Դիվանագետ ընկերներիս՝ հոխորտանքին կուլ մի գնացեք - Mediamax.am

Դիվանագետ ընկերներիս՝ հոխորտանքին կուլ մի գնացեք
2146 դիտում

Դիվանագետ ընկերներիս՝ հոխորտանքին կուլ մի գնացեք


Հունիսի 7-ին, երբ Նիկոլ Փաշինյանը սկսեց հոխորտանքով եւ զառանցանքով լի քարոզարշավը՝ սլաքները ուղղելով Հայաստանի առաջին եւ երկրորդ նախագահների դեմ, հաստատվեց այն, ինչի մասին խոսում էին արդեն մեկ շաբաթ՝ արտաքին գործերի նախարարի բոլոր տեղակալները հրաժարականի դիմումներ են ներկայացրել:

Հիշեցնեմ, որ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժարական էր ներկայացրել մայիսի 27-ին, իսկ մայիսի 31-ին՝ հրաժեշտ տալով ԱԳՆ աշխատակիցներին, ասել էր.

«Հուսով եմ, որ ձեզ ամոթով չեմ թողել, եւ իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբեւիցե որեւէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային եւ պետական շահի դեմ են եղել»:

Տրամաբանական է ենթադրել, որ Այվազյանի տեղակալների հրաժարականը նույն պատճառաբանությունն ունի, սակայն նրանցից եւ ոչ մեկը առայժմ որեւէ հայտարարություն չի արել: Հրաժարականից հետո մի քանի անգամ փորձել եմ հարցազրույց վերցնել Արա Այվազյանից, սակայն ապարդյուն:

Այսօր ունենք մի իրավիճակ, երբ հակառակորդի զինվորները արդեն մոտ մեկ ամիս գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում: Փաշինյանն ասում է, որ այդ խնդիրը պետք է լուծել միայն քաղաքական-դիվանագիտական եղանակներով, սակայն այն մարդիկ, որոնք դրանով պետք է զբաղվեն ի պաշտոնե, հեռանում են աշխատանքից: Առաջին, երկրորդ ու երրորդ նախագահների հասցեին հոխորտացողը կազմաքանդում է այն կառույցը, որն իր բոլոր թերություններով հանդերձ հիմնադրվել ու զարգացել է Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի եւ Սարգսյանի օրոք:

Քանի որ ես լրագրությամբ զբաղվում եմ վաղուց, իսկ լրագրությունը եւ դիվանագիտությունը հաճախ հատվում են, ես ունեմ շատ դիվանագետ ընկերներ եւ բարեկամներ: Ուստի ինձ իրավունք կվերապահեմ դիմել նրանց եւ խնդրել՝ մի լռեք,  եթե տեսնում եք, որ անթույլատրելի բաներ են կատարվում:

Առանձին դիմելով հրաժարական տված նախարարի պաշտոնակատարին եւ նրա տեղակալներին, ուզում եմ ասել, որ այս պայմաններում ձեր լուռ հրաժարականը արժեք չունի: Հրաժարականը անհամաձայնություն է վարվող քաղաքականության հետ, եւ Հայաստանի այսօրվա պայմաններում այդ անհամաձայնության պատճառները պետք է հանրայնացվեն: Եթե գնացել եք այդ քայլին՝ անհնարին համարելով համակերպվել այս կամ այն իրողության հետ, ապա պարտավոր եք հանրությանը տեղեկացնել այդ մասին: Դրանով դուք քաղաքական պայքարի մասնակից չեք դառնա, այլ հաշվետու կլինեք երկրին ու ժողովրդին, որոնց ծառայել եք:

Ի տարբերություն շատերի, ես գիտեմ, որ դիվանագիտությունը ընդունելությունների ժամանակ շամպայն խմելը եւ բարձրաշխարհիկ զրույցներ վարելը չէ: Շատերդ ԱԳՆ-ում աշխատում եք հիմնադրման պահից եւ անցել եք բազմաթից փորձությունների եւ զրկանքների միջոցով: Արդյո՞ք արժե, որ այդ ճանապարհը անփառունակ ավարտ ունենա:

Իմ լրագրողական կարիերայի ընթացքում ես բազմիցս աշխատել եմ դիվանագետների հետ կողք կողքի՝ բառիս բուն եւ փոխաբերական իմաստով: Եղել են բազմաթիվ դեպքեր, երբ մի կողմ եմ դրել իմ լրագրողական ամբիցիաները եւ արել եմ այն, ինչը տվյալ պահին ավելի կարեւոր է եղել մեր պետության համար՝ անկախ նրանից, թե ով է այն ղեկավարել այդ պահին: Կարծում եմ, այսօր էլ ես իրավունք ունեմ ակնկալել իմ դիվանագետ բարեկամներից, որ նրանք մի կողմ դնեն հնարավոր մտավախությունները եւ պատմեն մեզ, թե ինչու է ԱԳՆ-ն գլխատվում այս ճակատագրական պահին:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին