Գնա՞լ Բաքու, թե՞ չգնալ… - Mediamax.am

Գնա՞լ Բաքու, թե՞ չգնալ…
12440 դիտում

Գնա՞լ Բաքու, թե՞ չգնալ…


Քանի որ բոլորը արդեն արտահայտվել են “Եվրատեսիլ 2011”-ում Հայաստանի անհաջողության եւ հատկապես մեր հարեւաններից մեկի “անսպասելի” հաղթանակի մասին, ես էլ արտահայտվեմ:): 

1. Ինչ էլ խոսեն Էմմիի պարտության մասին, թե երգն էր վատը, վատ էր երգում, քվեարկությունն ազնիվ չէր, Սփյուռքը չի քվեարկել, մեր հարեւաններն էին “սարքել” գլխներիս եւ որ, ի վերջո, ի՞նչ մի մրցույթ է որ, պետք է համաձայնենք, որ տեղեկատվական առումով սա ոչ միայն Էմմիի, այլեւ բոլորիս պարտությունն է` թե Հայաստանի, թե ողջ հայության, այն պարզ պատճառով, որ այս մրցույթը, անկախ իր որակական հատկանիշներից, ցուցադրում են ավելի քան 50 ազգային հեռարձակողներ Եվրոպայում, իսկ հիմա նաեւ ամբողջ աշխարհում: Իսկ դա նշանակում է, որ այն դիտում են միլիոնավոր, եթե ոչ միլիարդավոր, մարդիկ ողջ աշխարհով մեկ: Եվ, ուրեմն, այս տարի մենք կորցրինք այդ լսարանին որեւէ տեղեկություն, նույնիսկ տեսաձայնային, փոխանցելու շանսը: 

2. Ինձ համար առնվազն անհասկանալի է հայաստանյան պատվիրակության պահվածքը, երբ սկզբից հայտարարում են, թե բողոքարկել են առաջին փուլի արդյունքները, երեք օր լարվածության մեջ պահում հայությանը, ապա հայտնում, որ ոչ մի բողոքարկում էլ չի եղել, իսկ բացատրությունը կտանք Երեւան վերադառնալուց հետո: Կարծում եմ, երբեմն պարտությունն օգտակար է այն առումով, որ անհրաժեշտություն է ստեղծում վերլուծելու սխալներն ու թերությունները` դրանք հետագայում չկրկնելու համար: Այնպես որ, պարտությունն էլ է պետք պատվով ընդունել եւ մարդկանց շփոթության մեջ չգցել:

3. Տարօրինակ եմ համարում նաեւ Նադեժդա Սարգսյանի պահվածքը, որը “Ֆեյսբուքի” իր էջում ամեն ինչում մեղադրում է “օբիժնիկներին”, որոնք էլ երեւի փչացրել էին նրա դստեր միկրոֆոնը: Կարծում եմ, տիկին Նադեժդան սխալ է հասկացել, թե ում էր ներկայացնում Էմմին այս մրցույթում: Դա ոչ թե իր ընտանիքն էր եւ նույնիսկ ոչ էլ Հանրային հեռուստատեսությունը, այլ Հայաստան պետությունը, եւ պետք է արժանապատվորեն կրել այդ պատիվը: Հարկավոր է հասկանալ, որ հնարավոր չէ բոլորին սիրելի լինել եւ թեթեւ վերաբերվել քննադատությանը:

4. Ինչպես ասվում է ժողովրդական հայտնի անեկդոտում, “դարդերս քիչ էին, հարեւանս էլ ավտո առավ”: Ադրբեջանը հաղթեց, չնայած բոլորը սպասում էին Ֆրանսիայի հաղթանակին: Այժմ անիմաստ է քննարկել, արդյոք Եվրոպան է գժվել, թե Ադրբեջանն է ամենուրեք բազմաթիվ անվճար հեռախոսաքարտեր բաժանել իր օգտին քվեարկելու համար եւ “կաշառել” պրոֆեսիոնալ ժյուրիները: Ինչ էլ որ արած լինեն, հալալ է, քանզի ոչ մեկ չէր խանգարում տարիներ շարունակ նույնը մեզ անել: Ավելին, Սփյուռքի կարողությունները հաշվի առնելով, հաղթելու մեր հնարավորությունները գերադասելի են թվում: Սակայն առավել կարեւոր է, որ ոչ ոք չի խանգարում անել դա նաեւ ապագայում, պետք է պարզապես ուսումնասիրել հաղթած երկրների փորձը: 

5. Սակայն թիվ մեկ հարցը, որն առաջիկա շաբաթներին ամենաթեժ քննարկման առարկա է դառնալու, այն է, թե պե՞տք է արդյոք Հայաստանը մասնակցի Բաքվում կայանալիք “Եվրատեսիլ 2012”-ին: Եվ եթե այո, ո՞վ պետք է ներկայացնի մեր երկիրը եւ ի՞նչ երգով: Իմ անձնական եւ խիստ սուբյեկտիվ կարծիքով, աշխարհին սեփական խիզախությունը ցուցադրելու նման հնարավորությունից հրաժարվելը պարզապես հիմարություն կլինի: Ասեմ ավելին. իմ պատկերացմամբ, դա պետք է լինի ղարաբաղյան արմատներ ունեցող մեր տղամարդ երգիչներից մեկը, ասենք, Ռազմիկ Ամյանը, Տիգրան Պետրոսյանը, Արսեն Սաֆարյանը, Անդրեն կամ Վարդան Բադալյանը /եթե նրանցից որեւէ մեկը համաձայնի/: Մեր մասնակիցն անպայման պետք է երգի հայերեն լեզվով, ցանկալի է, որ մեղեդին եւս հայկական տարրեր պարունակի: Համոզված եմ, որ նման դեպքում հայկական մասնակցությունը կլինի գալիք մրցույթի թիվ մեկ թեման, իսկ մեր Սփյուռքը դրան կհետեւի կրկնակի ուշադրությամբ: Գուցե նաեւ քվեարկի… Սակայն սա իրոք այն դեպքն է, երբ մասնակցությունն ավելի կարեւոր է, քան հաղթանակը:):

6. Հայաստանի չմասնակցելը կարող է էլ ավելի մեծ քաղաքական դիվիդենտներ բերել մեզ, սակայն միայն այն պարագայում, եթե ինքը` Ադրբեջանը, ինչ-ինչ պատճառներով հրաժարվի ընդունել հայաստանյան պատվիրակությանը` ասելով, որ, ասենք, չի կարող ապահովել հայ մասնակցի անվտանգությունը: Այդ դեպում կարող է լինել նույնը, ինչ տարիներ առաջ եղավ Բաքվի մերձակայքում նախատեսված ՆԱՏՕ-ի զորավարժության պարագայում. այն պարզապես չկայացավ: Ադրբեջանը հրաժարվեց ընդունել մեր պատվիրակությանը, իսկ ՆԱՏՕ-ն հայտարարեց, որ իր համար դա անընդունելի է, եւ չեղյալ հայտարարեց միջոցառումը: Համոզված եմ, որ ադրբեջանական կողմը հասկանում է այս վտանգը եւ ոչ մի դեպքում չի հրաժարվի մրցույթի անցկացումից, նույնիսկ եթե հայ մասնակիցը բեմ դուրս Հայաստանի զինված ուժերի ռազմահագուստով:):

Անկախ ամեն ինչից, արդեն պարզ է, որ այսօրվանից ի վեր Հայաստանի մասնակցությունը հաջորդ “Եվրատեսիլին” ամենաքննարկվող թեման է լինելու այդ մրցույթին հետեւողների համար: Եվ հարկավոր է արդյունավետ օգտագործել այս շանսը:

Դավիթ Ալավերդյանը Մեդիամաքսի գլխավոր խմբագիրն է, ինչպես նաեւ “Տեղեկատվական պատերազմներ” առարկա է դասավանդում ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում:        

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին