Կիսաքայլերը բավարար չեն Երեւանի զարգացման համար - Mediamax.am

Կիսաքայլերը բավարար չեն Երեւանի զարգացման համար
3756 դիտում

Կիսաքայլերը բավարար չեն Երեւանի զարգացման համար


Հստակ օրենսդրական դաշտի բացակայության պայմաններում խելամիտ սահմանափակումների համակարգի ներդրումը քաղաքի զարգացման կառավարման համար կարող է միաժամանակ արդյունավետ հակաճգնաժամային մեթոդ հանդիսանալ։ Սա, իհարկե, կլինի ռեակտիվ մարտավարություն, մինչդեռ մեզ պետք է ռազմավարական պրոակտիվ մոտեցումներ մշակել։ Այնուամենայնիվ, քանի դեռ ամրագրված չեն զարգացման սկզբունքները, պետք է գոնե ի վիճակի լինենք նույնականացնել սխալ եւ փակուղային գործողությունները եւ արգելափակել դրանք։

Սակայն, արդյունավետ կառավարման մասին խոսելիս` պետք է սթափ գնահատել մեր այսօրվա քաղաքաշինական իրողությունը եւ խնդիրները եւ ինքներս մեզ պարզաբանենք, թե ինչպես ենք հայտնվել այս ճգնաժամի մեջ։ Ըստ իս, իրավիճակը իրոք ծանր է: Մի կողմից՝ տասնամյակներով կուտակված եւ լուծում չստացող քաղաքաշինական «փոսեր» (իրական եւ վերացական)։ Մյուս կողմից` ավելացած շինթույլտվություններին զուգահեռ ճարտարապետության եւ շինարարության որակի նկատելի անկում։ Սրան գումարվում են քաղաքաշինական գործընթացի անկանխատեսելիությամբ պայմանավորված` ներդրողների/կառուցապատողների արդարացի դժգոհությունները։ Այս խառը թնջուկին գումարվում է էլ ավելի անհասկանալի մի երեւույթ, երբ ի հակառակ որդեգրած ապակենտրոնացման ռազմավարությանը (թե մայրաքաղաքի եւ թե հանրապետական մակարդակով) շարունակվում է Երեւան քաղաքի եւ դրա կենտրոնի ծանրաբեռնումը։ Իսկ պատմամշակութային ժառանգության պահպանման եւ վերարժեւորման մասին խոսելն անգամ անիմաստ է։

Այս ամենը ստիպում է մտածել, որ մենք ոչ միայն ճգնաժամի մեջ ենք, այլեւ համակերպվել ենք եւ չենք նկատում այն։ Այլեւս չի կարելի գործել նույն վախվորածությամբ։ Կիսաքայլերը բավարար չեն եւ իրական փոփոխությունների հնարավորություն չեն տալու։ Պետք են խիզախ, ոչ միշտ պոպուլյար եւ, հնարավոր է, ցավոտ քայլեր, եթե ցանկանում ենք կանգնեցնել անցանկալի ընթացքը։ Եվ դրա համար առաջնային է նույնականացնել այն հիմնախնդիրները, որոնց լուծմանը պետք է ուղղվի մասնագետների եւ կառավարիչների ուշադրությունը։

Քաղաքաշինական օրենսդրություն։ Թերությունների մասին շատ է խոսվել, բայց տպավորություն կա, որ բուն խնդիրը դեռ չի ձեւակերպվել։ Քաղաքաշինական օրենքները եւ նորմերը, որոնցով այսօր փորձում ենք կառավարել մեր քաղաքային զարգացումը, չեն համապատասխանում ժամանակակից քաղաքին։ Բերեմ բազմաթիվ օրինակներից մեկը. քաղաքաշինական նորմերը սահմանում են (ընդ որում՝ շատ երկիմաստ եւ ոչ հստակ ձեւակերպմամբ) միմյանցից շենքերի հեռավորության պահանջները ողջ հանրապետության տարածքում։ Սա ինքնին անհեթեթություն է, քանի որ Խնձորեսկի եւ Երեւանի կառուցապատման պահանջները նույնական լինել չեն կարող։ Ինչպես որ նույնը չեն Տոկիոյի եւ ճապոնական որեւէ գյուղի խտության պահանջները, եւ ինչպես Լոնդոնի կենտրոնում բարձրահարկ շենքերը կառուցվում են միմյանցից 15 մետր հեռավորության վրա՝ ի տարբերություն Քեմբրիջի շենքերի։

Քաղաքային զարգացման սկզբունքները (Zoning Code) պետք է արտացոլեն համայնքի ոգին/կերպարը եւ բխեն դրա սոցիալ-տնտեսական նախադրյալներից։ Հետեւաբար, պետք է մշակվեն եւ հաստատվեն ինքնակառավարման սուբյեկտի մակարդակում։ Այսպիսով, քաղաքաշինական օրենսդրությունից պետք է դուրս բերվի եւ տեղական ինքնակառավարման մարմինների տիրույթ տեղափոխվի մի զգալի բլոկ, որով խորհրդային ժամանակաշրջանից կառավարվում էր քաղաքաշինությունը։

Համաշխարհային փորձում դա զոնավորման նախագիծն է, ուր ամրագրվում են կառուցապատման չափորոշիչները (խտություն, շենքերի հեռավորություն, հարկայնություն, ավտոկայանատեղիների քանակ, կանաչապատման տոկոս, բաց տարածքների պահանջ, ոճաբանական հարցեր եւ այլն):

Պետք է վերանայվի նաեւ գլխավոր հատակագծի ինստիտուտի գաղափարը։ Սա շատ ավելի լայն, հանրային եւ մասնագիտական ներգրավվածություն պահանջող թեմա է, որին կանդրադառնամ ապագայում։ Սակայն, խոսելով հիմնախնդիրների մասին, հնարավոր չէ շրջանցել գլխավոր հատակագծերի ռուդիմենտար բնույթը։ Փաստացի, այսօրվա գլխավոր հատակագիծն իր քաղաքային զարգացման եւ հողի օգտագործման մասով անցյալի լայնածավալ սեփականաշնորհման գործընթացի հետեւանքով վերածվել է գրեթե անիմաստ եւ ոչ կիրառելի մի փաստաթղթի։ Իսկ տնտեսական հիմնավորումների մասով (նույնիսկ եթե ենթադրենք, որ հնարավոր է առաջնորդվել պլանային տնտեսության զարգացման մոդելով) մենք դեռ երկար չենք ունենա այն գիտական ներուժը եւ համակարգերը, որոնք անհրաժեշտ են զարգացմանը միտված գլխավոր հատակագիծ մշակելու եւ իրականացնելու համար։ 

Զոնավորման նախագիծ։ Այսօր ունենք մի անկատար փաստաթուղթ, որն անվանակոչվել է զոնավորման նախագիծ: Վերջինիս թերությունները օգտագործվում են որպես կամայական որոշումների արդարացում՝ էլ ավելի նվազեցնելով կարեւորագույնը՝ կանխատեսելիությունը քաղաքաշինական գործընթացում։ Լինելով քաղաքային զարգացման անհրաժեշտ առաջին քայլ՝ զոնավորման նախագիծը պետք է վերածվեր անընդհատ, շարունակական աշխատանքի։ Կարեւոր է հասկանալ, որ տեղի եւ անտեղի բազմիցս վկայակոչված այս փաստաթուղթն իրականում ոչ թե գծագիր է կամ քարտեզ (ինչպես ոլորտի մի զգալի մասն է կարծում), այլ գործընթաց։ Այսօր գործող փաստաթուղթը կորցրել է իր արդիականությունը, եւ օրեցօր ի հայտ է գալիս դրա բացարձակ անհամատեղելիությունը սուբյեկտների սեփականության իրավունքի հետ: Չլինելով լավ տեղայնացված՝ այն չի պարունակում բավարար մանրամասներ քաղաքի զարգացումն ուղղորդելու համար։ 

Քանի դեռ կառավարիչները բարեխիղճ են, զոնավորման նախագիծը կարող է ունենալ որոշ առավելություններ եւ հանդիսանա քաոսային կառուցապատման զսպման մեխանիզմ, բայց այն չի կարող ապահովել քաղաքի լիարժեք պլանավորված զարգացումը։ Դա հնարավոր կլինի ապահովել միայն խորը եւ մանրամասն մշակված փաստաթղթի ստեղծմամբ։ Ընդ որում, միամտություն կլինի ենթադրել, որ դա միանվագ աշխատանք է։

Շատ հետաքրքրական է Թբիլիսիի փորձը։ Երկարատեւ քննարկումներից (մոտ 30 ամիս) եւ թանկարժեք զոնավորման նախագիծ մշակելուց հետո քաղաքային իշխանություններն արդեն երկու անգամ 6 ամսով հետաձգել են նախագծի կիրարկումը՝ կանխազգալով բազմաթիվ խնդիրներ (այդ թվում՝ սեփականության իրավունքի հետ) հարակից օրենսդրական դաշտի անկատարության պայմաններում։ Ընդհանրապես, շատ կարեւոր է խորապես ուսումնասիրել ոչ միայն անցման փուլում գտնվող, այլեւ զարգացած երկրների փորձը եւ, որն ավելի կարեւոր է, հնարավորինս ներգրավել արտերկրում գործող հայ մասնագետներին, ինչը թույլ կտա թանկարժեք ժամանակ շահել։

Այսօր հաճախ լսում ենք, որ մեզ պետք է զոնինգի նախագիծ եւ պետք չի գլխավոր ճարտարապետի ինստիտուտը։ Սա մի պնդում է, որը կատարյալ պայմաններում կարող է ճշմարտացի լինել, քանի որ հնարավորինս ազատում է ոլորտը հայեցողական որոշումներից։ Սակայն քանի՞սն են գիտակցում, թե ինչ ահռելի աշխատանք է պահանջվում աշխատող համակարգ հիմնադրելու եւ ներդնելու համար։ Արդյո՞ք մենք գիտակցում ենք, որ այսօր ի վիճակի չենք մշակել այդ փաստաթուղթը մասնագետների, եթե չասեմ բացակայության, ապա մեծ պակասի պատճառով։

Պլանավորումը (Planning/Planer) Հայաստանի համար նոր ոլորտ է, որը պահանջում է համապատասխան եւ ճարտարապետականից տարբերվող կրթություն։ Զոնավորման նախագիծը լոկ մեկ քարտեզ չէ։ Դա առաջին հերթին քաղաքի մանրամասն փաստագրումն է, որին պետք է հետեւեն ամեն թաղամասի համար մանրամասն մշակված կարգավորումների կանոնները։ Մեզ պետք են քաղաքաշինության ոլորտում հմտություն ունեցող իրավաբաններ, քաղաքապետարանում սկզբունքորեն այլ կերպ կազմակերպված աշխատանքային կարգեր, եւ, ի վերջո, հանրամատչելի համակարգչային ինտերֆեյս, որտեղ տեղեկատվությունը հասանելի կլինի ցանկացած մարդու։

Իրականում նախնական մի փաստաթուղթ ստեղծելու համար կպահանջվի առնվազն 4-5 տարի: Եվ դա պետք է լինի երկարատեւ եւ շարունակական աշխատանքի սկիզբը միայն։ Պետք չի ակնկալել, որ մեկ ակնթարթում լուծվելու են բոլոր խնդիրները։ Հակառակը, պետք է նախապատրաստվենք երկար եւ, շատ դեպքերում, ցավոտ անցումային փուլի, որի ընթացքում շտկվելու են, ճշտվելու են եւ հիմնադրվելու են կառուցապատման սկզբունքներն ու կանոնակարգերը քաղաքի ամեն մի թաղամասի եւ շրջանի համար։

Այս փուլում պետք է լինել իրատես եւ ոչ թե փորձել անել անհնարը, այլ, սթափ վերլուծելով, առաջ շարժվել՝ ոչ թե փորձելով իրագործել լայնածավալ փոփոխություններ, այլ ներմուծելով վերոնշյալ սահմանափակումների համակարգը՝ միաժամանակ նախապատրաստելով դաշտը (մասնագիտական, իրավական եւ այլ) հետագա անցմանը։

Արտոնագրում ճարտարապետության ոլորտում։ Անհասկանալի եմ համարում ոլորտի լիազոր մարմնի վարանումները այս հարցում: 18 ամիս առաջ Քաղաքաշինության կոմիտեն՝ հիմնվելով Ճարտարապետության պալատի աշխատանքի եւ խորհրդատվության վրա, կառավարության հետ համաձայնեցրել եւ մեկնարկել էր ճարտարապետների եւ կոնստրուկտորների անհատական արտոնագրման գործընթացը։ Ու թեեւ այս հարցի վերջնական հանգուցալուծումը քաղաքային իշխանությունների տիրույթում չէ, բայց ճարտարապետության եւ շինարարության որակի բարելավման նպատակով ինքնակառավարման սուբյեկտները կարող են գործնական եւ կարեւոր քայլեր ձեռնարկել։ Որպես առաջին քայլ, գլխավոր ճարտարապետի ինստիտուտը, հիմնվելով ավագանու որոշման վրա,  որպես ճարտարապետահատակագծային առաջադրանք (ԱՊԶ) տրամադրելու նախապայման կարող է պահանջել նախագծողի ճարտարապետական արտոնագիրը (լիցենզիան)։ Սրանով կլուծվեն բազմաթիվ հարցեր, սկզբունքորեն կփոխվի նախագծերի որակը։ Ճարտարապետությունը նուրբ եւ բարդ մասնագիտություն է, եւ նախագիծ անելու համար մասնագետներն անցնում են տասնամյակների ճանապարհ՝ կրթվելով, ձեռք բերելով փորձ, հմտություններ եւ, ինչը ամենագլխավորն է, պատասխանատվություն իրենց մասնագիտության, գործընկերների եւ հասարակության առջեւ։

Իսկ այսօրվա իրավիճակը այն է, որ ցանկացած ուսանող կարող է ինչ ասես նկարել եւ նախագծելու թույլտվություն ստանալ։ Հետեւանքները մենք տեսնում ենք մեր քաղաքներում։ Պահանջելով արտոնագիր՝ քաղաքային իշխանությունները դաշտից դուրս կբերեն «ոչ մասնագետներին» եւ հետագա նախագիծ ստանալու ակնկալիքով «ձրի» նախագիծ անողներին։ Արտոնագրի պահանջի ներմուծումը կունենա նաեւ այլ դրական էֆեկտ՝ կառուցապատողները ստիպված լինելով արտոնագրված մասնագետներ վարձել՝ մեծապես կնպաստեն ոլորտի ֆինանսական առողջացմանը եւ բարելավմանը, ինչն էլ իր հերթին դրական կազդի ճարտարապետության որակի վրա։ Այս պահանջը նաեւ էապես կնվազեցնի քաղաքաշինական գործընթացում կոռուպցիոն ռիսկերը՝ թափանցիկ դարձնելով նախագծի հեղինակին/պատասխանատուին։

Բնականաբար, ոլորտի խնդիրները չեն սահմանափակվում վերոնշյալով, սակայն քաղաքային կառավարման տիրույթում սրանք չափազանց կարեւոր են, եթե ոչ առաջնային։ Այս փուլում սկզբունքային է գոնե մեկնարկել այս բարդ քննարկումը, նշմարել խնդիրները, նորովի վերլուծել իրավիճակը։

Այս հոդվածի նպատակը պատասխաններ եւ լուծումներ առաջարկելը չէ։ Ավելին, դրանք մեկ հոդվածի կամ մեկ մասնագետի խնդիր չեն։ Տվյալ իրավիճակում անհրաժեշտ է մոբիլիզացնել ոլորտի բոլոր մասնագետներին եւ կառավարող օղակներին տրամադրել ադեկվատ, փաստերի վրա հիմնված, անձնական ամբիցիաներից եւ շահերից զուրկ մասնագիտական խորհրդատվություն։

Գործնականում կարելի է ստեղծել մասնագիտական ձեւաչափ, որը կմիավորի ոլորտի մասնագետներին, Քաղաքաշինության կոմիտեի, Ճարտարապետական պալատի եւ գլխավոր ճարտարապետի ինստիտուտի ներուժը։ Այլապես քաղաքը շարունակելու է զարգանալ անկառավարելի կերպով։

Ավետիք Էլոյանը ճարտարապետ է, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախկին նախագահը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին