Վանո Սիրադեղյան. Ափսոս էր երեխան - Mediamax.am

Վանո Սիրադեղյան. Ափսոս էր երեխան
9271 դիտում

Վանո Սիրադեղյան. Ափսոս էր երեխան


Երբ Ազատության հրապարակում հնչում էր Շեփորը, մենք բոլորս մի սիրտ էինք ու մի հոգի, ամենից շատ տպավորվել է հազարավոր մարդկանց մեկ շնչառությամբ շնչելը, երբեմն էլ շունչը պահելը: Երբ խոսում էր Վանո Սիրադեղյանը, կար զգացողություն, որ նրա սիրտը պայթում է ասելիքի շատությունից, բայց եւ ասելիքը չասելու պարտադրանքից: Եվ արդեն այդ օրերին նրանք բոլորն էլ, որ հարթակում էին, մեր տան անդամ էին, մեր հարազատը: Այսօրվա երիտասարդին անհնար է թվալու, որ եղել են ժամանակներ՝ առանց ինտերնետի, առանց բջջայինի, ու տեղեկության միակ աղբյուրը եղել է Ազատության հրապարակը: Որովհետեւ…



Որովհետեւ թերթերից միայն «Ավանգարդն» էր (երբ խմբագրում էր Այդին Մորիկյանը) անդրադառնում իրականությանը, իսկ հեռուստատեսությունը, ռադիոն, մամուլը ընդհանրապես … պաշտոնական էին: Գուցե այսօր հարկ կա դա էլ բացատրել, բայց այդ ժամանակներից մեզ նույնիսկ կես դար չի բաժանում: Ու դա եղել է մեր կյանքի, թերեւս, լավագույն ժամանակը:

***

Մեզ պաշտոնապես ոչ ոք չի ծանոթացրել: Երբ խմբագրությանդ հեռախոսով հնչում է զանգը ու քեզ ասում են. «Ձեզ հետ հիմա կխոսի ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանը», առաջին միտքդ՝ Տեր Աստված, ի՞նչ եմ արել: Ոչինչ չէի արել՝ նախարարը ինձ հրավիրում էր զրույցի: «Ինչի՞ մասին»: «Կգաս՝ կիմանաս»: Իսկ ես նույնիսկ Ներքին գործերի նախարարության տեղը չգիտեի: Ավելի ստույգ՝ գիտեի, բայց երբեք չէի եղել: Հաջորդ օրը, ժամը 2-ին գնացի, տեղ հասա իրենից շուտ: Ընդունարանում սպասում էի: Որ նախարարը գալիս է, իմացա հինգ րոպե առաջ՝ զանգ քարտուղարուհուն, բոլորը ձգվեցին, ինձ թվաց՝ հիմա ես էլ պիտի ոտքի կանգնեմ ու պատիվ տամ նախարարին, բայց մնացի նստած: Եկավ, մի հայացք նետեց վրաս ու ասաց՝ արի:

-Ի՞նչ ես անում հիմա:
-Սպասում եմ, որ հասկանամ՝ ինչու՞ եք ինձ կանչել:
-Լավ, կարճ ասեմ՝ ուզու՞մ ես դառնալ «02»-ի խմբագիր:
-Իսկ Վասա՞կը: (Վասակ Դարբինյանը խմբագրում էր «02» պաշտոնաթերթը):
-Վասակը քո գործը չէ, իմ գործն է, դու ուզու՞մ ես:
-Ոչ:
-Շատ արագ պատասխանեցիր, ինչու՞:
-Ես մենթական գործերից հեռու եմ՝ գրականություն, պատմություն, մշակույթ…
-Խելքդ տե՞ղն է՝ եկել ես, գլխավոր մենթին ասում ես՝ ես մենթական գործերից հեռու՞ եմ:
-Դե, հո չեմ խաբելու Ձեզ:
Եվ Վանո Սիրադեղյանը վեր է կենում իր բազկաթոռից, պտտվում իմ շուրջը, ուշադիր զննում ու սկսում է ծիծաղել:
-Քո կյանքում ամեն ի՞նչ ես այդքան արագ վճռում:
-Ոչ, իհարկե, բայց ինչ կարող եմ՝ կարող եմ, ինչ չեմ կարող՝ չեմ կարող:
-Լավ, երեք օր ժամանակ, մտածի, մենակ «02»-ը չի, «02»-ի խմբագիր լինելը նշանակում է ինձ հետ աշխատել, իմ կողքին լինել, հասկացա՞ր:
-Հասկացա:
-Երեք օր ունես, մտածի, ու պետք չի բոլորին ասել՝ ինչու՞ էիր եկել: Հարցնեն, ասա՝ զրուցում էինք:
-Բայց ո՞վ գիտի, որ ով հարցնի:
-Դու չգիտես, իմացողը՝ գիտի:

Ինքնին հասկանալի է, որ հայտարարություն չէի տալու, բայց նրա զգուշացումը խորհրդավորություն էր հաղորդում, որ ինձ բնավ չհմայեց: Մերժեցի: Բազում պատճառներով, որոնցից ոչ մեկը նրա համար ընդունելի չէր: Դա մեր առաջին պաշտոնական հանդիպումն էր՝ 1994-ի հուլիսին:

***

Երկրորդ անգամ նա ինձ զանգահարեց 1995-ի մարտին: Նորից նույն արարողությամբ հրավիրվեցի ՆԳՆ: Բայց մինչ այդ «Մայրենիի» խմբագրի իմ կյանքում եղել էին բազում իրադարձություններ, որոնց անմիջական մասնակիցը Վանո Սիրադեղյանն էր:
Էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների շրջագծում էր նաեւ մեր խմբագրությունը, որ անհնար էր դարձնում աշխատելը: Այդ օրերին հաճախ էր խմբագրություն գալիս Հրանտ Մաթեւոսյանը, երբեմն մենակ, երբեմն՝ Վանո Սիրադեղյանի հետ, երբեմն՝ Տիգրան Մանսուրյանի: Պատկերացրեք՝ պլիտայի վրա շարված սուրճի բաժակները, հանպատրաստից բացվող սեղանը, եւ՝ լույսը տարան:

-Էս ի՞նչ եղավ,-հարցնում է Վանո Սիրադեղյանը:
-Հովհարային անջատում, հիմա սպիրտի վրա սուրճը կտեղափոխեմ:
-Ո՞նց, խմբագրությա՞ն լույսն էլ են անջատում:
-Իմ կարծիքով՝ դու այդ հարցով պիտի զբաղվես,- ասում է Հրանտ Մաթեւոսյանը: -Թեկուզ այն պատճառով, որ մեկ-մեկ գալիս, սուրճ եմ խմում:

Հաջորդ օրը խմբագրություն է գալիս Երեւանի էլցանցի գլխավոր ինժեները ու իր ձեռքով մոտակա ենթակայանից «լեւի լույս» քաշում մեզ համար՝ նախարարի հրամանով:

Իսկ հետո ստացվում է այնպես, որ հատում են Տիգրան Մեծ պողոտայի («Մայրենիի» խմբագրությունը Աղասի Խանջյանի անվան թիվ 53 դպրոցում էր՝ Տիգրան Մեծ պողոտայի վրա) մի քանի ծառեր, ու ես «Երկիր Նաիրի»-ում ռեպլիկ եմ գրում հատված ծառերի մասին, որոնց տեղում սրճարան է կառուցվում: Սրճարանը կոչվում է «Շամիրամ»: Հաջորդ օրը խմբագրության լույսն անջատվում է: Ընդհանրապես: Ոչ ոք, անգամ Էրեբունու շրջգործկոմի քարտուղար Մկրտիչ Մինասյանը (դպրոցը Էրեբունու տարածքում էր) հույս չի տալիս, որ էներգամատակարարումը կվերականգնվի: Ոչ մի բացատրություն, ոչ մի պատճառաբանություն: Ու ես, որ արդեն հասկացել եմ իմ «լեւի լույսի», կտրված ծառերի, կառուցվող «Շամիրամի» ուղիղ կապը, զանգահարում եմ Հրանտ Մաթեւոսյանին եւ պատմում ամեն ինչ: «Լավ»`կարճ ասում է նա, առանց գոնե մխիթարելու կամ հույս տալու, որ նորից կօգնի: Կես ժամից խմբագրության էներգամատակարարումը վերականգնվում է ու մի քանի րոպեից հնչում է հեռախոսազանգը: Հրանտ Մաթեւոսյանն է: Ես միանգամից ճչում եմ՝ լույս ունեմ:

-Գիտեմ: Դու ասա՝ որ իմանայիր ամեն ինչ սկզբից, էլի կգրեի՞ր:
-Այո, սրճարանը կարելի էր մի քիչ աջ կամ ձախ կառուցել ու ծառերը չկտրել:
-Ասում ես՝ կգրեի՞ր, ես այդպես էլ գիտեի: Ու հենց դրա համար զանգեցի քո «լուսատուին»:

***

Երբ ես 1991-ի օգոստոսի 23-ին դարձա «Հայոց լեզուն եւ գրականությունը դպրոցում» ամսագրի խմբագիր (հետո վերանվանեցի «Մայրենի»), սեպտեմբերից դադարեցվեց պետական ֆինանսավորումը՝ մանկավարժական ամբողջ մամուլի: Դա նշանակում էր ամսագիր փակել, բայց մենք այդպես չէինք մտածում: Չգիտեմ՝ մնացե՞լ էր որեւէ դուռ, որ չէի թակել: Վերջապես 1992-ին հասա պետական նախարար Գրիգոր Արեշյանին: Ու մինչ բացատրում, հիմնավորում, ծրագրեր էի ներկայացնում, թե ինչու՞ չի կարելի ուսուցչին զրկել իր ամսագրից, փաստացի՝ մեթոդական, ճանաչողական, գիտական («Հայոց լեզուն եւ գրականությունը դպրոցում» ամսագիրը ուներ C դասիչ, որը թույլ էր տալիս գիտական համարել հրապարակված հոդվածները ասպիրանտների համար), եւ այլն, եւ այլն, Գրիգոր Արեշյանն ընդհատում է ինձ ու ժպտալով ասում.

-Իբրեւ բացառություն ամսագրին հատկացվել է մեկ միլիոն դրամ՝ տպագրական ծախսերի համար, աշխատավարձի մասին Դուք մտածեք: Ներքին գործերի նախարարի միջնորդությամբ:
-Վանո Սիրադեղյանն ի՞նչ կապ ունի մեր ամսագրի հետ:
-Վանո Սիրադեղյանը այս երկրում կատարվող ամեն ինչի հետ կապ ունի,- հնչում է պատասխանը ու ինձ ուղեկցում են դուրս՝ խոստանալով աջակցել ամեն ինչում:

***

1995-ի մարտին ես նորից ՆԳՆ-ում եմ: Եվ Վանո Սիրադեղյանն ասում է.

-Խորհրդարանի ընտրություններին ո՞նց ես վերաբերվում:
-Դե, ամբողջ օրը դա եմ գրում, էլ ո՞նց վերաբերվեմ:
-Չե՞ս ուզում ընտրվել:
-Ե՞ս:
- «Շամիրամի» մասին գիտե՞ս:
-Էն էլ ոնց:
-Չէ, էդ «Շամիրամի» չէ: Բայց դու սխալ ես, դրա մասին չենք խոսում: Ես ուզում եմ, որ խորհրդարանում կանայք լինեն: Քաղաքականության մեջ կանայք լինեն: Խելոք, մտածող, նվիրված, պայքարող: Նոր որակի քաղաքական գործիչներ: Չե՞ս ուզում ընտրություններին մասնակցել նրանց հետ:
-Իսկ ովքե՞ր են նրանք:

Վանո Սիրադեղյանը սկսում է թվարկել՝ Հրանտ Մաթեւոսյանի աղջիկը, Ջիմ Թորոսյանի աղջիկը… Ստացվում է պատկառելի ցանկ՝ աղջիկը, կինը, աղջիկը… սկզբունքով:
-Ոչ, չեմ ուզում, ես ոչ մեկի ոչ աղջիկն եմ, ոչ կինը: Պատրաստ եմ լուսաբանել, հարցազրույցներ անել, հետներն ընտրարշավի գնալ:
-Լուսաբանող կգտնվի, ինձ դեպուտատ է պետք:
-Ինձնից ի՞նչ դեպուտատ:
-Լսի, դու ինձ երկրորդ անգամ ես մերժում: Ինձ ոչ ոք չի մերժում, հասկանու՞մ ես: Հետեւանքները հասկանու՞մ ես: Երեք օր չէ, մեկ օր ժամանակ եմ տալիս, գնա-խորհրդակցի ում հետ ուզում ես ու զանգի, ասա՝ գալիս եմ:

Վանո Սիրադեղյանը նորից վեր է կենում բազկաթոռից, ու երբ ես կանգնում եմ, որ դուրս գամ, ասում է.

-Սպասիր, ու՞ր ես շտապում:

Բացում է գրասեղանի դարակը ու մի կարմիր տուփ է պարզում ինձ.

-Սա էլ քեզ գրիչ՝ երեք օրինակից, որ դիմումդ գրես: Հաստատ: Այս անգամ մերժում չեմ ընդունելու: Դու ինձ գիտես, փրկիչների էլ չդիմես:

…Չգրեցի, չդիմեցի, հետո մնացի անգործ՝ մինչեւ Վազգեն Սարգսյանը աշխատանքի ընդունեց ՊՆ-ում, ուր նույնպես չգնացի, բայց դա արդեն ուրիշ պատմություն է:

***

1996-ի ապրիլի 17-ին Գրողների միության վարչության ընդլայնված նիստում Ռազմիկ Դավոյանը հրաժարական տվեց, որոշվեց, որ մեկամսյա ժամկետում կհրավիրվի արտահերթ համագումար, մինչեւ ընտրությունները նախագահի պարտականությունները կկատարի Հրանտ Մաթեւոսյանը: Նիստին ներկա էր Վանո Սիրադեղյանը: Հարցրի՝ «Ձեր կարծիքը կատարվածի մասին».

-Գրողների միությունում համագումար է պատրաստվում: Արտահերթ այդ համագումարի անհրաժեշտությունը կար կազմակերպական այս խառնաշփոթը պարզելու համար: Խիզախ ու գեղեցիկ քայլ կատարեց Ռազմիկ Դավոյանը՝ համագումարի նախապատրաստումը զիջելով Հրանտ Մաթեւոսյանին: Գրականությանը տոն տվող մարդիկ՝ այսօրվա լավագույն բանաստեղծն ու լավագույն գրողը համատեղ որոշեցին լուծում գտնել գրողների միության ճակատագրի համար: Ես շատ ուրախ եմ այս ելքով, որովհետեւ երկուսն էլ մանկուց իմ պաշտամունքն են եղել եւ հետո են դարձել իմ ավագ գրչընկերները:

-Կարծու՞մ եք, որ համագումարից հետո գրողների երկու միությունների հարցը հնարավոր կլինի լուծել:

-Այդպիսի հարց չի լինի մինչեւ համագումար: Հրանտ Մաթեւոսյանը իր շուրջը կհամախմբի բոլոր գրողներին՝ Հայաստանում ու Ղարաբաղում, համայն աշխարհում:
Այսքանը հաջորդ օրը տպագրվեց «Հայաստանի Հանրապետություն»-ում, ես չէի գրել, բայց տվել էի երրորդ հարցը, որ այդ օրերին բոլորի լեզվի ծայրին էր ու շուրթերին չէր հասնում.

-Ճի՞շտ է, որ այս ամենի թիկունքում Դուք ու Վազգեն Սարգսյանն եք:

-Հիմար հարցեր մի տուր: Ինչպե՞ս ես պատկերացնում, որ ես ու Վազգենը մեր կամքը թելադրենք Հրանտ Մաթեւոսյանին:

Նրա խոսքը ընդհատեց ինքը՝ Վազգեն Սարգսյանը.

-Դու այստեղ Վանոյից բացի ուրիշ գրող չե՞ս տեսնում:
-Տեսնում եմ, Դուք պատասխանեք նույն հարցին:
-Բայց ես Ռազմիկ Դավոյանին նկատի ունեի,- քրքջաց ու հարցազրույցից խուսանավեց Վազգեն Սարգսյանը:

***

Ապրիլի վերջին օրը համագումարը կայացավ՝ նախագահությունում՝ Վանո Սիրադեղյան, Լեւոն Հախվերդյան, Հրանտ Մաթեւոսյան, Հովհաննես Գրիգորյան:
Վանո Սիրադեղյանի խոսքը կարճ էր. «ՀԳՄ-ն մինչեւ հերթական համագումարը անցնելու է բարենորոգումների որոշակի ժամանակաշրջան, եւ ինչքան ճկուն լինի ղեկավարությունը, այնքան բարենորոգումներն արդյունավետ կլինեն: Որպես ՀԳՄ, որպես Հայաստանի ղեկավարության անդամ՝ ես առաջարկում եմ ոչ մի հետաքննություն չանցկացնել, դա ավելի թշնամացնելու է մեզ իրար հետ: Մեկ է, տարածը հետ չի բերվելու, մնալու է միայն փոխադարձ վիրավորանքը: Եթե ստեղծվի նորմալ, աշխատանքային մթնոլորտ, շատ ավելի հեշտ է եղածը եռապատկել, քառապատկել, քան տարածի հետեւից գնալ: Որքան մենք միաբան լինենք, այնքան կառավարությունը հաշվի կնստի մեզ հետ: Ամեն ինչ արվում է օրենքով: Հրանտ Մաթեւոսյանը ինչ ոգեւորությամբ այստեղից դուրս գա, նույն ոգեւորությամբ կաշխատի»:

…Նորից կարդացեք այս խոսքերը՝ պրոյեկտելով մեր օրերը:  

***

Աշխատում էի «ՀՀ»-ում, 2000-ի մարտին խմբագիրը մի գիրք տվեց ու ասաց՝ հեղինակը խնդրել է, որ անձամբ դու գրախոսես: Վանո Սիրադեղյանի «Ձեռքդ ետ տար ցավի վրայից» գիրքն էր: Գիշերը չքնեցի ու կարդացի: Շունչս կտրվելով: Առավոտյան արդեն գրել էի, բնականաբար՝ «Մանրամասն սիրելու Հայրենիք» վերնագրով, ու ավարտել էի. «Ձեռքդ ետ տար ցավի վրայից», մի թող վերքդ սպիանա, որովհետեւ քո հայրենիքի սահմանը քո երկրի մայրաքաղաքից 50 կիլոմետր է հեռու, եւ դու միշտ գտնվում ես հաղթանակի ու պարտության ամենակենտրոնում: Մնացածը ինքդ գիտես` բառերով: Հետո ինձ փոխանցեցին, որ արժեր գիրք գրել... Ուրիշ ոչինչ: Բայց դա աշխարհ արժեր:  

***

Հարկավ, կան բազում այլ դրվագներ, բայց մարդ միշտ պիտի պահի մեծ աշխարհի իր անկյունը: Վանո Սիրադեղյանի մահը ցնցում էր՝ սպասում էի, որ վերադառնալու է, անտիպ գրքերն ենք կարդալու, լինելու է մեզ հետ ու մեր կողքին, ու իրենից ենք առնելու անպարագիծ կարոտը, որ մնաց Վազգենից… Գնաց: Ու հիմա հաստատ էլի երկուսով են Հրանտ Մաթեւոսյանի առաջ՝ տան փոքրի պես տան ՄԵԾԻ առաջ:

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին