Համաճարակ-պատերազմ զուգահեռն ու անհրաժեշտ դասերը - Mediamax.am

Համաճարակ-պատերազմ զուգահեռն ու անհրաժեշտ դասերը
2248 դիտում

Համաճարակ-պատերազմ զուգահեռն ու անհրաժեշտ դասերը


ԿՈՎԻԴ-19 ի ցույց դրեց կառավարման եւ պլանավորման գործում մի շարք ժամանակակից համաշխարհային միտումների անհամապատասխանությունը գալիքի հնարավոր մարտահրավերներին։ Դրանցից ամենաշատ հիշատակվածը թերեւս քաղաքաբնակչության գերկենտրոնացումն է (overurbanization), որն ազատական շուկայի ծավալման պայմաններում տրամաբանական է, սակայն կոնկրետ համաճարակների դեպքում վերածվում է բարդության։ Ազատ շուկայի օրենքներից բխող մեկ այլ խնդիր է նախահամաճարակային շրջանում բուժհաստատությունների եւ բուժպրոֆիլների «օպտիմալացումը», դրանց կառավարումն այն տրամաբանությամբ, որով կառավարվում են տնտեսվարող ձեռնարկությունները՝ մոռանալով, որ առողջապահական համակարգը կրիտիկական ենթակառուցվածք է, որտեղ պետությունը պարտավոր է կայուն ներդրումներ անել նաեւ «արագ քյար» չբերող պրոֆիլների եւ կարողությունների վրա։

Ըստ որում՝ եթե դասական ճգնաժամային կառավարմանը բնորոշ այս պարզ գիտելիքը կարող էր «մոռացվել» տեւական խաղաղության մեջ գտնվող երկրներում, ապա պատերազմող պետությունների պարագայում դա վկայում է կառավարող էլիտաների թերհաշվարկի մասին։

Հայաստանում եւս այս խնդիրը ծագեց։ Մասնավորապես՝ խոսքը վերակենդանացման բաժանմունքների աշխատակիցների՝ անեստեզիոլոգ-ռեանիմատոլոգների սուր պակասի մասին է։ Դեռ ապրիլի 1-ին ԱՆ ղեկավար Արսեն Թորոսյանը հայտարարություն էր տվել, որ «… կորոնավիրուսի դեմ պայքարի համար նոր ստեղծվող առողջապահական ենթահամակարգը կարիք ունի բուժաշխատողների, առանց որոնց հնարավոր չի լինի այդ բժշկական կենտրոններում բուժել կորոնավիրուսով հիվանդացած մեր քաղաքացիներին»: Պահանջվող 5 մասնագետներից 1-ը հենց ռեանիմատոլոգիան էր։

Մայիսի 27-ին այս մասնագիտությամբ բժիշկներին խնդրանքով դիմեց նաեւ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը. «… այս պահին Դուք եք բժշկական «արտադրական» կարեւորագույն, հզորագույն շարժիչ ուժը ու մեր բոլորի հույսը»։ Մայիսի 29-ին նախարարի խնդրանքը կրկնվեց՝ «Հարգելի՛ գործընկերներ, հարգելի բժիշկներ, մեզ անհրաժեշտ է ձեր մասնագիտական ներուժը, ձեր մյուս գործընկերներին է անհրաժեշտ ձեր աջակցությունը։ Խոսքը հատկապես անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներին է վերաբերում, ում կարիքը ունենք ամենաշատը, քանի որ ավելի քան 350 ծանր եւ ծայրահեղ ծանր պացիենտների խնամքի համար հենց ձեր աջակցությունն է պետք»։

Մայիսի 18-ից հունիսի 8-ն այս կոչերին արձագանքած 123 բժիշկներից միայն 5-ն էին (!) անեստեզիոլոգ-ռեանիմատոլոգ, որոնցից 3-ը՝ արտերկրից:

Տրամաբանությունը հուշում է, որ նույն խնդիրը պետք է լիներ նաեւ Ադրբեջանում։ Ցավոք, այս երկրի ուրույն քաղաքական համակարգից բխող տեղեկատվական «ժլատության» պայմաններում պաշտոնական աղբյուրների սակավությունը երբեմն ստիպված ենք լինում փոխարինել այլընտրանքային աղբյուրներով։ Այս առումով ունենք մեկ կցկտուր վկայություն՝ ի դեմս հունվարին Բաքվում «Կենսաբանական բժշկության կլինիկայի» մասնաճյուղերից մեկում բարձր որակավորմամբ անեստեզիոլոգ-ռեանիմատոլոգի աշխատանքի հրավերի տեսքով։ Է՛լ ավելի կարեւոր եւ անփոխարինելի վկայություն է, սակայն, հունիսի 24-ին ադրբեջանցի անեստեզիոլոգ-ռեանիմատոլոգ Էմիլ Ղասումովի հանրային մի գրությունը։ Վերջինս պատմում է, որ տարիներ առաջ կլինիկաներից մեկում, որտեղ ինքն աշխատում էր, ղեկավարն իրեն կշտամբել է, թե «ձրիակերությամբ» է զբաղված, եւ որ «ռեանիմացիան, անեստեզիան ու տենց բաները ստեղի համար չեն, մեջը քյար չկա, երբ կասենք, ուզում ես, արի, նարկոզ տուր, գնա, չէ՝ դիմումդ գրի՛, դո՛ւրս արի»։ Սրանից հետո Է. Ղասումովն աշխատանքային միգրացիայի է գնացել Թուրքիա, ապա կրկին վերադարձել՝ Ադրբեջանում աշխատելու։ Իր հանրագրի վերջում նա դժգոհում է, որ այժմ բժշկական պայքարի առաջնագծում է, սակայն անձնակազմի եւ մարդկանց պակաս ունի. «Հիմա ընկած ստացիոնար բուժծառայություն ենք ման գալիս, ռեանիմացիա ենք ման գալիս, որակ, բայց ո՞րտեղից գտնենք»։

Ի՞նչ է սովորեցնում այս ամենը։ Ինչպես նշեցինք, նախահամաճարակային աշխարհի անպատրաստությունը համաճարակին կառուցվածքային առումով բնորոշ էր գրեթե ամբողջ աշխարհին, այդ թվում՝ մեր քննարկած մեկ մասնագիտության բժիշկների պակասի առումով (տե՛ս դիցուք հնդիկ վետերան անեստեզիոլոգի հարցազրույցն իրենց մասնագիտության վերակարեւորման մասին)։ Տեւական պատերազմի մեջ գտնվող երկրները, սակայն, պետք է ավելի զգայուն լինեն այսօրինակ հարցերում պլանավորում իրականացնելիս։ Եթե մի պահ տեղին համարենք ԿՈՎԻԴ-19 համաճարակի եւ պատերազմի միջեւ տարվող զուգահեռը, ապա սա նույնն է, եթե խաղաղ ժամանակներում բանակում չպահվեն առանձին ստորաբաժանումներ՝ ադրբեջանցի Է. Ղասումովի նախկին ղեկավարի տրամաբանությամբ՝ «հակատանկայիններից քյար չկա, մե՛կ ա՝ հիմա թշնամու տարածք չենք մտնում, իրանք էլ՝ մեր»։ Այսպես մտածող պետությունը պատերազմի առաջին իսկ օրերին կապրի տանկային ողբերգական ու անդառնալի ճեղքում։

Այս համաճարակը հիշեցում էր հենց բալանսավորված մենեջմենթի անհրաժեշտության եւ երկարաժամկետ պլանավորումը հենց այս ոգով անելու, ոչ թե պարզ շուկայական մոտեցումներով։ Սա հիշեցում էր, որ կան կրիտիկական ենթակառուցվածքներ, որոնցում թե՛ պետությունը, թե՛ առանձին դեպքերում մասնավոր սեկտորը շահագրգռված պետք է լինեն երկարաժամկետ ներդրումներ կատարելու։ Կոնկրետ Հայաստանի դեպքում այդպիսի ենթակառուցվածքների պարզ ցանկը պետք է ներառի առողջապահությունը, էներգետիկ եւ պարենային անվտանգությունը, պաշտպանական համակարգը, կրթությունը եւ մշակույթը։

Էդգար Էլբակյանը քաղաքագետ է, ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի կրտսեր գիտաշխատող:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին