Արեցիք այնպես, որ բոլորս մահապարտ դարձանք - Mediamax.am

Արեցիք այնպես, որ բոլորս մահապարտ դարձանք
8477 դիտում

Արեցիք այնպես, որ բոլորս մահապարտ դարձանք


Երբ պատերազմն ընթացքի մեջ է, հոդված գրելն անշնորհակալ գործ է համարվում. գրելու պահին կամ հրապարակելուց անմիջապես հետո կարող է շատ բան փոխվել:

Բայց սա այդ դեպքը չէ, որովհետեւ մեկ բան հաստատ չի փոխվելու՝ մենք այս պատերազմում հաղթելու ենք: Անգամ եթե դաժան մարտեր լինեն, անգամ եթե ողջ Հայաստանի տարածքը պատերազմի մեջ ներքաշվի, մենք հաղթելու ենք: Անգամ, եթե նորից տասնյակ հազարավոր զոհեր լինեն, մենք հաղթելու ենք:

Մենք հաղթելու ենք, որովհետեւ մեր թշնամիները, մեր «դաշնակիցները» եւ «միջազգային հանրությունը» մեզ հասցրեցին այն կետին, որից հետո մենք կորցնելու բան, այլեւս, չունենք:

1988-ին մենք Խորհրդային Միության ղեկավարությանը խնդրեցինք փոխել Ստալինի որոշումը եւ ի պատասխան ստացանք «Օղակ» օպերացիան:

1990-ին դեռ փորձում էինք խաղաղ կերպով հարցը լուծել, բայց մեզ պատերազմ պարտադրեցին:

1994-ին՝ մի շարք փառահեղ հաղթանակներից հետո, համաձայնեցինք հրադարար կնքել:

Հետո երկար տարիներ բանակցություններ վարեցինք: 2001 թվականին Քի Վեսթում արդեն պետք է պայմանագիր կնքվեր, բայց վերջին պահին Հեյդար Ալիեւը հետ կանգնեց՝ ապշեցնելով սենյակում ներկա ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուէլին:

2007 թվականին մշակվեցին Մադրիդյան սկզբունքները՝ կարգավորման 6 հիմնական տարրերով: Սպասվում էր, որ 2011 թվականի ամռանը Կազանում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահները պետք է հաստատեն դրանք, սակայն այս անգամ էլ վերջին պահին հրաժարվեց Ալիեւ-կրտսերը: Ռուսաստանի նախագահն այդ ժամանակ Դմիտրի Մեդվեդեւն էր, ով շատ կցանկանար ստանալ գլխավոր միջնորդի դափնիները: Այսօր Դմիտրի Մեդվեդեւը բավարարվում է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալի պաշտոնով եւ խաղաղության կոչեր է հղում Հայաստանին եւ Ադրբեջանին:

Մենք շարունակում էինք կառուցողական լինել: Այն աստիճան կառուցողական, որ այս տարիների ընթացքում երբեմն մոռանում կամ թերագնահատում էինք 1994-ին մեր տարած պատմական հաղթանակի արժեքը:

2008 թվականին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը որոշեց անել անհնարինը՝ կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ: Նա շատ թուք ու մուր կերավ թե՛ Հայաստանում, եւ թե՛ սփյուռքում, բայց մինչեւ վերջ փորձեց հասնել արդյունքի:

2016 թվականին եղավ Ապրիլյան պատերազմը: Անգամ դրանից հետո մենք պատրաստ էինք բանակցություններ վարել եւ փոխզիջումների մասին խոսել:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին՝ 1920 թվականի հայ-թուրքական պատերազմի 100-ամյակի օրը, մեզ նորից պատերազմ հայտարարեցին: Եվ այստեղ մենք հասկացանք, որ դուք արեցիք ամեն հնարավորը, որպեսզի մենք բոլորս մահապարտ դառնանք:

Անկախ նրանից, թե ինչ գնով մենք կհաղթենք այս պատերազմում, իմացեք, որ մենք այլեւս նախկինը չենք: Մենք որեւէ բան չենք մուրալու: Ի տարբերություն Դմիտրի Մեդվեդեւի, որը, թերեւս, աշխարհում միակ հզոր երկրի նախկին նախագահն է, որը համաձայնել է Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ աշխատել, մենք քչով չենք բավարարվելու:

Կարդացեք նաեւ Աշխա՛րհ, մենք պատժելու ենք քո «շան տղուն» :

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին