց Ռազմիկ Դավոյանը:

***

1996-ի ապրիլի 17-ին ՀԳՄ-ում եւս մեկ արտահերթ էր՝ վարչության ընդլայնված նիստ, որ որոշում ընդունեց մեկ ամսում արտահերթ համագումար հրավիրել: Երկու տարում ՀԳՄ-ում գրողների երկու միություն էր ստեղծվել՝ բոլորը բոլորին դեմ են սկզբունքով: Ընդլայնված նիստում Ռազմիկ Դավոյանը հրաժարական տվեց ու որոշվեց, որ Հրանտ Մաթեւոսյանն է նախապատրաստելու համագումարը: Հարցրի ի՞նչ եք անելու.

-Փորձելու ենք նորմալ աշխատանքային մթնոլորտը վերականգնել, փորձելու ենք գրողների միությունը վերականգնել ու պահել: Գրողին, որպես մարդ, դասակարգ, անհատ, փորձելու ենք հասցնել այն մակարդակին, որ այսօրվա ցնցումների պայմաններում, եթե շատ վերին ոլորտներում էլ չեն հայտնվում, չմնան շատ ներքեւի ոորտներում՝ եւ որպես նյութապես ապահովված մարդիկ, եւ որպես հեղինակություններ, ում խոսքը որեւէ արժեք ունի:

-Եթե դա ընդունենք որպես ծրագիր, իրագործման ի՞նչ ուղի եք տեսնում:

-Առաջիկայում նաեւ դա պիտի պարզենք: Համագումարը պիտի որոշի:

Ապրիլի 30-ին համագումարը կայացավ՝ Հրանտ Մաթեւոսյանը բաց քվեարկությամբ միաձայն ընտրվեց ՀԳՄ նախագահ եւ խոսեց կարճ. «Գրողների միության կյանքը վերադարձնելու ենք նորմալ, բնականոն հուն: Ես ձեզ բոլորիդ իբրեւ իմ ամենամերձավորների՝ ցավակցում եմ գրողների համար ստեղծված վիճակի պատճառով: Գրականությունը ծանր գործ է, որ տանում է կամ հերոսացման, կամ խելագարության: Իմ գործը պիտի լինի գրողներին օգնելը: Իմ առաջին քայլը պետք է լինի միջոցներ հայթայթել գրական մամուլի մարած կյանքը վերարծարծելու համար»:

…2001-ին՝ հինգ տարի հետո, նրան փոխարինեց Լեւոն Անանյանը, բայց այդ ժամանակ մենք ապրում էինք բոլորովին այլ երկրում ու այլ կյանքով: Եվ ես, որ բոլորի նման ՀԳՄ-ի փրկության միակ ելքը տեսնում էի Հրանտ Մաթեւոսյանի նախագահ դառնալը, հիմա մտածում եմ՝ իսկ պե՞տք էր, որ նրա կյանքի վերջին տարիները անցնեին այդ թունավոր մթնոլորտում, ոչ թե գրասեղանի առաջ: Բայց ո՞վ կարող էր 1996-ին գուշակել, թե ինչ է լինելու 1998-ին ու 1999-ին, 2002-ին…   

***

1994-1997-ին եղավ մի շրջան, որ աշխատում էի միաժամանակ «Երկիր Նաիրիի»-ում, «Գարունում», «ՀՀ»-ում: Հենց այդ տարիներին հաճախ էր Խանջյանի անվան դպրոցում տեղակայված «Մայրենի» ամսագրի (որի գլխավոր խմբագիրն էի) խմբագրություն գալիս Հրանտ Մաթեւոսյանը: Առանց զանգահարելու: Պարզապես դուռը թակում էր ու…

-Տանը մարդ կա՞:

Մի բաժակ սուրճի, խմբագրությունում գտնված հաց ու պանիրի, խորոված բադրիջան-բիբարի, խաշած կարտոֆիլի ու թթվի, չգիտեմ էլ ինչի շուրջ խոսակցությունը ծորում ու ծավալվում էր: Այդպիսի մի օր իր ներկայությամբ խաշված կարտոֆիլը ափսեի մեջ մանր կտրտելով՝ ասաց.

-Մեր տնից դուրս ոչ մի տեղ ոչինչ չեմ ուտում, բայց ձեր տանը ուտվում է: Ինչի՞ց է:

-Երեւի մենք էլ ենք մեր խմբագրությունը տուն համարում, այդ պատճառով:

- Հաջորդ անգամ կարտոֆիլը չխաշեք, այ էդ պլիտայի վրա շերտ-շերտ կխորովեք: Այդպես:

…Զարմանալի պարզ ու անսեթեւեթ էր նրա պահվածքը, ուշադրությամբ լսում էր մեր խոսակցությունները՝ հաճախ անհեթեթ, օրվա անցուդարձից ու միշտ մեխում էր իր խոսքը՝ քարագրում էր:

***

Արդեն խմբագրության դուռը փակել էի ու գնում էի «ՀՀ», եկավ Հրանտ Մաթեւոսյանը՝ ոտքից գլուխ սպիտակ հագած: Տեսքը տոնական էր.

-Էս ու՞ր ես գնում:
-Այդինը կանչեց, կգա՞ք հետս:
-Բայց ինձ չի կանչել:
-Երջանիկ կլինի Ձեզ տեսնել: Միայն զանգեմ՝ զգուշացնեմ:

Գնացինք կարճ ճանապարհով՝ Գորվետկայով: Իմ խմբագրությունից Մամուլի շենք տարածությունը սովորաբար անցնում էի 7-10 րոպեում, տեղ հասանք…մեկ ժամից: Հրանտ Մաթեւոսյանը իր դանդաղ, ճոճուն քայլվածքով ստեպ-ստեպ կանգ էր առնում ու պատմում էր ինձ՝ ինչ ասել է Գորվետկա՝ Городская ветка, իմա՝ երկաթուղու վերջին կայարանը, որտեղ պահեստներն էին, ծաղկում էր առեւտուրը, այն ժամանակ՝ 20-րդ դարասկզբին… Խմբագրությունից մի քիչ վերեւ մի խարխուլ կամուրջ կար, պատմում էր այդ կամուրջի կառուցման ու գետի պատմությունը, ու այնպես էր պատմում, որ փոշոտ, միհարկանի, անհրապույր տների ու աղբով լցված գետի կողքին ինձ զգում էի Փարիզի Ելիսեյան դաշտերում, Գետառը դարձել էր Սենա՝ Ալեքսանդր Առաջինի փառահեղ կամուրջով: Խոսքի խելահեղ ուժը հաճախ չեմ զգացել, բայց այդ օրը նրա բառերը դաջվում էին քիմքիս՝ Հայրենիքի անկրկնելի համով:

Երբ տեղ հասանք, Այդին Մորիկյանը հասցրել էր ավանդական հայկական սեղան բացել ու շողում էր ուրախությունից: Նրան տեսնելով՝ Հրանտ Մաթեւոսյանը շրջվեց իմ կողմը.

-Դու ոնց որ ինչ-որ տեղ էիր գնում, չէ՞, դե դու գնա, մենք քեզ շնորհակալ ենք, որ մեզ անփորձանք տեղ հասցրիր: Այդպես:

Շարունակելի:

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին