Ինչ գիտենք եւ ինչ չգիտենք. ամուսնության անատոմիա - Mediamax.am

Ինչ գիտենք եւ ինչ չգիտենք. ամուսնության անատոմիա
2145 դիտում

Ինչ գիտենք եւ ինչ չգիտենք. ամուսնության անատոմիա


                                                   Խավիեր Մարիաս. «Այնքան սպիտակ սիրտը» 


                                                                    Javier Marías 'Corazón tan blanco'

 

Պատահում է, որ մարդու կյանքում եռանկյունին գծվում է անցյալի, ներկայի ու ապագայի միջեւ: Պատահում է, որ մարդու կյանքը հոսում է, բայց չի շարունակվում: Պատահում է, որ մարդը, բախվելով անցյալի, ներկայի կամ ապագայի սուր անկյուններից մեկին, կանգ է առնում, անշնչանում: Ու մարդուն մնում է միայն խրվել ժամանակի լճացման մեջ՝ ժամանակի հետ էլ ավելի խորը: 

 

Ո՞րն է այդ պահը, երբ մարդը դադարում է ապրել, թեպետ ֆիզիկապես ներկա է, թեպետ սովորել է բոլորից լավ մանեւրել կյանքի սուր անկյուններից, թեպետ բոլորի հիացմունքի ու սիրո օբյեկտն է, թեպետ վաղուց նրան ոչինչ չի հիացնում, ոչ ոքի համար էլ չունի սեր:  

 

Մադրիդյան ջերմ երեկո: Ընտանեկան ընթրիք ընկերական շրջապատում: Ու կրակոց, որ հնչում է լոգասենյակում: Ու նորապսակ կին, որ լուռ վեր է կենում ընթրիքի սեղանի մոտից, վերցնում է հոր ատրճանակը, կրակում այնքան սպիտակ դարձած իր սրտին: Թերեզա Ագիլերան ինքնասպան է լինում ամուսնական ճանապարհորդությունից վերադառնալուց հետո: Ողբերգությունն անըմբռնելի ու առեղծվածային էր բոլորի համար, իսկ Ռանսի հետ նրա երջանկությունն այնքա՜ն մաքուր էր թվում: Այդ կրակոցն այն պահն էր, երբ Ռանսի կյանքը դիպավ ներկայի սրածայր անկյանն ու կանգ առավ: Այլեւս կարեւոր չէին ոչ անցյալը, ոչ ապագան:

 

Կուբայական տոթ ցերեկ: Լա Հավանայի հյուրանոցներից մեկի պատուհանի մոտ կանգնած Խուանը հսկում է կնոջ քունը: Նոր են ամուսնացել, դեռ անսովոր է լսել Լուիսայի շնչառությունը նույն բարձին, որի վրա ինքն է քնում: Իսկ հետո ի՞նչ՝ հարցրել էր հայրը՝ Ռանսը Լուիսայի հետ ամուսնանալու օրը: Իսկ հետո ամուր ոտքերով թխամաշկ Միրիամը, որ մեծ պայուսակը թեւի տակ, դիմացի մայթից նայում էր իրենց պատշգամբին ու սպառնալիքներ բղավում՝ «դու իմն ես», «այստեղ արի», «ինձ հետ՝ թեկուզ դժողքում»: Եվ բումերանգի պես հետ շպրտված անցյալ, որտեղ դադար է առնում ներկան: 

 

«Ամենավտանգավորը` լսելն է, քանի որ լսել նշանակում է իմանալ, տեղյակ եւ տեղեկացված լինել: Հավանաբար, ականջները թարթիչների կարիք ունեն, որպեսզի, բնազդաբար թարթվելով, փակվեն` այդ կերպ պաշտպանվելով արտաբերվող խոսքերից, այլապես չեն կարող խուսափել լսել այն, ինչ ենթադրվում է, որ պետք է լսեն, երբ այլեւս ուշ է լինում չլսելու համար»:

 

Խոսքեր, որ չպետք է հնչեին ու չպետք է լսվեին: Գաղտնիք, որ դադարում է այդպիսին լինել հենց պատմվում է երկրորդին: Հայր եւ որդի, որոնց միջեւ ապագայի կամուրջ գցելու կարիք կա: Որքանո՞վ ենք ճանաչում մեր կողքի մարդուն, հենց մարդուն, ոչ թե ծնողի, ամուսնու, կնոջ կերպարը: Կարող է այդպես էլ մինչեւ վերջ չճանաչենք անգամ մեր ծնողներին: Մի օր պարզվում է, որ այն, ինչ գիտենք նրանց մասին, ոչինչ է այն ամենի համեմատ, ինչ չգիտենք: 

 

«Միասին չանցկացրած այն օրն այլեւս չենք անցկացնի միասին, եւ այն, ինչ տվյալ պահին ուզում էին մեզ ասել հեռախոսով, երբ մենք չպատասխանեցինք հեռախոսազանգին, այլեւս երբեք չի ասվի այն նույն խոսքերով, որոնցով ուզում էին ասել, ոչ էլ նույն հոգեվիճակով. արդեն ամեն ինչ փոքր-ինչ կամ ընդհանրապես այլ կլինի եւ միայն այն պատճառով, որ մենք համարձակություն չունեցանք վերցնելու հեռախոսը»: 

 

Ժամանակակից իսպանացի գրող, թարգմանիչ, լրագրող Խավիեր Մարիասի «Այնքան սպիտակ սիրտը» ամուսնության անատոմիա է: Սեր ասվածի սահմանում՝ ըստ հեղինակի։ Սեր, որը տարբեր է մինչեւ ամուսնանալը, ամուսնության ժամանակ, ու դրա ավարտից հետո: Վերլուծություններ, որոնց հետ կարող ես չհամաձայնվել, բայց դրանց մասին չմտածել անհնար է։ 

 

«Որքան զույգեր կան, որ իրականում զույգ չեն, պարզապես նրանից մեկը մյուսին պարտադրում է սիրել իրեն, որ պետք է միասին լինել, եւ ստիպում է մյուսին, որ վերջինս էլ նույն բանը ցանկանա»:

 

Խավիեր Մարիասի մասին իսպանալեզու գրականության վարպետ Մարկեսը ասել է, թե նրա գիրը անվիճելիորեն ինտելեկտուալ է, ու որ հեղինակը կատարյալ է տիրապետում խոսքի կախարդանքին: Մարկեսի բնորոշումը հեղինակի ինտելետի մասին դիպուկ է: Բայց պետք է խոստովանել, որ Մարիասը մոնոտոն է հնչում, երկար է բացատրում սյուժեից դուրս թեմաները, օրինակ՝ թարգմանչի աշխատանքի մասին ծավալուն նկարագրություններ անում: Գուցե դա էլ է վարպետություն, երբ ունես ընթերցողին անմիջապես կլանող սցենար, բայց ստիպում ես նյարդայնանալ գործողությունների բացակայությունից: 

 

Չշտապեցնող, դադարներ պահանջող գիրք է Խավիեր Մարիասի «Այնքան սպիտակ սիրտը»՝ միշտ ակտուալ թեմաներով՝ սեր, ամուսնություն, եռանկյունի:

 

ՀԳ. Իսպաներենից թարգմանությունը՝ Ռուզաննա Պետրոսյանի: Հրատարակությունը՝ «Անտարես»: Գինը՝ 4490 դրամ:  

 

Անի Հակոբյանը լրագրող է:

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին