Տղամարդկային ապրումները՝ Էդգար Կոստանդյանի «Միլոշ» վեպում - Mediamax.am

Տղամարդկային ապրումները՝ Էդգար Կոստանդյանի «Միլոշ» վեպում
4720 դիտում

Տղամարդկային ապրումները՝ Էդգար Կոստանդյանի «Միլոշ» վեպում


Հայկական տխրությունը վայրէջք է կատարում ոչ այն է մռայլ, ոչ այն է զվարթ չեխական աշնան իրականություն: Ռաֆը նկարիչ է, Պրահայում մասնակցում է «Փոքր ժողովուրդների ժամանակակից նկարիչների» ցուցահանդեսին՝ փոքր ժողովուրդներին հատուկ մեծամիտ քամահրանքով վերաբերելով թե նման միջոցառումներին, թե դրանց մասնակիցներին։ Թեպետ Ռաֆն այդտեղ բավական ազդեցիկ հովանավորյալ ունի՝ Չեխիայի ամենահայտնի քանդակագործ Իվանի հետ ուսանողական ընկերներ են։ Մոսկովյան ակադեմիայի տարիներից մտերիմ բարեկամի միջնորդությամբ էլ Ռաֆը երկարացնում է Պրահայում մնալու ժամանակահատվածը։ Պատվեր է ստանում Ադմիրալ մականունով մի չեխ մեծահարուստից՝ վերջինիս նորակառույց հյուրանոցի պատին որմնանկար անելու։ Շեքսպիրը, Հեմինգուեյը, Բուլգակովը, Դոստոեւսկին եւ մյուսները չեխ օլիգարխի ու հայ նկարչի թեթեւ ձեռքով քեֆ են անում մի սեղանի շուրջ։ Անիրական բան է, իսկական ցնդաբանություն։ 

«Մի օր ես քեզ համար օղի կլցնեմ ու կպատմեմ պատկերներ, որոնք ինչքան կատարված, նույնչափ էլ անիրական կլինեն»։

Բայց վերոնշյալը միայն երկրորդական իրադարձություններ են Ռաֆի չեխական ներկայում։ Չեխերի նախագահի անունը կրող Միլոշը անթրաշ, ցնցոտիավոր, շրջիկ դիմանկարիչ է, որ սրճարանում հայտնվում է Ռաֆի սեղանի մոտ ու առաջարկում նկարել իրեն՝ այդպես դառնալով Ռաֆի չեխական կյանքի առաջին թանկ ձեռքբերումը։ 

«Դու ինձ կպատմես, որ ինչ-որ մեկը հանել է քեզ իր մտքից, վիժել է սեփական էությունն ու ապրում է մի տանը, որի պատուհաններից միշտ լույս է վառվում, բայց դուրս նայող չկա։ Իսկ ես քեզ կսովորեցնեմ չխանգարել մարդկանց...»

Հայկական ռեստորանի տնօրեն Զառան իր շլացուցիչ գեղեցկությամբ, երկար վարսերով ու «մարդկային ուրախությունների պես» կարճ շրջազգեստով առաջին իսկ օրից սահուն կերպով ձուլվում է Ռաֆի գինովցած, թմրած իրականությանը։ Միլոշն ու Զառան, մի քիչ էլ վաղեմի ընկեր Իվանը՝ ահա այն բարակ թելերը, որ Ռաֆին պահում են ոտքի այդտեղ, ինչպես ժամանակը ցույց կտա՝ ոչ այնքան ամուր կերպով։ 

«Անտարբերությունը կարծես ոչ թե սովորություն կամ բնավորություն է նրա մոտ,  այլ ձեռքբերովի անբուժելի հիվանդություն, որի մասին քիչ առաջ էին հայտնել»։

Սոֆիի կերպարը դեռ ոչ ոք ու ոչինչ չի կարողացել ջնջել նրա մտապատկերից։ Հայացքում դաջված անցյալ, որից փրկվելու նկարչի միակ ճանապարհը «սպիտակ փոշին» է, թվում է՝ բոլորից աննկատ է քաշում քիթը։ Այնինչ նա դեռ պետք է փրկի՝ Միլոշին անճանաչելիությունից, Զառային՝ ինքնակործանումից։ Ռաֆի՞ն ով կփրկի։

«...Վստահ է, որ իր չներվելը գալիս է անմնացորդ նվիրումից, բոլոր բջիջներով սիրելուց։ Գիտակցում է երեւի, որ էդ սերն ու նվիրումը գրքերից հանած հերթապահ խոսքեր են, հասկանում է, որ սիրելու համար  ջանք թափել հարկավոր չէ, ընդամենը պիտի մի քիչ մաքրասեր լինես,  մի քիչ էլ զզվող՝ ուրիշ մաշկերից, ուրիշ ձայներից, ուրիշ ստերից։ Սերն, ոչ այլ ինչ է, քան ամենասովորական հիգիենա»։

Երբ աչքիդ առաջ մարդկային կյանքը ճզմվում, քամվում է լիմոնի պես, երբ կործանումը կանխորոշված է եւ ավարտը  միակ փրկությունն է։ Երբեմն մարդիկ, որոնց հարազատ ես կարծում, դժբախտությունը, որ քեզնից հեռու ես համարում, պատահականությունը, որ ուրիշ պարագայում զավեշտալի կկարծեիր, խոսքերը, որ չէիր ցանկանա երբեւէ ասել, կամ չասված բառերը, որ այդպես էլ հասցեատեր չեն գտնի, կուտակվում են իրար, լցվում իրար գլխի, իրար հերթ չտալով խցկվում կյանքիդ մեջ։ Հանձնվելը երանություն է դառնում։

«Ափսոս ես պարտվելու համար, ափսոս ես մեռնելու համար։ Գլխիցդ հանիր ներողամիտ լինելու մասին մարդկանց զառանցանքները, մի թուլանա սրանց առաջ, թող դրածդ ամեն քայլից գետինը ճաք տա»։

Էդգար Կոստանդյանը փոքրածավալ վեպ է գրել մարդկային ապրումներից ամենամեծի՝ կորստի ցավի մասին, կորցնելով՝ չգտնելու, կորցնելով՝ ինքդ քեզ մոտ ճանապարհը էլ չտեսնելու մասին։ Միեւնույն ժամանակ չափազանց կյանքային այս գրքում շատ ուժ կա, ուժ առ այն, որ փորձենք ինքներս մեզ ճանաչել հերոսներից յուրաքանչյուրի մեջ։ Հետաքրքիր է, որ հեղինակը վեպն անվանել է ոչ թե գլխավոր հերոսի, այլ, ֆիլմային բառապաշարով ասած, երկրորդական պլանի դերակատարի անունով։

Միլոշը, որ ապրում է ի սկզբանե հանձնված լինելով կյանքի պատահականություններին, Ռաֆը, որ շարունակում է ապրել ամեն օր ինքն իրեն պարտվելով, Զառան, որի ամեն օրը պայքար է, բայց չգիտի էլ հանուն ինչի եւ ում դեմ՝ Կոստանդյանի հերոսները առանձին-առանձին հավաքական կերպարներ են, բայց հետաքրքիր է նաեւ նրանց դնել մեկ խճապատկերի մեջ ու տեսանելի կդառնա մեկ մարդու դիմագիծ, որը հաստատ կճանաչենք՝ հայելու մեջ նայելով։

Ի վերջո, Էդգար  Կոստանդյանի «Միլոշը» հաստատ արժանի է ուշադրության, գոնե նրա համար, թե տղամարդկային ապրումները որքան նուրբ կարող են լինել ու որքան սիրուն պարզության մեջ կարող են ներկայացվել։

«Ես քեզ համար օղի կլցնեմ ու կպատմեմ, որ սերն ամենասովորական ու մարդկային հոգատարություն է միայն, ոչինչ ավելի։ Կպատմեմ, որ բոլոր կանայք, ովքեր սիրել են ինձ, գեղեցիկ աչքեր են ունեցել, խնամված հոգի ու դատարկ գլուխ։ Դու կժպտաս կամ չես ժպտա, կծիծաղես կամ չես ծիծաղի, բայց ուշադիր կլսես, որովհետեւ ես լավ եմ պատմում, որովհետեւ ինձնից լավ, ոչ ոք չի պատմի»։ 

Էդգար Կոստանդյանի «Միլոշ» վեպը հրատարակել է «ԳրաՏուն»-ը։ վաճառվում է «Բուկինիստ» գրախանութներում։ Գինը՝  4500 դրամ։

Անի Հակոբյանը լրագրող է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին