Մտորումներ Ազգային անվտանգության նոր ռազմավարության վերաբերյալ - Mediamax.am

Մտորումներ Ազգային անվտանգության նոր ռազմավարության վերաբերյալ
7059 դիտում

Մտորումներ Ազգային անվտանգության նոր ռազմավարության վերաբերյալ


Ազգային անվտանգության ռազմավարությունները` այն երկրներում, որտեղ նման փաստաթղթերի ընդունման ընթացակարգեր ու ավանդույթներ ընդհանրապես կան, արտացոլում են գործող իշխանությունների ընկալումները իրենց շրջապատող աշխարհի, արտաքին քաղաքական նպատակների եւ տեսլականների վերաբերյալ։ Որոշ երկրներում այս ռազմավարական փաստաթղթի վերանայման պահանջը սահմանված է օրենքով, այլ երկրներում` քաղաքական նպատակահարմարությամբ։ Կան տարբեր մոտեցումներ փաստաթղթի բովանդակության վերաբերյալ, որոնք հիմնականում բխում են պետության կենսագործունեության տարբեր ոլորտները «անվտանգայնացնելու» հարցից։

Հուլիսի 10-ին ՀՀ Անվտանգության խորհրդի նիստում հաստատված Ազգային անվտանգության ռազմավարությունը ցայսօր արժանացել է մասնագիտական ընդամենը երկու-երեք գնահատականների, այնինչ դրա խորը ու անկողմնակալ քննարկումը կարող է օգտակար լինել թե՛ հասարակության, թե՛ իշխանությունների համար։ Այս նպատակով այստեղ մատնացույց են արվելու այն հնարավոր բացերը եւ դրական, բայց ավելի խորը քննության կարոտ միտումները, որոնք առկա են ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության կոնցեպտուալ շրջանակը արտացոլող այս փաստաթղթում։

Մի քիչ նախապատմություն

ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության վերանայման հարցը երկար ժամանակ եղել է փորձագիտական հանրության ուշադրության կենտրոնում: Մինչեւ 2017թ. դեկտեմբեր ամիսը իշխանությունը դրան գրեթե չէր արձագանքում` փորձագետների հետ անմիջական շփումներում պատճառաբանելով, որ Հայաստանի շուրջ մարտահրավերները 2007թ ընդունված ռազմավարությունից ի վեր չեն փոխվել և, հետևաբար, նույն խնդիրների նոր պաշտոնական ձեւակերպումները նպատակահարմար չեն:

Առաջին անգամ Ազգային անվտանգության նոր ռազմավարություն մշակելու անհրաժեշտության մասին նախագահի մակարդակով խոսվեց 2018թ. հունվարի 30-ին` ԱԳՆ կենտրոնական ապարատի հետ հանդիպմանը, որին զուգահեռ սկսվեց Անվտանգության խորհրդի նոր կառուցվածքի ու գործառույթների վերաբերյալ օրենսդրական բազայի վրա աշխատանքը։ Այս աշխատանքի բարդությունը կայանում էր նրանում, որ, իմ համոզմամբ, 2015թ. ընդունված Սահմանադրության փոփոխություններում Անվտանգության խորհուրդը թեեւ դարձել էր որոշումներ կայացնող սահմանադրական մարմին, բայց (հավանաբար միջազգային փորձի ոչ լիարժեք ուսումնասիրության արդյունքում) դրա գործունեությանը տրվել էր խիստ նեղ ու սահմանափակ ոլորտ` «պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններ[ի] սահմանում» (Հոդված 155.2), այն էլ` Զինված ուժերի վերաբերյալ հոդվածում, ինչը չէր թողնում «պաշտպանական» ոլորտից դուրս լիազորությունների ընդլայնման որեւէ հնարավորություն։ Ընդ որում, հետագայում ԱԽ մասին ընդունվելիք օրենքը պետք է կարգավորեր միայն այս մարմնի «կազմավորման և գործունեության կարգը», այլ ոչ լիազորությունների շրջանակը։ Նախորդ խմբագրությամբ` 2005թ. Սահմանադրության 55.6 հոդվածում Հանրապետության նախագահի ղեկավարությամբ գործող Ազգային անվտանգության խորհրդի անվանումից «ազգայինի» դուրս մնալը, հավանաբար, պայմանավորված էր հենց այս հանգամանքով, որ 2015թ. Սահմանադրության հեղինակները ցանկացել էին բարձրացնել այս մարմնի կարգավիճակը, բայց խիստ նեղացրել էին լիազորությունները, ինչը քաղաքական իմաստով միգուցե հասկանալի, բայց գործնական իմաստով ամենալավ լուծումը չէր։ Ընդգծեմ, որ 2015թ. Սահմանադրությամբ ԱԽ նոր կարգավիճակից էր բխում նաեւ անդամության սահմանափակումը բացառապես գործադիրի անդամներով, ինչը երբեմն մեկնաբանների կողմից պատշաճ ուշադրության չի արժանանում` տեղ տալով հիմնազուրկ եզրակացությունների կամ անհեթեթ օրենսդրական նախաձեռնությունների։

Ինչպես լուծվեց ԱԽ գործառութային սահմանափակման հարցը

2018թ. սկզբին երկար քննարկումներից հետո «կոմպրոմիսը» գտնվեց ԱԽ մասին օրենքում երկու տեսակի որոշումներ ընդունելու լիազորություն ամրագրելու ճանապարհով` պարտադիր եւ խորհրդատվական (ԱԽ օրենք, Հոդված 2.4)։ Նույն հոդվածում արված հղումը «Պաշտպանության մասին» օրենքին միտված էր անուղղակի կերպով` «պաշտպանության ոլորտի քաղաքականության» տերմինի լայն սահմանմամբ ընդլայնել ԱԽ գործունեության ոլորտը, ինչի քաղաքական նպատակահարմարությունը (բայց ոչ լիարժեք իրավական կարելիությունը) ակնհայտ էր Սահմանադրությամբ ամրագրված սահմանափակումների պատճառով։ Արդյունքում, «Պաշտպանության մասին» օրենքի 3.1.2 հոդվածում սահմանվեց, որ «պաշտպանության ոլորտի քաղաքականությունը» կարող է իրականացվել նաեւ «...ռազմավարական առաջնորդող փաստաթղթերի ընդունման միջոցով»։ Իբրեւ մասնագետ վստահ չեմ, որ սա իդեալական լուծում էր, հատկապես հաշվի առնելով Սահմանադրության մեջ ԱԽ դերի վերը նկարագրված նեղ սահմանումը, բայց առնվազն որոշակի դաշտ էր բացում ստեղծված օրենսդրական պայմաններում այդ կարեւորագույն պետական մարմնի գործունեության համար։

Ի դեպ, ենթադրում եմ, որ վերոնշյալ հիմնավորմամբ է Ազգային անվտանգության ռազմավարությունը ընդունվել ԱԽ նիստում եւ ապա ստորագրվել վարչապետի կողմից, թեեւ կարծում եմ, որ նկարագրված օրենսդրական լուծումների սահմանադրականության քննարկման հավելյալ կարիք կա, ինչը կարող է լինել նոր սահմանադրական բարեփոխման խնդիրներից մեկը։

Չեմ կարող չնշել, որ վերոնշյալ բացատրությունը կարող էր ավելի հիմնավոր լինել, եթե փաստաթղթում չլինեին 8.1-8.3 կետերը, որոնք ակնհայտորեն (եւ ցավոք սրտի) դուրս են ԱԽ ներկայիս լիազորություններից՝ անգամ վերը շարադրված լայն մեկնաբանության դեպքում։ Մասնավորապես, 8.3 կետում պետական կառավարման մարմիններին ներկայացված պարտադիր պահանջը որեւէ կերպ չի տեղավորվում «պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները» սահմանելու ԱԽ սահմանադրական լիազորության սահմաններում։

Հարկ է ավելացնել նաեւ, որ 2007թ. փետրվարին Ազգային անվտանգության ռազմավարությունը ընդունվել էր Հանրապետության նախագահի առանձին հրամանագրով, ինչը իրավաքաղաքական իմաստով ավելի պատշաճ լուծում է, քան ԱԽ շրջանակում որպես գերատեսչական փաստաթուղթ այն ընդունելը (թեեւ ԱԽ ոչ խորհրդատվական որոշումները նույնպես ստորագրում է վարչապետը)։ Եթե հարգելի ընթերցողը արդեն հասել է այս տողերին, ուրեմն այս երկու ձեւաչափերի առանձնահատկություններին անդրադարձի կարիք չկա։

Սկզբունքային որոշ դիտարկումներ բովանդակության վերաբերյալ
 
Ցավոք, սակավ տեղեկատվություն է առկա այն մասին, թե ինչպես է մշակվել հուլիսի 10-ին ընդունված փաստաթուղթը։ Հայտնի չէ, օրինակ, արդյոք գործուն որեւէ դեր ունեցել են Ազգային ժողովի հանձնաժողովները (օրինակ` հանձնաժողովներում քննարկումների տեսքով, ինչի մասին մամուլի հրապարակումներ չկան), թե նոր ռազմավարությունն ընդամենը ԱԽ աշխատակազմի եւ առանձին նախարարությունների ու պետական մարմինների միջգերատեսչական աշխատանքի արդյունք է, ինչպես դա ամրագրված է վարչապետի ստորագրած 2019թ. հուլիսի 16-ի N935-Ա որոշման մեջ։ Ի դեպ, ըստ սույն որոշման բոլոր նիստերը պետք է լինեն արձանագրված եւ/կամ ձայնագրված եւ ապագայում այդ ամենի տրամադրումը գիտական որեւէ խմբի կամ հաստատության մեծ ներդրում կլիներ ԱԽ ինստիտուտի հետագա զարգացման համար։

Այստեղ կցանկանայի առանձնացնել իմ մասնագիտական հետաքրքրությունների ասպարեզից մի քանի խնդիրներ եւ առանձնահատկություններ, որոնք իմ կարծիքով տեղ են գտել ընդունված փաստաթղթում.

Առաջին.

Ռազմավարությունում ներառված միջազգայնագիտական վերլուծությունը «բազմակողմանի հարթակների թուլացման» եւ միջազգային համակարգի վերաձեւավորման վերաբերյալ իրոք արդիական է։ Մյուս կողմից «խաղաղության եւ միջազգային փոխգործակցության ամրապնդումը» ներկայացված է իբրեւ երկրի ազգային շահերից մեկը (թեեւ հիմնականում նեղ` միայն ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում), բայց ԱԱՌ-ը այդպես էլ որեւէ քաղաքական տեսլական չի արձանագրում, թե ինչպես եւ ինչ դաշնակիցներով է Հայաստանը ձգտելու հակազդել այդ «բազմակողմանի հարթակների թուլացմանը», ներառյալ, օրինակ, ՀԱՊԿ-ի կամ ԵԱՏՄ-ի պարագայում, որտեղ ըստ էության կենտրոնացած են մեր երկրի ռազմական եւ տնտեսական զարգացման պոտենցիալները։ Տարածաշրջանում Հայաստանի դեմ ձեւավորված շրջափակման քաղաքականությունն արձանագրելու հետ մեկտեղ անհրաժեշտ էր ամրագրել, թե ինչպիսի քաղաքականություն է վարելու Հայաստանը Իրանի եւ Վրաստանի նկատմամբ` բազմակողմ հարթակներում առկա խնդիրները հարթելու նպատակով։

Ընդհանրապես, նման փաստաթղթերում ընդունված է եւ պատշաճ զերծ մնալ տեսական բնույթի մտքերից կամ գոնե տեսական նկատառումները համատեղել գործնական հարթության հետ` ամրագրելով արտաքին ու անվտանգային քաղաքականության հարցերում դիրքորոշումներ ու նպատակներ։

Երկրորդ.

Ողջունելի է, որ կառավարությունը փորձ է արել ձեւակերպել Հայաստանի «ազգային շահերը», ինչը պետք է նոր լիցք հաղորդի մասնագիտական ու հանրային-քաղաքական դիսկուրսին։ Նախկինում փորձեր արվել են առանձին հայեցակարգային փաստաթղթերում (օրինակ 2009թ. ընդունված Տեղեկատվական անվտանգության հայեցակարգում) ներառել տվյալ ոլորտին առնչվող «ազգային շահերի» նկարագրություն, բայց ԱԱՌ-ում նման արձանագրումների բացակայությունը հնարավորություն չի տվել առանձին փաստաթղթերը բխեցնել մեկ ընդհանուր աղբյուրից։

Առաջին աչքի ընկնող բացթողումը այս չորս «ազգային շահերի» ցանկում սփյուռքի համայնքներում հայապահպանության խնդիրն է լայն իմաստով, մի գործընթաց, որը պետք է առաջնորդի պետությունը` Հայ Առաքելական Եկեղեցու եւ սփյուռքի կառույցների հետ։ Իհարկե, հինգերորդ գլխում փորձ է արվել շարադրել պետության քաղաքականությունը «համահայկականության ձևավորման» ուղղությամբ, բայց գործնական տեսանկյունից այս գլուխը նույնպես հետագա զարգացման կարիք ունի։ Սփյուռքի համայնքները ինքնին բավականին բարդ կառուցվածք ունեն, նոր եւ ավանդական կազմակերպությունները նույնպես ունեն բարդ հարաբերություններ։ Ճիշտ է, արտերկրում բնակվող մեր հայրենակիցները կարող են, օրինակ, կարդալ նույն գրառումը սոցիալական ցանցում ինչ գյումրեցին կամ գորիսեցին, բայց նրանց բոլորին ճիշտ կազմակերպելու համար անհրաժեշտ են խորը հարաբերություններ ավանդական կազմակերպությունների եւ առաջնորդների հետ։ ԱԱՌ-ում ցանկությունների շարադրությունից անդին պարզ չէ, թե ինչպես է պետությունը ձեւավորելու այդ «համահայկականությունը» (որի նախահայրը հավանաբար «հայկական աշխարհի» գաղափարն է) կամ «...աջակցելու համաշխարհային հայության քաղաքական ներուժի իրացմանը» իրենց քաղաքացիության երկրներում:

Երրորդ.

Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ 2007թ. եւ 2020թ. փաստաթղթերի միջեւ կան որոշակի տարբերություններ։ Նախորդ ԱԱՌ-ում Հայաստանը «շրջափակումը դիտարկում [էր] որպես իր դեմ ուժի կիրառում», իսկ նորում Թուրքիայի այդ քաղաքականությունը անվանել են «ոչ բարիդրացիական»։ Ընդհանուր կերպով նշվում է Թուրքիայի` «անվտանգության սպառնալիք» լինելը` ներառյալ Ադրբեջանին Հայաստանի դեմ ռազմական աջակցություն տրամադրելու սպառնալիքների վրա հղումով։ Հին փաստաթուղթը ցեղասպանության ճանաչումը Անկարայի կողմից ներկայացրել էր «պատմական արդարության վերականգնման» եւ վստահության ամրապնդման տեսանկյունից, իսկ նորում արդեն իբրեւ խնդիր է արձանագրվում ցեղասպանության ժխտումը եւ արդարացումը, միեւնույն ժամանակ մատնանշելով Երեւանի` «Ցեղասպանության հետեւանքների վերացման» նպատակը։ Վերջինը մեծ քայլ է ՀՀ արտաքին քաղաքականության դոկտրինում եւ հաշվի առնելով այն, որ այս թեզը արդեն իսկ ներառվում է ԱԳՆ հանրային հաղորդակցության մեջ, ենթադրվում է, որ կա կամ պետք է լինի գործողությունների ծրագիր ու քաղաքականություն, ներառյալ ցեղասպանության ժխտմանը հակազդելու ուղղությամբ։ Ի դեպ, այս «հետեւանքների վերացման» նառատիվը որդեգրեց նաեւ երկրի նախագահը` Սեւրի դաշնագրի 100-ամյակի առթիվ սիրիական մի պարբերականի հետ գրավոր հարցազրույցում ընդգծելով, որ «Սևրի հաշտության պայմանագիրն այսօր էլ մնում է որպես կարևոր փաստաթուղթ՝ Հայկական հարցի արդարացի լուծման հասնելու հայ ժողովրդի իրավունքի մասին» (ընդգծումը՝ հեղ.): Նույն օրը հրապարակած մեկ այլ ուղերձում, սակայն, երկրի վարչապետը բավարարվեց այս փաստաթուղթը որակելով «պատմական փաստ»։

Հաշվի առնելով այսօրվա Թուրքիայի քաղաքականությունը` անհիմն լավատեսական կլիներ հարաբերությունների կարգավորման նպատակի հիշատակումը ԱԱՌ-ում, բայց օգտակար կլիներ արձանագրել, թե ինչպես է Հայաստանը պատասխանելու նշված մարտահրավերին, հատկապես «բազմակողմանի հարթակների թուլացման» պարագայում։

Չորրորդ.

Արցախի վերաբերյալ հատվածներում, 2007թ ԱԱՌ հետ համեմատության մեջ, կան մի շարք ուղենիշային փոփոխություններ։ Նախեւառաջ, ըստ էության բացակայում է գործող կառավարության` հակամարտության լուծման շրջանակային սկզբունքների հստակ ամրագրումը, ինչը հույժ կարեւոր է՝ հաշվի առնելով 8-րդ գլխում ամրագրված նպատակը՝ ուղենիշային պետական փաստաթղթերը ԱԱՌ-ից բխեցնելու մասին։ Մասնավորապես, 2007թ. ԱԱՌ-ում ամրագրվել էր, որ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման իրավական հիմքերն անխոցելի են», իսկ իբրեւ կարգավորման ընդունելի սկզբունքներ հռչակված էին Արցախի անվտանգության ապահովումը, ցամաքային կապը Հայաստանի հետ եւ անկախությունը։ Զուտ տերմինաբանական առումով 2020-ում բացակայում է «Հանրապետություն» բառը եւ Արցախի մասին բոլոր հիշատակումները արված են անվտանգության ապահովման կոնտեքստում։ Սա տարօրինակ է, հաշվի առնելով գործող կառավարության եւ մասնավորապես վարչապետի հրապարակային հայտարարությունները վերջին երկու տարիներին, իսկ վերջին անգամ` տավուշյան սրացման վերաբերյալ հուլիսի 23-ի հայտարարության մեջ, որը ի դեպ 2019թ. դեկտեմբերի 5-ին Բրատիսլավայում ՀՀ ԱԳՆ հայտարարությունից հետո երկրորդ լիարժեք արտացոլումն է հակամարտության կարգավորման մասին կառավարության որդեգրած դիրքորոշման։ Վերադառանալով ԱԱՌ-ներին` նշենք, որ երկու փաստաթղթերում էլ բացակայում են Արցախի հետ բոլոր ուղղություններով հարաբերությունների զարգացման հանձնառությունը, թեեւ Հայաստանի բոլոր ղեկավարներն էլ այդ ուղղությամբ հստակ քաղաքականություն են իրականացրել` տեսանելի կամ ոչ այնքան։

Ի դեպ, նոր ԱԱՌ-ի 4-րդ գլխում հպանցիկ նշված հայ-ադրբեջանական հաշտեցման թեզը, կարծում եմ, երկար ժամանակով կորցրեց իր արդիականությունը Տավուշի ուղղությամբ հուլիսի 12-16 -ին ռազմական էսկալացիայի արդյունքում եւ նոր իրողությունները ստիպելու են Հայաստանին որդեգրել նոր ռազմավարություն, ինչի առաջին նշանը վարչապետի հայտարարությունն էր հուլիսի 23-ի կառավարության նիստում։

Դրական նորություններից առաջինը վերաբերում է նախորդ տասնամյակի ընթացքում երկրի ղեկավարության կողմից բազմիցս հնչեցված «պաշտպանելու պատասխանատվություն» դոկտրինի ամրագրումը Արցախի անվտանգության ապահովման համատեքստում (պարա. 5.14)։ Իհարկե, հայտարարությունների մակարդակով այս դոկտրինին անդրադարձ եղել է նաեւ Քառօրյա պատերազմի ժամանակ, իսկ հեռավոր 1992-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդին ներկայացված հերթական նամակում այս փիլիսոփայությունն ակնարկել էր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Իմ կարծիքով այս դոկտրինը չափազանց արդիական գործիք է լինելու Արցախում հնարավոր նոր էսկալացիայի պարագայում Հայաստանի ներգրավումը միջազգային ատյաններում հիմնավորելու համար եւ ԱԱՌ-ում դրա ներառումը ստեղծում է այդ հնարավորությունը։

Երկրորդ լավ նորությունն այն արձանագրումն է, որ Հայաստանը օժանդակելու է Արցախին` «միջազգային հարաբերությունների ընդլայնման և խորացման գործում» (պարա. 4.32)։ Թեեւ սա առանց գովազդի արվում էր 1990-ականներից (դիվանագիտական ներկայացուցչություններ, առեւտրի եւ տուրիզմի միջազգային տոնավաճառներ եւ այլն), նման հայտարարությունը նոր լիցք է հաղորդելու այս գործընթացին, եթե, իհարկե, լինի գործողությունների ծրագիր եւ պլանավորում։ Սա տվյալ ժամանակահատվածի համար ավելի խելամիտ մարտավարություն կլինի, քան միջազգային ճանաչման մասին անհետեւանք քննարկումները։

Եվս մեկ կարեւոր հանգամանք է այն, որ 2007թ. ԱԱՌ-ում ամրագրված էր միայն «վերջնական համաձայնության կամ վերջնական փաստաթղթի» վերաբերյալ «ղարաբաղյան կողմի հավանությունը» ապահովելու սկզբունքը, իսկ 2020-ում մեկ քայլ առաջ է արված՝ ինքնորոշման իրավունքը մեկնաբանելով «ընտրված իշխանությունների միջոցով բանակցությունների բոլոր փուլերում լիարժեքորեն մասնակցելու» շրջանակներում։ Այլ հարց է, որ այս մոտեցումը, ինչը նախկինում եւս բազմակի անգամներ կրկնվել է ամենաբարձր մակարդակներում, դեռեւս չի ընդունվում գործընթացի մյուս մասնակիցների կողմից, ինչի վերջին արձանագրումը արված է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հուլիսի 24-ի հայտարարության մեջ։ Այլ հարց է, թե որքանով է նման արձանագրումը խոչընդոտելու բանակցային գործընթացին։ 

Հինգերորդ.

Ռազմավարությունում չափազանց քիչ տեղ եւ դեր է հատկացված Ռուսաստանի հետ հարաբերություններին։ Սակայն այս հարցի չափից շատ քաղաքականացված լինելու պատճառով զերծ կմնամ հավելյալ դիտարկումներից։ Նույն պատճառով չեմ անդրադառնա ԱՄՆ եւ Եվրոպական երկրների հետ հարաբերությունների շարադրանքին, ինչը, իմ կարծիքով, զուրկ է տեսլականից։

Վեցերորդ.

Խոսելով միջազգային կազմակերպությունների մասին պետք է հստակ առանձնացնել նրանք, որոնց մենք անդամակցում ենք եւ ունենք իրավունքներ։ Օրինակ, ԱԱՌ-ում կարող էին ընդգրկվել ուղենիշային սկզբունքներ ՀԱՊԿ զարգացման մեր տեսլականի մասին` ներառյալ զենքի վաճառքի խնդրահարույց թեման մեղմելու համար։ Իսկ, օրինակ, ՆԱՏՕ-ի պարագայում արժեր ամրագրել, որ մենք հետապնդում ենք հաջորդ հնգամյակում այդ կազմակերպությունում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ինստիտուցիոնալ մոտեցումները վերափոխելու նպատակ, ինչը նախորդ տարիներին չի ստացվել (գլխավորապես Թուրքիայի պատճառով)։

Յոթերորդ եւ վերջինը.

Հաշվի առնելով վերջին երկու տարիներին Հայաստանում ակտիվորեն շրջանառվող թեզը նոր իրականության պայմաններում Սփյուռքի մեր հայրենակիցների` դեպի Հայաստան շրջվելու վերաբերյալ, փաստաթղթում մեծ բացթողում է հանրային դիվանագիտության եւ սփյուռքի կազմակերպությունների ու անհատների ներգրավման կարեւորության հիշատակումը եւ տեսլականի ներկայացումը։ Սա չափազանց կարեւոր կլիներ թե՛ «բազմակողմանի հարթակների թուլացման» պայմաններում մեր դիվանագիտության գործիքների ու կարողությունների ներկայացման առումով, թե՛ սփյուռքյան կառույցներից ակնկալիքները ուրվագծելու նպատակով։ Ճիշտ է, 21-րդ դարում դեռ պատերազմում են հրանոթներով եւ ականանետերով, բայց «փափուկ ուժը» նույնպես այսօր առավել քան արդիական է, հատկապես հաշվի առնելով պետության ունեցած սահմանափակումները միջազգային ասպարեզում։

Ի մի բերելով վերը շարադրվածը, հավելեմ, որ ԱԱՌ-ի վերանայման համար ժամանակային սահմանների ներմուծումը լավ նորություն է նրանց համար, ովքեր մեծ կարեւորություն են տալիս ռազմավարական պլանավորմանը։ ԱՄՆ վաստակաշատ գեներալ ու 34-րդ նախագահ Դուայթ Էյզենհաուերին է վերագրվում այս չափազանց դիպուկ դիտարկումը. «Մարտի պատրաստվելու ընթացքում ես միշտ նկատել եմ, որ պլանները անօգուտ են, բայց պլանավորումը պարտադիր է»։ Իհարկե, պլանավորումը ենթադրում է նաեւ պետական բյուրոկրատիայի ու դրա որակի արդիականացում, հակառակ դեպքում ավելի պատշաճ է դառնում հեռացող նախագահ Հարի Թրումենի խոսքը ուղղված գեներալ Էյզենհաուերին. «Խեղճ Այք, նստելու ես այստեղ (նկատի ունի Սպիտակ տանը-հեղ.), հրամայելու ես անել այս ու այն, բայց դրանից ոչինչ տեղի չի ունենալու»։

Հովհաննես Նիկողոսյանը քաղաքագիտության թեկնածու է, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին