Թուրքիան ցեղասպան է. այն պետք է սանձվի - Mediamax.am

Թուրքիան ցեղասպան է. այն պետք է սանձվի
5646 դիտում

Թուրքիան ցեղասպան է. այն պետք է սանձվի


Երբ 2015 թվականին Հայաստանում անցկացվում էին Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված մեծամասշտաբ միջոցառումներ, գտնվում էին թերահավատներ, որոնք ցինիկաբար պնդում էին, թե պատմության վերլուծությունը պետք է թողնել պատմաբաններին՝ ասելով, որ «չի կարելի գերի մնալ սեփական անցյալին» եւ թմբկահարելով այժմյան Թուրքիայի Հանրապետության ու Օսմանյան Կայսրության միջեւ տարբերությունների վարկածը:

Այդ վարկածը հանպատրաստից մատուցված չէ. այն Եվրասիա մայրցամաքում իշխող մերօրյա ամենաարյունարբու բռնապետի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի մտքի «զավակն» է: Նա ամեն բան արել է չեզոքացնելու Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման ցանկացած կոչ, որը հետագայում ճանապարհ է հարթել Հոլոքոստի և մարդկության դեմ այլ ծանր հանցագործությունների համար: Նա, նույնիսկ, Դարֆի (Սուդան) ցեղասպանություններն է փորձել կոծկել շինծու շղարշի տակ։

Թուրքիան շարունակում է անտեսել եւ մերժել Եվրոպական Խորհրդարանի, իր միջազգային գործընկերների եւ սեփական քաղաքացիական հասարակության կոչերը՝ չընդունելով ճանաչման փաստն, անգամ, աշխարհի առաջատար տերությունների կողմից, այդ թվում՝ Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի դաշնակից հանդիսացած Գերմանիայի, որի նախագահ Գաուկը 2015թ. ապրիլի 23-ին Բեռլինի մայր տաճարում հնչեցրած իր ելույթում խոսեց հայերի նկատմամբ գործած ոճրին Գերմանիայի հանցակցության մասին:

Շատ-շատերը, ինչպես իմ սեփական ժողովուրդը, այդ ցեղասպանությունն անվանում են Մեծ Եղեռն ու ողբերգություն: Որպես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների գլխավոր համակարգող՝ իմ հարցազրույցներում, հոդվածներում ու տարատեսակ մեկնաբանություններում բազմիցս վերահաստատել եմ, որ Ցեղասպանությունն ինքնին, նախեւառաջ, հանցագործություն է, իսկ ողբերգական ու աղետալի են արդեն դրա հետեւանքները: Տարբերությունն ակներեւ է. ողբերգությունը հարուցում է կարեկցանք, սակայն հանցագործությունը պահանջում է պատիժ: Առանց ճանաչման եւ պատժի` ոճրի կրկնությունը հնարավոր չէ կանխել։

Ցեղասպանության ժխտումն ունենում է ուղղակի հետեւանքներ: Երկրորդ համաշխարհային պատերազմի եւ ֆաշիզմի, Լատինական Ամերիկայի երկրների բռնատիրական ռեժիմների, Ամերիկայի բնիկների բնաջնջման կամ ստրկության պատմական դրվագները միայն պատմաբանների քննությանը թողնելով՝ պարարտ հող ենք ստեղծում այդ զարհուրելի հանցագործությունների կրկնության համար։ Բառերը բավարար չեն կանխարգելման համար: Ճանաչում, պատիժ եւ քաղած դասերի գիտակցում՝ քաղաքական որոշումներում. սրանք են, որ վճռորոշ դեր են խաղում ցեղասպանության ոճրի կրկնությունը կանխելու գործում:

Ես հաճախ եմ լսել իմ օտարերկրյա ընկերներից, որ հայերը, թերեւս, չափազանցնում են: Ըստ նրանց՝ «Թուրքիան այժմ ուրիշ է»: Հնչում են պնդումներ մի Թուրքիայի մասին, որն ունի զուսպ դերակատարություն ՆԱՏՕ-ում, որը փափագում է անդամակցել Եվրոպական Միությանը, Մեծ 20-յակի (G-20) խոշոր անդամ է եւ արագընթաց աճող տնտեսության երկիր է: Մյուսները խոսում են ամրապնդված քաղաքացիական հասարակության, թուրք մտավորականների, ժամանակակից աշխարհիկ պետական կառուցվածքի մասին:

Ռեջեբ Էրդողանը կրկին հարձակման է անցել Լիբիայում, Իրաքում, Սիրիայում, Արեւելյան Միջերկրական ծովում եւ հիմա արդեն Հարավային Կովկասում: Տասնամյակներ շարունակ ադրբեջանական զինված ուժերին թե՛ անթաքույց, թե՛ ծածուկ կերպով ֆինանսավորելոց, զինելոց, պատրաստելուց եւ աջակցելուց հետո՝ այժմ, նա բացահայտ կերպով ներգրավում է Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումներին։ Թուրքական ռազմական ավիացիան, զինատեսակներն ու զինվորական  անձնակազմը գործի դնելով՝ աջակցում է Ադրբեջանի բանակի լայնամասշտաբ գրոհներին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ, որի միակ պահանջը իր ինքնորոշման իրավունքն է: 1969-ից ի վեր՝ Ադրբեջանն ինքն է գտնվում նավթով կարողություն դիզած Ալիեւների բռնատիրական ռեժիմի տիրապետության տակ: Թուրքիայի հետ միասին՝ նրանք շարունակաբար վերահաստատում են, որ մեկ ազգ են՝ երկու պետություններում: Արցախի ժողովուրդը երբեք չի լինելու երկու երկրում ապրող այդ մեկ ազգի մաս։

Մինչ ես գրում էի այս հոդվածը, լուր հասավ այն մասին, որ թուրքական F-16 կործանիչը օգնության էր հասել Ադրբեջանի զինված ուժերին՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող գյուղական խաղաղ բնակավայրերի: Րոպեներ անց այդ նույն ինքնաթիռը թիրախավորված հարված հասցրեց Հայաստանի զինված ուժերի ռազմական ինքնաթիռին՝ Հայաստանի տարածքում:

Կասկածից վեր է, որ Արցախն ու Հայաստանն այս անգամ եւս ագրեսորին պարտության կմատնեն, ինչպես մշտապես տեղի է ունեցել անցյալում: Այդուհանդերձ, Ադրբեջանի ու Թուրքիայի այս համատեղ ագրեսիան արդեն իսկ պարզորոշ կերպով բերել է մի հետեւանքի՝ Թուրքիան այժմ բացահայտորեն ներքաշվել է հարավկովկասյան կոնֆլիկտում՝ հերթական անգամ հանդես գալով տարածաշրջանային խռովարարի իր դերում. գլոբալ հավակնությունների տեր պետության տհաս վարքագիծ: Թուրքիան շարունակում է իր նպատակաուղղված եւ ագրեսիվ քաղաքականությունը բոլոր հարեւանների նկատմամբ՝ լիովին համահունչ  իր հռչակած «նեոօսմանյան» քաղաքական տեսլականին, որով փորձ է արվելու վերականգնել թուրքական համընդգրկուն վերահսկողությունը Բալկաններում, Մերձավոր Արեւելքում եւ Հարավային Կովկասում:

Անչափ կարեւոր է ըմբռնել, որ Թուրքիայի նման վարքագծի պատճառներից մեկն այն է, որ էրդողանյան Թուրքիայի կողմից հղվող հայտարարությունները, ազդանշաններն ու սիմվոլիկան մեծապես մատնվել են անուշադրության: Աշխարհի արձագանքի լռությունը քաջալերել է Թուրքիային: Դժվար է անգամ պատկերացնել, թե ինչպիսին կլիներ արձագանքը, եթե Եվրոպայի կամ Ասիայի նախկին որեւէ կայսրության հետնորդ 21-րդ դարում հրապարակավ հայտարարեր իր նեոկայսերական նկրտումների մասին, դրանք ներառեր իր ազգային անվտանգության դոկտրինում եւ գործեր դրան համապատասխան։

Հայրենիքի պաշտպանության եւ խաղաղության վերահաստատման ջանքերում Արցախի պաշտպանական բանակը կգտնի հայրենիքում եւ Սփյուռքում բնակվող ամբողջ ազգի զորակցությունը: Պահեստազորային ուժերի մոբիլիզացիայից եւ ֆինանսական աջակցությունից մինչեւ հանրային դիվանագիտության եւ իրազեկվածության մակարդակի բարձրացում, ինչպիսին այս հոդվածն է՝ կարվի ամեն բան աշխարհի յուրաքանչյուր հայի եւ անձամբ իմ կողմից՝ այսօր միասնական գտնվելու եւ ագրեսորի ընթացքը հիմա եւ մեր պայմաններով կասեցնելու համար:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում քննարկվելու է տարածաշրջանում տիրող իրավիճակը, ոլոր անդամ երկրների ուժերը պետք է մեկտեղվեն՝ Թուրքիային ու Ադրբեջանի կանգնեցնելու եւ իրավիճակը վերահսկողության տակ առնելու համար:

Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմամբ զբաղվող միակ միջնորդական ձեւաչափի՝ Մինսկի խմբի համանախագահները պետք է հստակ ազդանշաններով ցույց տան, որ վերջին իրադարձությունները խարխլում են անցլայում արված ջանքերը, եւ որ որեւէ բանակցություն անհնար կլինի շարունակել՝ առանց այս ագրեսիայի դրդապատճառների պատշաճ ուսումնասիրության: Ագրեսորին պետք է պարտադրվի պատասխան տալ աշխարհում տիրող համավարակի պայմաններում սանձազերծած այս անպատասխանատու եւ անօգուտ հարձակման համար:

Միջազգային հանրության արձագանքը պետք է լինի արագ եւ հասցեական: Կողմերին ուղղված չեզոք եւ աղոտ կոչերի եւ նախկին հայտարարությունների, փաստաթղթերի ու գործընթացների հիշատակման ժամանակը չէ։ Ամեն ինչ ակնհայտորեն հասկանալի է. Հայոց ցեղասպանության հեղինակ Թուրքիան վերադարձել է տարածաշրջան՝ հայերին Հայաստանում եւ Արցախում բնաջնջելու նոր ծրագրերով՝ որպես նեոօսմանյան ռազմավարության մի մաս, որով ավարտին կհասցվի փտած Օսմանյան Կայսրության կիսատ գործը: ՆԱՏՕ-ի եւ այդ կառույցում Թուրքիայի դաշնակիցների, Հայաստանի դաշնակիցների, բոլոր խոշոր միջազգային խաղացողների առաջնային պարտականությունն է իրենց ուժերի լրումով սանձել Թուրքիային եւ նրա խամաճիկային պետություն Ադրբեջանին:

Սիրիացի ապստամբների եւ միջազգային վարձկան ուժայինների ներդրումը եւս մեկ տարածաշրջանում, որտեղ նրանք երբեւէ գոյություն չեն ունեցել, ուղղակիորեն հակասում է միջազգային հանրության ջանքերին՝ ուղղված ահաբեկչության եւ ոչ պետական զինված խմբավորումների տարածման կանխարգելմանը: Նման խմբավորումների գործունեությունը Հյուսիսային Կովկասի պես ռիսկային տարածաշրջանի անմիջական հարեւանությամբ՝ հեշտորեն կխարխլի ազգային եւ տարածաշրջանային անվտանգությունը եւ հող կնախապատրաստի Ռուսաստանի կողմից համաչափ քայլերի ձեռնարկման համար:

Քաղաքականապես կոռեկտ եւ հավասարակշռված հայտարարությունների հնարավորությունն այլեւս մսխված է: Ժամանակն է գործի անցնել:

Վիգեն Սարգսյանը Հայաստանի պաշտպանության նախկին նախարարն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:


Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին