Գարեգին Ա. Չենք կարող անցյալի եղածով ներկայի լինելիքը որոշել - Mediamax.am

Գարեգին Ա. Չենք կարող անցյալի եղածով ներկայի լինելիքը որոշել
2854 դիտում

Գարեգին Ա. Չենք կարող անցյալի եղածով ներկայի լինելիքը որոշել


1994-ի օգոստոսի 18-ին հանգեավ ի Տեր Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Վեհափառը:

Կաթողիկոսական ընտրությունների համար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընտրվեց կաթողիկոսական տեղապահ՝ Երուսաղեմի հայոց պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը: Նա էր ընտրությունների կազմակերպման պատասխանատուն: Թեկնածուները շատ չէին, ակնհայտ նախապատվելի երկուսն էին՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Ա-ն եւ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը:

Այդ տարիներին «Հայաստանի Հանրապետութիւն»-ը իսկապես օրաթերթ էր՝ լույս էր տեսնում շաբաթը 7 օր, եւ Երեւան-Էջմիածին-Երեւան երթուղին ինձ համար դարձել էր տուն-աշխատանքի-տուն գնալ-գալու պես: Շաբաթը 2-3 անգամ, երբեմն ավելի հաճախ գնում էի հարցազրույցների օրեցօր Էջմիածնում հավաքվող հոգեւորականների հետ: Հատկապես մտերմացել էի Շվեյցարիայի հայոց թեմի հոգեւոր առաջնորդ Վիգեն եպիսկոպոս Այքազյանի եւ ԱՄՆ-ի արեւելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի հետ ու շատ հաճախ էի դիմում նրանց աջակցությանը:

1995-ի ապրիլի 2-ին՝ ընտրություններից երկու օր առաջ «ՀՀ»-ի խմբագիր Այդին Մորիկյանն ասաց, որ պարտադիր պետք է հարցազրույց բերեմ Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Ա կաթողիկոսից: Ասացի, որ նա դեռ ընտրություններից մեկ շաբաթ առաջ հայտարարել է, որ այլեւս հարցազրույց չի տալու: Այդինը պնդեց, որ հարցազրույցը պարտադիր է, ու իմ բոլոր կապերը, բոլոր հնարքները պետք է գործի դնեմ: Բայց հոգեւոր տերերի հետ ի՞նչ հնարք: Հերթով զանգեցի Վիգեն եպիսկոպոս Այքազյանին ու Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին, երկուսն էլ ասացին՝ ոչ մի հարցազրույց, անհնարն ես ուզում, Վեհափառը խոկման մեջ է, աղոթքների, չի ընդունի:

Պատասխանեցի, որ անհնարը հնարավոր դարձնելը Աստծո կամքն է, իրենք կարող են Աստծո կամքը կատարողներ դառնալ, եթե Աստված կամենում է, որ հարցազրույցը կայանա: Մի քանի ժամից ինձ կանչեցին Էջմիածին, ճանապարհին ձայնագրիչի նոր մարտկոցներ գնեցի, որ հանկարծ տեխնիկական խնդիր չծագի, ինքս ինձնից գոհ՝ տաքսիով սլացա: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Ա-ն՝ Վիգեն եպիսկոպոս Այքազյանի ու Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի ուղեկցությամբ, ինձ ընդունեց շատ սիրալիր, մինչեւ հարցազրույցը գավազանակրին ասաց, որ իր ձայնագրիչը բերի, որը ես ընդունեցի զարմանքով, որովհետեւ դեռ երբեք ոչ ոք նման անվստահություն չէր դրսեւորել անձիս նկատմամբ: Հընթացս ինձ մխիթարեցի, որ գուցե Անթիլիասում այդպես է ընդունված ու տվեցի իմ առաջին հարցը. «Ի՞նչ կցանկանայիք պատմել Ձեր մասին»: Մինչ նա խոսում էր, պարբերաբար ստուգում էի իմ ձայնագրիչը, ամեն ինչ նորմալ էր, կարմիր լույսը վառվում էր, սկավառակը պտտվում էր: Համարյա մեկ ժամ տեւած հարցազրույցից հետո ստուգում եմ՝ նորմա՞լ է ձայնագրվել, եւ՝ ոչ մի բառ: Բացարձակ լռություն: Պտտում եմ աջ, ձախ՝ ոչ մի բառ: Վիգեն եպիսկոպոս Այքազյանն ասաց. «Վերջ, ես արեցի՝ ինչ կարող էի, ուրեմն՝ Աստծո կամքն էր, որ հարցազրույցը չլիներ» Նույնը՝ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը. «Մեկ է, եթե հիմա խնդրենք էլ, հոգնել է, մի ժամ խոսել չի կարող»:

«Հարցազրույցը արել եմ, խնդրում եմ իր ձայնագրիչը, հիմա կգնամ, մի տեղից նոր մարտկոց կգտնեմ ու ձեր ներկայությամբ կվերաձայնագրեմ, ընդամենը այդքանը»՝ չէի հանձնվում ես: Իմ փրկիչ հրեշտակները կես ժամից բերեցին կաթողիկոսի ձայնագրիչը, ու երեքով նստեցինք՝ վերաձայնագրելու՝ 5 րոպեն մեկ ստուգելով՝ ձայնագրվու՞մ է, թե՞ ոչ: Վերջապես վերաձայնագրեցի, ու նորից տաքսիով, որ հասցնեմ վաղվա համարին, սլացա Երեւան: Պարզվեց՝ խմբագրությունում լույս չկա՝ վթար է եղել, ստիպված եղա ոչ թե գրամեքենայով, այլ ձեռագիր հանել հարցազրույցը, որ տեւեց շատ ավելի երկար, բայց դա գործի կեսն էր՝ խմբագրությունը հոսանքազրկված էր մինչեւ գիշերվա մեկը: Ու երբ ապրիլի 3-ին առավոտ վաղ չհասնելով խմբագրություն՝ ճանապարհին կրպակից գնեցի թերթը, որի առաջին-երկրորդ էջերում «Մագաղաթի վրա ոգի ենք դրոշմել» վերնագրով բազմաչարչար հարցազրույցն էր, վերջապես հանգիստ շունչ քաշեցի՝ ուրեմն Աստծո կամքն էր, ես չէի հնարել: Երբ զանգահարեցի Վիգեն եպիսկոպոս Այքազյանին ու Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին՝ երախտագիտությունս հայտնելու, երկուսն էլ նույնը ասացին՝ Վեհափառ հայրը, որ նեղվել էր ձայնագրիչի հետ կապված պատմությունից, գոհ է ու իր օրհնությունն է փոխանցում քեզ: Թե ինչքան գոհ էի ես, գիտի Աստված:

***

Նախքան կաթողիկոսական ընտրությունները շատերն էին արտահայտել այն կարծիքը, որ եթե Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Ա կաթողիկոսը ընտրվի Ամենայն հայոց 131-րդ կաթողիկոս, կաթողիկոսական երկու տները կմիավորվեն: Դա, իհարկե, անհնար էր. Հայ առաքելական եկեղեցու նվիրապետական աթոռները՝ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքությունը, Երուսաղեմի հայոց պատրիարքությունը եւ Անթիլիասի կաթողիկոսությունը, ոչ միայն դարերի պատմություն, այլեւ՝ որոշակի առաքելություն ունեին ու ունեն, բայց այն ժամանակ նույնքան անհնար էր թվում անկախությունը, որ արդեն իրողություն էր, ուրեմն ինչու՞ հնարավոր չէր կաթողիկոսական տների միավորումը: Բնականաբար՝ հարցազրույցում այդ հարցը չտալ չէի կարող:

«Ի՞նչ եք մտածում Էջմիածնի եւ Անթիլիասի կաթողիկոսական տների հետագա ճակատագրի մասին» հարցին հնչել էր պատասխանը.

- Մարգարե չեմ, որ կարենամ ասել՝ հետագա ճակատագիրն ի՞նչ կլինի, բայց եւ միշտ հավատացել եմ, որ մեր եկեղեցու պատմության մեջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը միշտ եղել է ՄԱՅՐ ԱԹՈՌ: Կիլիկիայի կաթողիկոսությունը հինգ ու կես դարում մեծ ծառայություններ է մատուցել մեր ժողովրդին: 1441-ից սկսած ունենք երկու կաթողիկոսություններ, որոնց մեջ Ամենայն Հայոց կաթողիկոսության նախամեծ աթոռ լինելու, գերակա դիրք ունենալու հարցը երբեք խնդրո առարկա չի եղել եւ չի լինելու: Ես կխորհեմ, որ մենք պիտի շարունակենք գործակցության, եղբայրական խոսակցության միջից զարգացնել միասնության ու միության այն բոլոր տվյալները, որոնցով կարտահայտվի մեր եկեղեցվո անխորտակելի ուժը, այսինքն՝ մենք չենք կարող կաթողիկոսական երկու տարբեր տներ ունենալու համար երկու տարբեր եկեղեցիներ լինել: Դա բացառված է իմ գիտակցության մեջ: Դա բացառված է նաեւ պատմության մեջ: Բնականորեն տարբեր ժամանակներում երկու աթոռների միջեւ եղել են տարակարծություններ: 17-րդ դարում: 19-րդ դարում: 1950-ականներին: Բայց կյանքը փոփոխությանց վրա է կառուցված: Այսօր աշխարհը փոխվել է այնքան մեծ չափով, որ չենք կարող անցյալի եղածով ներկայի լինելիքը որոշել: Ներկան մեր ժողովրդի պայմանների համաձայն պետք է վերադասավորի այդ հարաբերությունները, եւ հակասության, հակամարտության երեւույթները մոռանա, գտնի իր բնականոն միության արտահայտության եղանակները: Դա մեծ, անհրաժեշտ գործ է: Ես հավատում եմ, որ 20-րդ դարի վերջին եւ 21-րդ դարի սկզբնավորության մենք պիտի հաջողենք այնպես անել, որ մեր եկեղեցու միասնությունը գործնականորեն արտահայտվի:

- Եթե կարելի է համեմատել, ստացվում է՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մեծ Մասիսն է, Անթիլիասի կաթողիկոսական աթոռը՝ Սիսը, բայց բոլորիս գիտակցության մեջ կա Արարատ լեռը:

- Շատ գեղեցիկ պատկեր եք տալիս, կկարծեմ՝ միանգամայն ընդունելի է համեմատությունը:

…1995-ի հունիսի 28-ին Մեծի Տանն Կիլիկիո 41-րդ կաթողիկոս ընտրվեց Պետրոս Քեշիշյանը՝ Արամ Ա-ն:

***

«Ո՞րն է Ձեր ամենանվիրական ցանկությունը» հարցին ապագա կաթողիկոսը պատասխանել էր.

-Ամենամեծ ցանկությունս է, որ մարդ մարդ լինի, այսինքն՝ Աստծո պատկերն իր հոգու մեջ աղարտված չլինի, մարդավայել վերաբերվի իր նմանին: Ես մի հոդված եմ գրել «Մարդը մարդ է մարդով» վերնագրով: Մարդն առանձին չի կարող ամբողջականորեն մարդ լինել, նա ամբողջանում է այլ մարդկանցով, նրանց հետ իր հարաբերություններով, հետեւաբար մենք պիտի սովորենք իրար հետ ապրելու արվեստը: Դաստիարակության, կրթության ամենակարեւոր կողմը մարդու պատրաստությունն է որպես մարդ: Մարդկությունը մեծ պաստառ է, որի վրա դրված գույներ են ազգությունները, պետությունները, մշակույթները, կյանքը: Իսկ իմ ցանկությունն է, որ ամեն մարդ մարդ լինի, որպեսզի կարողանա լինել այն՝ ինչի կոչված է:

- Եթե Ձեզ տրվեր կյանքը նորից սկսելու հնարավորություն, ի՞նչ կընտրեիք:

- Անվարան պիտի ասեմ՝ իմ ապրելու, զգալու, մտածելու եղանակով ուրիշ ճանապարհ չեմ ընտրի, միայն ու միայն եկեղեցական-մշակութային-իմացական-հոգեկան ծառայությունը: Ես իմ կյանքի իմաստն եմ համարում ծառայությունը ինձնից անդին, ուրիշներին, որ ինձ օտար ու հեռու չեն, որովհետեւ նրանց զգում եմ ինձ միացած: Միով բանիվ, եթե վերստին ծնվեմ այս աշխարհում, պիտի խնդրեմ Աստծուն՝ «Արա զիս որպես զսպասավորն հարանց, վասն սրբոյն եկեղեցվոյն եւ վասն շինության»:

…Ցավոք, լինել «զսպասավորն հարանց» Ամենայն հայոց 131-րդ կաթողիկոսին տրված էր ընդամենը չորս տարի եւ երեք ամիս: 1999-ի հուլիսի 8-ին ծանր հիվանդությունից հետո հողին հանձնվեց Վեհափառի աճյունը:

***

Վեհափառի հուղարկավորության օրը վարչապետ Վազգեն Սարգսյանին խնդրեցի իր խոսքն ասել.

«Ժամանակ ունեցա՞վ ճանաչելու ու ճանաչվելու, ինքը ժողովրդին ու ժողովուրդն իրեն զգալու, հասկանալու հնարավորություն չունեցավ: Ի՞նչ ասեմ: Աստծո կամքն էր, երեւի»՝ ասաց հընթացս ու հավելեց. «Չգրես: Դեռ ժամանակ կլինի իր մասին ամբողջական խոսքի: Չգրես»: Այն ժամանակ չգրեցի, բայց եւ… չգիտեմ՝ իր մասին ամբողջական խոսքի ժամանակը դեռ չի՞ եկել, թե՞ արդեն անցել է:

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին