«Մեծ, փոքր ստերի» հեղինակի «9 բոլորովին անծանոթ մարդիկ» - Mediamax.am

«Մեծ, փոքր ստերի» հեղինակի «9 բոլորովին անծանոթ մարդիկ»
3750 դիտում

«Մեծ, փոքր ստերի» հեղինակի «9 բոլորովին անծանոթ մարդիկ»


Լիան Մորիարտի․«Ինը բոլորովին անծանոթ մարդիկ» 

Liane Moriarty “Nine perfect strangers»

 

Ո՞ւմ չի գայթակղի տասն օրում կատարյալ կերպարանափոխության, ֆիզիկական ու բարոյահոգեբանական ափգրեյդի, լիցքաթափվելու ու կազդուրվելու առաջարկը։ Ավստրալական «Թրանքվիլիում հաուզ» առողջարանային կենտրոնն իր այցելուներին խոստանում է՝ տուն վերադառնալիս իրենց հայելու մեջ չեն ճանաչի, լա՛վ իմաստով։ Կյանքի տարբեր իրավիճակներում, տարիքում ու սոցիալական կարգավիճակում գտնվող 9 այցելուները բացում են «Թրանքվիլիում հաուզ»-ի դուռը՝ մտքում, իհարկե, թերահավատ լինելով 180 աստիճանով վերափոխվելու գովազդային ազդագրին։

 

Առողջարանում նրանց դիմավորում է կանաչ, մեծ աչքերով, երկարոտն ու անդիմադրելի գեղեցիկ Մաշան։ Մարիա Դմիտրիենկոն ռուս էմիգրանտ է, որ 90-ականների սկզբին ամուսնու հետ հեռացել էր փլուզվող Ռուսաստանից։ Խոստումնալից Ավստրալիայում նա հասել էր կորպորատիվ կարիերայի գագաթին՝ արդեն առանց ամուսնու եւ երեխայի։ Մաշայի կյանքն ու կարիերան կտրուկ փոխեցին հունը, երբ նա դեմ դիմաց հանդիպեց մահվանը։ Աշխատավայրում վրա հասած ինֆարկտից ու կլինիկական մահից նրան հետ վերադարձրեց պարամեդիկ Յաոն, որը հիմա «վելնեսի» հարցով «Թրանքվիլիում հաուզ»-ի գլխավոր ինստրուկտորն է, հիմա` անհավատալիորեն ֆիզիկական ու մենթալ կերպարանափոխության ենթարկված Մաշայի կողքին ժպտում է ինն անծանոթներին։ 

 

 

«Թրանքվիլիում հաուզ»-ը նրանց էլ է կյանքի նման կտրուկ վերափոխում առաջարկում։ Իհարկե, այդ անհույս, մռայլ դեմքերով, թույլ մարմիններով, անկամ ոգով մարդիկ կարդացել են առողջարանի ինստրուկցիան, որը փոքր-ինչ տարօրինակ է թվացել, բայց տանելի։ Իրենց ներկա կյանքում շատ ավելի լուրջ պատճառներ կան տխրելու, քան հինգօրյա խիստ սննդակարգը, մարզումները, աստղազարդ երկնքի տակ մեդիտացիաներն ու մրգային կոկտեյլները։ Առողջարանային իդիլիան ընդհատվում է հյուրերից մեկի՝ մռայլադեմ, անհաղորդ Հիզերի հարցից՝ «մեր կոկտեյլի հետ ինչ-որ բա՞ն եք խառնել»։

 

«Հերիք է գլխի ընկնեի՝ որն է կյանքի իմաստը, այդ պահին իսկ այն փոխեցին»։

 

Հիզեր Մարկոնին, ամուսնու՝ Նապոլեոնի եւ դստեր Զոիի հետ գայթակղիչ գովազդային ազդագրով առողջարան էին եկել, որովհետեւ շուտով լրանալու էր իրենց որդու մահվան տարելիցը, եւ տանը երեք տարվա խտացած թախիծը, ցավը, մի ակնթարթում մշուշոտ դարձած իրականությունն այլեւս անտանելի էր։ Գուցե տասնօրյա ինքնախաբկանքն իրո՞ք օգներ։

 

52-ամյա  Ֆրենսիսը ամիսներ է, ինչ չի բուժվում հասարակ մրսածությունից, տառապում է կլիմաքսի քրտնարտադրությունից, նյարդային է ու անկառավարելի էմոցիոնալ։ Ֆրենսիսն ինքն իրեն չի խոստովանում, թե ինչ սուր ցավ է զգացել իր գրքի մասին կարդացած բացասական գրախոսությունից, հրատարակչից ստացած մերժումից ու այն մտքից, թե ինչպես կարող էր սիրավեպեր գրող Ֆրենսիսը դառնալ  ինտերնետային սիրային խարդախության զոհ։

 

 

Թոնին՝ ակնհայտորեն ֆաստֆուդ չարաշահող այդ հսկան, դեռ չի ապաքինվել հավատարիմ շան կորստից։ 56 տարեկան տղամարդ, որ դեռ սգում է շան սատկելը։ Գուցե այդ անհեթեթ առիթի ներքո Թոնին սգում է իր միայնությո՞ւնը եւ թոռների կարո՞տը, որոնք նախկին կնոջ ու որդու հետ ապրում են Նիդերլանդներում։ Նաեւ կարոտում ֆուտբոլային իր փառքը, որ հիմա այնքան հեռու է թվում։

 

«Եթե կինը հոգ չի տանում իր մարմնին, նրա ամուսինն է հոգ տանում ուրիշ կնոջ»։

 

Բենն ու Ջեսիկան վաղուց չեն ճանաչում իրար, թեպետ արթնանում են կողք կողքի, թեպետ պլաստիկ վիրահատությունների պատճառով իսկապես Բենը չի ճանաչում Ջեսիկային, թեպետ չի էլ փորձում նկատել։ Խոշոր շահումն ու ակնթարթորեն միլիոնատեր դառնալու կոմպենսացիան ինստագրամային «բարբիի» վերածված անծանոթ Ջեսիկան էր, հիմա միակ երջանկությունը «Լամբորջինին» է, իսկ Ջեսիկան չի հանձնվում, ամուսնությունը կարող են դեռ փրկել, «Թրանքվիլիում հաուզ»-ի մասին այդքան դրական կարծիքները համացանցում չեն կարող անհիմն լինել։

 

Լարսը առողջարանային տների իսկական գիտակ է, գրեթե բոլոր լավագույն առաջարկներից օգտվել է, այս մեկն էլ հետաքրքիր էր թվում, նորարարական, էկզոտիկ, ինչո՞ւ չփորձել, չկանգնել մի պահ ու չվերաիմաստավորել կյանքը, երբ իրենից այդքան կարեւոր որոշում էին պահանջում՝ երեխա ունենալու։ Լարսին թվում է՝ կանգնած է մահվան եւ կյանքի միջեւ ընտրության առաջ։

 

«Կանայք եւ իրենց մարմինները․հարաբերություններից թերեւս ամենադաժանը, ցավոտն ու տոկսիկն են»։

 

Կարմելը չի կարողանում ոչ մի րոպե չմտածել չորս դուստրերի մասին՝ ի՞նչ են անում այս պահին, անվտա՞նգ են, կո՞ւշտ են, չե՞ն մրսում, ուրա՞խ են առանց իրեն․ վերջին հարցի դրական պատասխանից կոկորդում տհաճ զգացողություն է առաջանում։ Միայն այն մտքից, որ իր երեխաները հիմա կարող են ուրախ լինել ու վայելել նախկին ամուսնու եւ նրա նոր, երիտասարդ կնոջ հետ եվրոպական շրջագայությունը, Կարմելն ուզում է մեռնել։ Հատկապես որ դա լավ լուծում կլինի ավելորդ քաշի դեմ իր անարդյունք պայքարում։ Կարմելին թվում է, որ գեր է, որ հենց այդ պատճառով Ջոելն ասեց՝ էլ չի գրավում իրեն։

 

Ինն օտար, ամբողջովին կոտրված, բացարձակ անհույս մարդիկ, որոնք ստիպված են սթափվել, հավաքել ուժերը, թոթափել տարիներով անիմաստ խոհերից ծանրացրած ուսաբեռը, ոտքի կանգնել, խորը շնչել ու երկար արտաշնչով նոր թարմություն տալ իրենց կյանքերին, որոնցում կուտակված, այսպես կոչված, դժվարությունները ոչինչ են Մաշայի ռուսաստանյան հիշողությունների հետ։ Դուք չեք տեսել հացի հերթեր՝ տարիներ առաջ ասել էր Մաշան ավստրալուհի ընկերներից մեկին։ Օ՜, հերթեր, դրանք սարսափելի են, մի անգամ ես հինգ րոպե հերթ եմ պահել «Յու թու»-ի համերգի տոմսի համար՝ պատասխանել էր վերջինս։ 

 

Կատարսիս՝ ահա թե ուր է պետք հասնել՝ սեփական վախերը ճանաչելու, տառապանքները ընդունելու, հանձնվելու ու նորից սկսելու համար։ Կյանքը բավականին տանելի բան է, պարզապես պետք է տեսնել համեմատության ու համայնապատկերի մեջ, ցույց է տալիս Լիան Մորիարտին։ Երբեմն կյանքը այնքան է դանդաղում, որ դադարում ես տեսնել փոփոխությունները ու չես դադարում մանտրայի պես կրկնել՝ գրողը տանի, ինչպե՞ս հայտնվեցի այստեղ։ Ու նաեւ պատահում է՝ կյանքը փոխվում է մեկ ակնթարթում՝ լավ կամ վատ կողմ, ողբերգական կամ հիասքանչ հետեւանքներով․դու հաղթում ես խաղարկությունում, ոչ ճիշտ պահին հայտվում ես անցուղու վրա արագընթաց մեքենայի դիմաց, քեզ անհարմար պահին զանգում հեռու անցյալում մնացած սիրելիիդ, դեռահաս տղադ ինքնասպան է լինում՝ չթողնելով ոչ մի տրամաբանական բացատրություն։ Երբեմն ոչինչ մեզնից կախված չէ, բայց, մեծ հաշվով, ամեն ինչ մեզնից է կախված։ 

 

Օրինակ՝ «Թրանքվիլիում հաուզ»-ի հյուրերը չէին վճարել կասկածելի պարունակությամբ կոկտեյլների համար, բայց նրանցից էր կախված դրանք ըմպելուց հետո կատարելիք գործողությունները։

 

 

Ավստրալուհի Լիան Մորիարտին ժամանակակից, լավ իմաստով թրենդային գրականություն ստեղծող հեղինակներից է։ Նրա «Փոքր, մեծ ստերը» (Big, Little Lies) հեղինակին բերեցին հոլիվուդյան ճանաչում եւ Emmy մրցանակ: Մորիարտիի այս վերջին բեսթսելերն էլ հեռուստատեսային էկրանավորում կստանա․Hulu-ի համար այն պրոդյուսինգ կանի Նիկոլ Քիդմանը։ Ու, եթե հավանել եք «Մեծ ստերի» գերիրական, մանրադիտակի խոշորացույցով ներկայացված կյանքային պատմությունները, կսիրեք նաեւ Մորիարտիի «Ինն անծանոթներին»։ 

 

Անի Հակոբյանը լրագրող է:

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին