Մի քանի բան, որ պետք չէ անել պատերազմի պայմաններում - Mediamax.am

Մի քանի բան, որ պետք չէ անել պատերազմի պայմաններում
11516 դիտում

Մի քանի բան, որ պետք չէ անել պատերազմի պայմաններում


Երբ պատերազմ է, բոլորս մի կողմ ենք դնում տարաձայնությունները, մեկ բռունցք ենք դառնում եւ ուզում ենք օգտակար լինել հայրենիքին: Սա հրաշալի է եւ սա է մեր գալիք հաղթանակի գլխավոր գրավականը: Բայց հաճախ, երբ հույզերը շատ են, մարդիկ սկսում են չմտածված կամ իռացիոնալ բաներ անել, որոնք կարող են խանգարել բոլորիս ընդհանուր մեծ նպատակին: Այսօր ինձ իրավունք կվերապահեմ թվարկել մի քանի բան, որոնք, իմ կարծիքով, պետք չէ անել գոնե հանրային տիրույթում:

Պետք չէ Պուտինի/Պեսկովի, Մերկելի/Մակրոնի հանրային հայտարարությունները ընկալել որպես նրանց իրական քաղաքականության արտահայտություն: Նույնը՝ Փաշինյանի հայտարարությունների դեպքում: Անգամ եթե ենթադրենք, որ Մերկելը հայերին եւ անձամբ Փաշինյանին ավելի շատ է համակրում, քան Ալիեւին, նա երբեք չի ասի դրա մասին բարձրաձայն: Եվ եթե Փաշինյանն ասում է, որ Պուտինի հետ ռազմական միջամտության հարց չի քննարկել, դա չի նշանակում, որ իրենք չեն խոսել Թուրքիայի աճող ախորժակը զսպելու մասին: Իսկ զսպման միջոցները շատ են եւ ոչ միշտ ռազմական: Կամ, օրինակ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ալիեւին «շան տղա» չի անվանել, բայց շեշտել է եռանախագահության՝ Ռուսաստանի, ԱՄՆ եւ Ֆրանսիայի միջնորդական բացառիկ դերը, ու դա կարեւոր է:

Պետք չէ ցնցումների մեջ ընկնել, եթե Վլադիմիր Ժիրինովսկին/Կարեն Շախնազարովը կամ տարօրինակ «Մգեր Արմենիա» անունով մարդը, այս կամ այն ձեւով, Հայաստանին առաջարկում են Ռուսաստանի մաս դառնալ: Այդ մարդկանց մի մասն ունի իր հստակ օրակարգը, որի դիմաց ստանում է փող կամ այլ բարիքներ, մյուս մասն էլ պարզապես հիմար է: Պատերազմի ժամանակ ծախուների եւ հիմարների վրա ժամանակ պետք չէ վատնել։

Պետք չէ իրարամերժ ցանկություններ արտահայտել եւ, օրինակ, մի կողմից, քննադատել «ռուսներին», որ մեզ «չեն օգնում», իսկ մյուս կողմից, ասել, որ սա «մեր կռիվն է ու մենք ենք որոշելու, թե երբ ու ինչպես այն ավարտենք»: Նախ, չօգնելու մասով: Չմոռանանք, թե հուլիսյան մարտերից հետո Ալիեւն ու իր նախարարները քանի անգամ բողոքեցին Հայաստան ուղեւորվող ինքնաթիռներից: Պարզ է, չէ՞, որ դրանք քաղցրավենիքով չէին բեռնված: Հաջորդը՝ «օգնելն» ինչպե՞ս ենք հասկանում: Որ Պուտինը կզանգի Ալիեւին ու կասի՞՝ «դադարեցրո՛ւ»: Այդպես չի լինում: Վերադառնամ առաջին կետիս՝ փորձեք հասկանալ, որ մեծ քաղաքականությունը բազմաշերտ է, եւ դուք տեսնում եք միայն սառցալեռան գագաթը:

Պետք չէ սոցիալական ցանցերում գրել. «Իսկ ո՞ւր են մեր Իսկանդերները, ինչու չեն կրակում»: «Իսկանդերներն» այնտեղ են, որտեղ պետք է լինեն ու կկրակեն այն ժամանակ, երբ կլինի դրա անհրաժեշտությունը: Հավանաբար, լսել եք Զինված ուժերի Գլխավոր շտաբ կառույցի գոյության մասին: Դուք առավոտյան արթնանում եք եւ գնում եք աշխատավայր, օրինակ՝ վարսավիրանոց, խանութ կամ ռեստորան եւ հստակ գիտեք ձեր գործառույթները: Գլխավոր շտաբում աշխատող մարդիկ էլ իրենցը գիտեն: Տարբերությունն այն է, որ վերջին օրերին իրենք աշխատանքից տուն չեն գնում:

Պետք չէ առաջնորդվել միայն հույզերով: Հույզերը շատ կարեւոր են, սակայն պատուհաս են դառնում, երբ հաղթում են բանականությանը: Ուստի փորձեք սոցցանցում որեւէ բան եւ առավել եւս՝ կոչ գրելուց առաջ մտածել, թե արդյո՞ք ձեր գրածը որեւէ արժեք ունի, թե պարզապես լրացնելու է տեղեկատվական աղմուկը:

Պատերազմում հաղթում են սառնասիրտներն ու խոհեմները, սա ռազմարվեստի ոսկե կանոններից մեկն է: Ու քանի որ մենք իսկապես ազգ-բանակ ենք, սառնասիրտ ու խոհեմ պետք է լինեն ոչ միայն մեր զինվորականները, այլեւ բոլորս:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին