«Հայկական կարմիր»՝ Խորհրդային Հայաստանի պատմությունը - Mediamax.am

«Հայկական կարմիր»՝ Խորհրդային Հայաստանի պատմությունը
5009 դիտում

«Հայկական կարմիր»՝ Խորհրդային Հայաստանի պատմությունը


Դեռ 2020 թվականի ամռանը, երբ գիտեինք, որ «Հանրապետություն» նախագիծը տարեվերջին ավարտվելու է, գաղափար առաջացավ ստեղծել դրա տրամաբանական շարունակությունը եւ պատմել Խորհրդային Հայաստանի մասին:

Պատերազմից հետո, երբ զուգահեռներ էինք անցկացնում 1920-ի եւ 2020-ի սեպտեմբեր-դեկտեմբերի ամիսների միջեւ, հասկացա, որ Խորհրդային Հայաստանի մասին այս նախագիծն առավել կարեւոր է դառնում: Առաջին Հանրապետության կործանման պատճառները եղել ու մնում են պատմական եւ քաղաքական սուր քննարկումների առարկա, դա բնական է: Իսկ փաստն այն է, որ ստեղծված պայմաններում խորհրդայնացումը Հայաստանը պահելու միակ միջոցն էր:

1990 թվականից հետո ծնվածները քիչ բան գիտեն Խորհրդային Հայաստանի մասին, կամ էլ ոչինչ չգիտեն: Երիտասարդներից շատերի պատկերացումները Խորհրդային Միության եւ Խորհրդային Հայաստանի մասին լղոզված են: Հաճախ դրանք սահմանափակվում են կարծրատիպերով, իսկ հայ մարդկանց 70 տարվա ձեռքբերումները (եւ կորուստները) չբացահայտված են մնում:

Իհարկե, կլինեն մարդիկ, որոնք կասեն, որ այս նախագծով «գովերգում ենք Սովետը»: Այդ մարդկանց հետ բանավիճելու ցանկություն չունենք, քանզի մեր միակ նպատակն է պատմել, թե ինչպես էին ապրում, արարում, ուրախանում եւ տխրում Խորհրդային Հայաստանում ապրող հայ մարդիկ: «Սովետի» հասցեին կարելի է հազար ու մի մեղադրանք հնչեցնել, բայց նաեւ պետք է գիտակցել, որ Արցախյան առաջին պատերազմում հաղթանակ տարան հենց «Սովետի մարդիկ», իսկ հաղթանակի կարեւորագույն բաղադրիչներից էր Խորհրդային Հայաստանում կուտակած մտավոր ու գաղափարական ներուժը։

Երկար մտածում էինք, թե ինչպես անվանել նոր նախագիծը: Ի վերջո, կանգ առանք «Հայկական կարմիր»-ի վրա: Գաղափարն այն էր, որ չնայած Հայաստանը «կարմիր» էր, խորհրդային հանրապետությունը երբեք չկորցրեց իր հայկականությունը:

Ամեն ամիս ներկայացնելու ենք 3-ական տարի Խորհրդային Հայաստանի կյանքից: Ընդ որում, տարիները ներկայացնելու ենք ոչ ժամանակագրական տրամաբանությամբ՝ ընթերցողին տարբեր ժամանակաշրջաններ տեղափոխելով:

Սկսում ենք 1957 թվականից. Հայկական IT-ի ակունքները, «Տոնական» կոնյակի ծնունդը, Վարպետի մահը, Իդա Կարի այցը Հայաստան, Թումանյանի եւ Սպենդիարյանի արձանների տեղադրումը, Չարենցի 60-ամյակն ու «Չարենցի կամար» դարձած «Մասիսի տաճարը» եւ այլն:

Ինչպես եւ «Հանրապետության» դեպքում, «Հայկական Կարմիրի» գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է, ինչի համար անչափ շնորհակալ ենք:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին