Արցախյան «գաղտնի հանդիպման» պատմությունը եւ լուսանկարը - Mediamax.am

Արցախյան «գաղտնի հանդիպման» պատմությունը եւ լուսանկարը
7614 դիտում

Արցախյան «գաղտնի հանդիպման» պատմությունը եւ լուսանկարը


5-րդ ալիքով դիտեցի 1992 թվականի օգոստոսին Արցախի Պաշտպանության Պետական Կոմիտեի (ՊՊԿ) ստեղծման մասին պատմող վավերագրական ֆիլմը եւ հիշեցի, որ արխիվում մի լուսանկար ունեմ, որտեղ ես եւ գործընկերներս պատկերված ենք այդ ֆիլմի հերոսներից երկուսի հետ:

1996 թվականի նոյեմբերի 24-ին Արցախում պետք է կայանային նախագահի ընտրությունները: Լրագրողների մեծ խմբով մեկնել էինք Ստեփանակերտ: Հետաքրքրությունը մեծ էր եւ ոչ միայն այն պատճառով, որ արցախցիներն առաջին անգամ պետք է համաժողովրդական քվեարկության միջոցով ղեկավար ընտրեին: Դրանից երկու ամիս առաջ, սեպտեմբերի 22-ին, Հայաստանում կայացել էին նախագահական ընտրություններ, որոնց արդյունքները ընդդիմությունը չէր ընդունել, Երեւանի փողոցներում հայտնվել էր բանակը եւ զրահատեխնիկան: Այս ֆոնին հետաքրքիր էր հետեւել, թե ինչպես են կայանալու ընտրություններն Արցախում:

Ընտրությունների օրը շատ հանգիստ անցավ, որեւէ արտառոց բան չարձանագրեցինք: Ժամը 20:00-ին ընտրական տեղամասերը փակվեցին, սկսվեց ձայների հաշվարկը, մենք էլ մտածում էինք, թե ինչպես նախնական որեւէ տվյալներ ստանանք:

Իմ ավագ գործընկեր Ալվարդ Բարխուդարյանը պատերազմի տարիներին գրեթե մշտապես Արցախում էր, եւ բոլոր պաշտոնյաները նրան լավ էին ճանաչում: Ալվարդը «Ազգ» թերթի թղթակից Հակոբ Ասատրյանին, «Արմենպրեսի» թղթակից Հրայր Զորյանին եւ ինձ (այն ժամանակ «Մոսկովսկիե նովոստի» թերթի թղթակիցն էի) առաջարկեց. «Գնանք Ռոբերտ Քոչարյանի շտաբ, փորձենք զրուցել շտաբի պետ Լեոնարդ Պետրոսյանի հետ»: Այդպես չորսով առանձնացանք լրագրողների հիմնական խմբից եւ գնացինք:

Լեոնարդ Պետրոսյանը մեզ շատ սիրալիր ընդունեց՝ Ալվարդի շնորհիվ: Նստած զրուցում էինք, երբ դուռը բացվեց եւ ներս մտավ Ռոբերտ Քոչարյանը: Մենք վեր թռանք` մտածելով, որ գնալու ժամանակն է: Բայց ի զարմանս մեզ, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանը, ե՛ւ Լեոնարդ Պետրոսյանն ասացին, որ խնդիր չկա, կարող ենք մնալ եւ զրուցել: Որոշ ժամանակ անց դուռը նորից բացվեց՝ այս անգամ ներս մտավ ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը: Մենք կրկին կանգնեցինք՝ վստահ լինելով, որ հիմա մեզ հաստատ դուրս կհրավիրեն: Սամվել Բաբայանն էլ մի պահ անակնկալի եկավ՝ չհասկանալով, թե ով ենք եւ ինչ գործ ունենք Լեոնարդ Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ: Գրեթե քառորդ դար է անցել եւ բոլոր մանրամասները, ցավոք, չեմ մտաբերում: Բայց հիշում եմ, որ պայմանավարվածության եկանք. մնում ենք, ինչքան ուզում ենք, բայց զրույցի մասին որեւէ բան չենք գրում: Այդ պայմանավորվածությունը ֆիքսելուց հետո զրույցն ավելի անկաշկանդ գնաց: Կարծում եմ՝ Արցախի ղեկավարներին էլ հետաքրքիր էր լսել մեր կարծիքները Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին:

Մի դրվագ շատ լավ եմ հիշում: Ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի մրցակիցը Բորիս Առուշանյանն էր, որը նրա տեղակալն էր ՊՊԿ-ում: Հեռուստացույցով լուրերի թողարկում էր գնում եւ ռեպորտաժներից մեկում Բորիս Առուշանյանը՝ ընտրական տեղամասում զրուցելով լրագրողների հետ, եթե հիշողությունս չի դավաճանում, խոսում էր մի ռազմական օպերացիայի մասին: Մեկ էլ Սամվել Բաբայանը՝ նայելով հեռուստացույցում Բորիս Առուշանյանի դեմքին, բղավեց.

- Когда я карту подписывал, ты где был, *****?

Բոլորս անակնալի եկանք այդ պոռթկումից, Ռոբերտ Քոչարյանն էլ, եթե ճիշտ եմ հիշում, Սամվել Բաբայանից նախատեց Ալվարդի ներկայությամբ կոշտ բառեր ասելու համար:



Հյուրանոց վերադարձանք կեսգիշերին մոտ՝ մի քանի հետաքրքիր ժամ անցկացնելով Արցախի ղեկավարների հետ: Այն ժամանակ անփորձ էի եւ չգիտեի, որ չնայած այն բանին, որ զրույցը հրապարակման համար չէր, պետք է արխիվիս համար որոշ նոթեր կատարեի: Այլեւս երբեք նման միջավայրում չեմ հայտնվել, չնայած անցած տասնամյակների ընթացքում տասնյակ off-the-record զրույցներ եմ ունեցել ամենատարբեր պաշտոնյաների հետ:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին