Երբ կյանքը կաթում է ինչպես ջուրը ծորակից - Mediamax.am

Երբ կյանքը կաթում է ինչպես ջուրը ծորակից
1959 դիտում

Երբ կյանքը կաթում է ինչպես ջուրը ծորակից


                                                                   Օլգա Տոկարչուկ. «Վազորդները» 

 

Կյանքը հոսում է մատների արանքով ավազահատիկների պես։ Կարելի է ունկնդրել ամեն վայրկյանի ցած ընկնելը։ Կարելի է անգամ զգալ գետնի հետ վայրկյանի բախումն ու փշրվելը միկրոակնթարթների։ Կյանքը կաթում է ինչպես ջուրը ծորակից։ Կարելի է տեսնել ամեն ջրահատիկը խոշորացույցի տակ։ Կյանքը խշխշում է կանաչապատ մարգագետիններում, սվսվալով անցնում։ Կյանքը վազում է մեգապոլիսների մայրուղիներով, կյանքը երբեմն հետ է մնում արագընթաց գնացքներից, երբեմն սայթաքում եւ ընկնում մեքենայի տակ։      

 

«Հոսել, շարժվել, երեւակայել՝ ահա, թե ինչ է նշանակում լինել քաղաքակիրթ մարդ։ Բարբարոսները չե՛ն ճանապարհորդում, նրանք պարզապես գնում են դեպի թիրախը կամ հարձակումներ գործում»։

 

 

Նորաթուխ Նոբելյան մրցանակակիր Օլգա Տոկարչուկի «Վազորդներն» են այդպես զգում, ապրում։ Կյանքը վազք է կարգախոսով լեհուհին գրում է աննկատելիի մասին՝ հյուրանոցի սառնարանում մնացած հացի փշրանքի, ոտքի տակ անզգուշորեն ճզմված մրգի կտորի, օդակայանների սպասասրահում օդ բարձրացող պոլիէթիլենե տոպրակի, գնացքների վագոններում մոռացված ուղեցույցի, նավամատույցներում դեն նետված հյութի շշերի։ Առօրյան իր ողջ ձանձրույթով Օլգա Տոկարչուկը նկարագրում է այնքան պոետիկ, որ չես էլ ընկալում, թե ինչ պարզ մասնիկների մասին է խոսքը։ Ինչպես ընկալես, երբ այդ ամենը մենք չենք նկատում, թեպետ ամեն օր բացում ենք սառնարանը, քայլում ենք ինչ-որ բան կոխրճելով, կուտակված շշերի կողքով եւ այլն, եւ այլն։ Մենք չենք նկատում, թե ինչ սրընթաց գնացք ենք նստել, որի վրա գրված է «Քո կյանքը»։

 

Տոկարչուկի «Վազորդները» անվան հակառակ տրամաբանությամբ, կարծես, արտհաուզային ֆիլմ լինի՝ իր դետալիզացված, խոշորացված կադրերով, վարպետորեն սինքրոնացված ձայնային էֆեկտներով, կարճ ու դիպուկ երկխոսություններով, մտքերով, որ, թվում է՝ ասվում են հենց այնպես, հաճախ՝ երկիմաստ։ Տպավորություն է՝ Տոկարչուկը թաքնված տեսախցիկ է փակցրել մեր բոլորի կյանքի չորս պատերի մեջ ու մի գերզգայուն միկրոֆոն միացրել, որ կարող է որսալ անգամ անլսելի շշուկները։ 

 

 

Աշխարհը շատ մեծ է, ասում է Օլգան, լավ կլիներ այն փոքրացնեինք, ավելի լայնացնելու եւ բազմացնելու փոխարեն։ Փակեինք աշխարհը փոքր մի տուփի մեջ ու թույլ տայինք մարդիկ նայեին ներսը, օրինակ, շաբաթ օրը՝ ճաշից հետո, երբ տնային գործերն ավարտված են, սպիտակեղենը մաս-մաքուր պատրաստ է, վերնաշապիկները արդուկված ու կախ տված են աթոռների ուսերից, երբ հատակը մաքուր է, իսկ լուսամուտագոգին տաք թխուկն է սառում։ Կարելի է բացել տուփը, որը աշխարհ է պարունակում, եւ նայել, լսել, նկատել։ Չէ, դա հեռուստացույցը չէ։ Ցավոք, դրա համար շատ ուշ է, հարգելի Օլգա։ Մեզ մնացել է միայն անվերջ ընտրություն կատարելու մեջ հմտանալ։ 

 

«Վազորդներում» Օլգա Տոկարչուկը 116 ֆրագմենտ, էսսե, նոթ ու պատմվածք է ի մի բերել։ Առանձին սյուժեներով այս գիրք-խճանկարը հավաքվում է մեկ համայնապատկերում եւ ընթերցողի համար անսպասելիորեն վերածվում վեպի։ Այդ պատճառով այստեղ  չկան գլխավոր ու երկրորդական հերոսներ, իրադարձություններ իրենց տրամաբանական շարադրանքով, չկան բարոյախոսություններ ու ավարտ չկա, ինչպես ինչ-որ մեկի դադարել ապրելուց չի կարող ավարտվել կյանքն առհասարակ։ Այս գիրքը հեղինակի ճանապարհորդությունն է տարածական, անիրական  ու ժամանակագրական չափումներում։ 

 

Օլգա Տոկարչուկը

 

Մասնագիտությամբ հոգեբան, էությամբ վազորդ, տեսակով գրող Օլգա Տոկարչուկին Շվեդական թագավորական ակադեմիան գրական ամենաբարձր մրցանակը շնորհեց, այսպես ասած, back date-ով եւ հետեւյալ ձեւակերպմամբ՝ «երեւակայության համար, որը հանրագիտարանային կրքով սահմանների հատումը ներկայացնում է որպես կյանքի ձեւ»։ Տոկարչուկը ճանաչվեց 2018-ի Նոբելյան մրցանակակիր, այնինչ այն ստանում է 2019-ին՝ այդպիսով դառնալով 15-րդ կին Նոբելյանակիրը։ Պատճառը հայտնի սկանդալն էր Շվեդական ակադեմիայում։ 

 

Մինչեւ Նոբելը Օլգա Տոկարչուկն արդեն ուներ ոչ պակաս հեղինակավոր Միջազգային Բուքերյան մրցանակը հենց «Վազորդներ» վեպի համար։ Արդեն Նոբելյան պիտակով Օլգա Տոկարչուկի այս վեպը հուսանք դե՛ռ չկա հայերեն, իսկ հայերենով կարելի է կարդալ նրա «Գրքի մարդկանց ուղեւորությունը», որը հրատարակել է «Գիտանք»-ը 2006 թվականին։  

 

Անի Հակոբյանը լրագրող է:

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին